Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրյանը՝ Արցախի ընդդիմությանը. «Հասցեատիրոջը թո՛ղ կոնկրետ նշեն»

Ապրիլ 17,2015 19:06

Վարդգես Բաղրյանը բացառում է, որ հեռուստաընկերությունը մեկին ավելի շատ ժամանակ տա, մյուսին՝ ավելի քիչ

«Լեռնային Ղարաբաղում նախընտրական նորմալ մթնոլորտ է, շփվում ենք մեր մրցակից կուսակցությունների անդամների հետ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ժողովրդավարական» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանը:

Արցախյան ընդդիմությունը շարունակում է հայտարարել, որ իշխանությունները ճնշում են գործադրում: «Շարժում 88» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, թե  «Ստեփանակերտ Սերվիս» ՓԲԸ-ն մերժել է իրենց դիմումը՝ պաստառ ամրացնել ընկերության երթուղայինների վրա, մինչդեռ ընկերության երթուղայինների վրա ամրացված են իշխանական կուսակցություններից մեկի պաստառները:

«Ես չեմ նկատել: Եթե մեր կուսակցությունը նկատի, որ այլ կուսակցություններին այդ իրավունքը տալիս են, մյուս կուսակցություններին չեն տալիս, նույնպես պետք է  բողոքենք: Բայց ես նման  բան չեմ տեսել»,- «Շարժում 88» կուսակցության հայտարարության մասին ասաց նա:

Վարդգես Բաղրյանը, անդրադառնալով ընդդիմադիր կուսակցությունների հայտարարություններին, ասաց. «Եթե ունեն փաստեր, թե մեր կուսակցությունն ինչ-ինչ ճնշումներ է գործադրում՝ ընդդիմության նկատմամբ, թո՛ղ ասեն, թո՛ղ փաստեր բերեն, իսկ եթե մեկ այլ կուսակցություն է այդ ճնշումները գործադրում, թո՛ղ դարձյալ ասեն: Օրինակ՝ եթե ԱԺԿ-ն է անում ինչո՞ւ պետք է Դաշնակցությունը եւ Ազատ հայրենիքը դրանից տուժեն, կամ եթե մեկ ուրիշն է անում, ինչո՞ւ 2 ուրիշը պիտի տուժեն: Հասցեատիրոջը թո՛ղ կոնկրետ նշեն»:

Նա հավելեց, որ բոլոր կուսակցությունները 80 րոպե վճարովի եւ 30 րոպե անվճար եթերաժամ ունեն. «Հնարավոր չէ, որ կուսակցություններից որեւէ մեկն ավելի շատ օգտվի, մյուսը՝ ավելի քիչ: Խնդիրն այն է, թե ով ինչքան է  օգտվում վճարովի եթերաժամից: Եթե որեւէ կուսակցություն ամբողջությամբ այդ եթերաժամից չի օգտվում, բնականաբար, հավասարակշռությունը խախտվում է: Բացառվում է, որ հեռուստաընկերությունը մեկին ավելի շատ ժամանակ տա, մյուսին՝ ավելի քիչ»:

Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաստառներն ամրացնելու խախտումներ էր արձանագրել, հետաքրքրվեցինք` այդ խախտումները շտկվե՞լ են, Վարդգես Բաղրյանը պատասխանեց. «Ես եղել եմ բոլոր շրջաններում օրենքով հատկացված վայրերում հանդիպել եմ բոլոր կուսակցությունների պաստառներին: Որեւէ խնդիր չկա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930