13-րդ «Արմմոնո» փառատոնին կդիտենք 31 մոնոներկայացում
Մայիսի 6-11 Երեւանում արդեն 13-րդ անգամ կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը: «Խորհրդանշական է, որ 13-րդ փառատոնին ունենք 31 ներկայացում»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը: Նաեւ հավելեց, որ բացի ավանդական դարձած «Արմմոնո տրիումֆ» եւ «Արմմոնո դեբյուտ» խորագրերից, այս տարի կունենան «Դասարան» խորագիրը: Վերջինիս ներքո հանդես կգան 13-14 տարեկան երեխաներ՝ փոքրիկ ներկայացումներով: Ինչ վերաբերում է «Արմմոնո դեբյուտին» այն կընդլայնվի Երեւանի կինոյի եւ թատրոնի հետ համագործակցության արդյունքում. Հրաչյա Ղազարյանի կուրսը հատուկ փառատոնի համար պատրաստել է 5 մոնոներկայացում:
«Դեբյուտ» խորագրի ներքո ի թիվս այլոց, հանդես կգան Նորա Գրիգորյանը, Հռիփսիմե Շահինյանը, Արինե Սուքիասյանը: Ընդ որում, Արինեի մոնոներկայացումը համատեղ է իրանական կողմի հետ:
Մարիաննա Մխիթարյանը հայտնեց, որ «Արմմոնոյի» շրջանակներում հանդես կգա Հասմիկ Տեր-Կարապետյանը, Գոռ Մարգարյանը Արեգ Գեւորգյանի հետ կվերականգնի իր «Լյուսիեն Լյուկ» ներկայացումը, Զարուհի Խաչատրյանի ներկայացումը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Կտեսնենք նաեւ Արա Գեւորգյանի, Նորա Բադալյանի նոր մոնոներկայացումները, Ագնեսա Շահնազարյանինը, Անահիտ Մութաֆյանինը, իսկ Արամ Գյուրջյանը շատ հետաքրքիր մեկնաբանություն կունենա ՝ ըստ Պուշկինի «Մոցարտ եւ Սալիերիի» , ավելի շուտ դա կլինի Սալիերիի մամուլի ասուլիսը՝ skype-ով: Ներկայացումներ կլինեն ԱՄՆ-ից, օրինակ Բրեմներ Ֆլետչերի «Կաբարե ներկայացումը, Իրինա Եվդոկիմովան երկու ներկայացում կբերի՝ «Штосс»-ը եւ «Սպիտակ վալսը» :
Կարդացեք նաև
Ըստ մեր զրուցակցի` ինքնատիպ մոնոներկայացումներ կլինեն Լեհաստանից, Բելառուսից, Բուլղարիայից եւ այլ երկրներից: Այս տարի «Արմմոնոն» ունի նաեւ «Արաբական օր»:
Փառատոնը կրկին կպատվեն հանրահայտ մոնոներկայացումների փառատոների տնօրեններ՝ Գերմանիայից, Ուկրաինայից ու այլ երկրներից: Արդեն 50-ամյա Վրոցլավի մոնոներկայացումների փառատոնի տնօրենն էլ կժամանի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Մարիաննա Մխիթարյանի լուսանկարը՝ www.kino-teatr.ru-ի
Ձևական բաներ են: