ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին նվիրված բաց դաս անցկացրեց:
«Հռչակագիրն աննախադեպ, համահայկական, պատմական մի իրադարձություն է, որի մասին պետք է իմանան մեր երեխաները: Այն յուրահատուկ փաստաթուղթ է մի քանի պատճառներով. նախևառաջ, համահայկական է, իսկ մեր երկրի նորագույն պատմության մեջ շատ չեն դեպքերը, երբ ի վիճակի ենք եղել ստեղծել համազգային բնույթի, իղձերի, պահանջատիրության և նպատակների միաձուլման միասնական փաստաթուղթ: Երևի թե, կարող ենք զուգահեռ անցկացնել բացառապես Անկախության հռչակագրի հետ, որն իր պատմական բնույթով կարևորագույն, ճակատագրական փաստաթուղթ է, բայց համահայկական չէ: Իսկ 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրն ստեղծվել է համայն հայության հիմնական կառույցների ներգրավմամբ՝ պետական և հանրային, կուսակցական և կրթական, հասարակական և անհատական նախաձեռնությունների, առաջարկությունների շնորհիվ: Որպես Ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի անդամ՝ ես պատիվ եմ ունեցել ներգրավված լինելու այդ փաստաթղթի ստեղծման աշխատանքներին և կարող եմ ձեզ վստահեցնել, որ այն ստեղծվել է համայն հայության ջանքերով»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ Հռչակագիրն այսօր արդեն ունի և ապագայում էլ կունենա ահռելի համազգային նշանակություն. «Իրավական տեսակետից հռչակագրում առաջին անգամ հստակ թվարկված են միջազգային իրավունքի այն բոլոր իրավական հիմքերը, որոնք ոչ միայն ուժեղացնում են մեր պահանջատիրությունը, այլև հստակ ձևակերպում են մեր ակնկալիքներն ու անելիքները ինչպես ինքներս մեզանից, այնպես էլ միջազգային հանրությունից»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այսօր արդեն Հռչակագիրն օգտագործվում է որպես իրավական ու քաղաքական հիմք տարբեր միջազգային կառույցներում Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված բանաձևերի, հռչակագրերի և ելույթների համար. «Եվրախորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված բանաձևում, օրինակ, օգտագործված են հատվածներ և մտքեր այս հռչակագրից, իսկ Եվրոպական ժողովրդական կուսակցության կողմից ընդունված բանաձևը գրեթե 90%-ով կրկնել է Հռչակագրի դրույթները: Հազիվ թե մոտ ապագայում որևէ այլ փաստաթուղթ կարողանա իր կարևորությամբ ու հնչեղությամբ համեմատվել այս պատմական փաստաթղթի հետ»,- ասաց Ա. Աշոտյանը:
Իսկ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, փոխհատուցման առավել մեծ հնարավորությունների համար, ըստ նախարարի, նախ պետք է կառուցել ուժեղ պետություն. «Առանց ուժեղ ՀՀ-ի և ԼՂՀ-ի հնարավոր չէ խոսել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դրա հետևանքների վերացման մասին, որովհետև պահանջատեր կարող է լինել միայն այն ազգը, որը, նախևառաջ, հայրենատեր է: Արձանագրենք, որ ՀՀ-ն այսօր ունի բավարար արտաքին քաղաքական կշիռ, որպեսզի պահանջատեր լինի իր պատմական իրավունքներին, հետևողական՝ իր քաղաքական իրավունքների և համառ՝ իր անվտանգության պահպանման հարցերում»,- ընդգծեց նախարարը:
Դառնալով Հռոմի պապի կողմից Վատիկանի Ս. Պետրոսի տաճարում մատուցված պատարագին՝ Ա. Աշոտյանն այն համաշխարհային նշանակության իրադարձություն համարեց և ավելացրեց. «Առհասարակ, նման հարցերում դժվար է սահմանազատել վիշտն ու հպարտությունը. մի կողմից մենք ոգեկոչում ենք մեր զոհերի հիշատակը՝ դա անելով քրիստոնեական աշխարհի այլ եկեղեցիների հետ և դրա կենտրոններից մեկում, մյուս կողմից էլ հպարտություն ենք զգում, որովհետև այդ օրը դուդուկ էր հնչում Ս. Պետրոսի տաճարում, որովհետև մեր Վեհափառն ու Արամ Ա. կաթողիկոսը բարձրաձայնում էին մեր հոգևոր և քաղաքական տեսակետները և պահանջատիրական ելույթներ ունենում, որովհետև այդ օրը ողջ աշխարհն էր մեզ նայում, և նա դեռ երկար ժամանակ կխոսի այդ իրադարձության քաղաքական հետևանքների մասին»,- ասաց Ա. Աշոտյանը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ