«Հայաստանում քաղբանտարկյալների թիվը հասավ 18-ի»,- այսօր Ազատության հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հրավիրած հանրահավաքում հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Վարդան Հակոբյանը: Ու մինչ բանախոսը հնչեցնում էր անունները`ներառելով Շանթ Հարությունյանին, Հայկ Կյուրեղյանին եւ այլոց, հավաքվածները ծափահարում էին:
«100 տարի առաջ 1,5 միլիոն մարդ սպանվեց, հիմա երկու միլիոն մարդ է Հայաստանից արտագաղթել: Ի՞նչ տարբերություն հարյուր տարի առաջ կատարվածի ու ներկայիս իրադարձությունների միջեւ»,- հայտարարեց Վարդան Հակոբյանը`հեգնելով իշխանություններին. «Ու աշխարհից սրանք Ցեղասպանության ճանաչում են մուրում»: «Հայաստանի իշխանությունն է Ցեղասպանության ճանաչման հիմնական խոչընդոտը»,-կարծում է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ու հարցնում, թե ո՞ւմ համար պիտի ճանաչվի Ցեղասպանությունը. «Պուտինի ծառաների եւ ստրուկների համա՞ր պիտի ճանաչվի: Մենք կրկին ստրկացած ենք, գաղութ ենք: Ազատությունն ու անկախությունը վաճառվում է կամ տրվում է վարձով, ինչպես ամեն երկրորդ տունը մեր երկրում»: Նա կարծում է, որ Հայաստանի «դավաճան» իշխանությունները հանձնել են մեր երկիրը ռուսներին եւ դեռ ամպագոռգոռ բառեր են ասում եւ խոսում են Ցեղասպանության մասին:
Տիգրան Խզմալյանը «կարմիր գիծ» է համարում այն, որ Հռոմի Պապը չգնաց Վատիկանում Հայաստանի դեսպանության կազմակերպած ճաշին ու ապրիլի 24-ին չի գա Հայաստան: Պապի ուղերձն, ըստ Խզմալյանի, այս էր`գլուխ ենք խոնարհում հայ ազգի առջեւ, բայց չենք ուզում ձեռք սեղմել այդ ազգը ստրկացնող ռեժիմի հետ: Նա սկսեց վանկարկել «Ազատ, անկախ Հայաստան»: Հավաքվածները միացան նրան:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արա խուդավերդյանն էլ`Կոռնիձորի Արոն փաստեց. «Ցավով եմ դիտում, որ քիչ ենք, բայց կանգնածներս հայ ենք»: «Ազատամարտիկների դաշինքի» անունից քաղբանտարկյալներին իր զորակցությունը հայտնեց: Նա հիշեցրեց, որ «Ազատամարտիկների դաշինքը» նախապես հայտարարել էր, որ մինչեւ ամսի 24-ը որեւէ միջոցառում չի անելու, բայց այսօր, հարկ են համարել այս հանրահավաքին իրենց մասնակցությամբ`զորակցել ազատազրկված ընկերներին: «Անհամոզիչ են պաշտոնական բոլոր փաստարկները, որոնց համար կալանավորվել են ազատամարտիկները»,- ասաց նա`կոչ անելով իշխանություններին`ընդունել «Ազատամարտիկների դաշինքի» կարգախոսը`«100-ամյակն առանց քաղբանտարկյալների» Ազատության հրապարակում հնչեց նաեւ «Հիմնադիր խորհրդարանի»`Գյումրիի հանրահավաքում այժմ ազատազրկված Պավլիկ Մանուկյանի խոսքը`ուղղված «մոլորյալ ոստիկաններին եւ սադրիչ երիտասարդներին»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վարդան Հակոբյանի խօսքերը այլեւս կապ չունեն իսկ Հայաստանի իշխանութեանց հետ, այլ հիմնականօրէն՝ ուղղակի յարձակում մը կը հանդիսանան Հայ Դատի դէմ: Մի հատ եւս կարդացէք, խնդրեմ, այս տեսանկիւնից:
Այստեղ վնասը այլեւս չի վերաբերում Ցեղասպանութեան ոգեկոչման, միայն, այլ՝ Հայաստան-Սփիւռք ազգային միութեան էական խնդրին:
Արտասահմանի հայերը, նամանաւանդ Արեւմտեան երկիրներում, վարժ չեն Հայաստանուն տիրող մի որոշ… ֆոլկլորի: Յատկապէս, արտայայտութիւնների գերզգացական բնոյթին, յուզական սայթաքումներին, ոճային ծայրահեղութեան, եւայլ.
Այսպիսի ելոյթներ անպայման խորացնելու են Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ խրամատը, վատթարացնելու՝ այդ գետնի վրայ փոխադարձ անհասկացողութիւնը: Մեր համահայկական ազգային միութեան դէմ ծանր հարուած է ասիկա:
Մէջբերում՝ «Ի՞նչ տարբերություն հարյուր տարի առաջ կատարվածի ու ներկայիս իրադարձությունների միջեւ»…
Պահ մը մտածենք, այս մասին… Աներեւակայելի խոսքեր…
Անկարելի է հաւատալ որ այս խմբակին բոլոր անդամները համաձայն են այսպիսի հաստատումների… Լսո՞ւմ են, թէ ինչ բաներ են ասվում, իրենց անունով…
Կատարուածը այլեւս աններելի է:
Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
https://www.shoushisummercamp.org/
..