Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտ-թանգարանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերապրած ձեռագրեր» ցուցադրության բացմանը և «Քեմալական կոտորածներ» ֆիլմի շնորհանդեսին:
Հանրապետության Նախագահը բացման արարողության ընթացքում ձեռագիր է նվիրաբերել Մատենադարանին։ Այն 17-րդ դարի մեծարժեք նկարազարդ Ավետարան է՝ ավետարանիչների էջադիր մանրանկարներով, կիսախորաններով և լուսանցազարդերով: Կոչվել է Կարմիր Ավետարան: Ունի հետագա դարերի ուշագրավ հիշատակարաններ, որոնցից, պարզվում է, որ ձեռագրի տերը՝ տիրացու Սահակը, 1752թ. նվիրաբերել է այն Ղարսի Սուրբ Հովհաննես եկեղեցուն: 19-րդ դարում ձեռագիրը անցել է ձեռքից-ձեռք և 20-րդ դարում հայտնվել Ջավախք աշխարհի Ճալա գյուղում, Բաղդասար Շահբասովի մոտ, որը մինչ այդ 1918թ. փրկել էր այն թուրք հրոսակների շրջապատումից՝ դուրս բերելով և տեղափոխելով եկեղեցուց:
Սերժ Սարգսյանը «Վերապրած ձեռագրեր» ցուցադրության բացման կապակցությամբ միջոցառմանը ներկա Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր հայրերին, Մատենադարանի տնօրենին և բոլոր մատենադարանցիներին ուղղված իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել հայագիտական այս կենտրոնում ծավալած մեծ աշխատանքի համար, ընդգծելով, որ հաստատությունն իր ստեղծման օրվանից գեթ մի պահ չի դադարեցրել գործունեությունն ամենադժվարին օրերին: «Երբ արդեն Մատենադարանի համար ստեղծված են զարգացման լավագույն պայմաններ, ես շատ ուրախ և շնորհակալ եմ, որ դուք ձեռքբերածով չեք հանգստացել, չեք թուլացել, այլ նոր ուժով և նոր եռանդով լծվել եք գործի: Այստեղ պահվում է մեր ժողովրդի դարերով ստեղծած գանձերի մի մասը, և չափազանց կարևոր է այդ գոհարների ամբողջական ուսումնասիրությունն ու ամփոփ տեղեկության տարածումը»,-ասել է Նախագահը:
Խոսելով Օսմանյան Թուրքիայի կողմից անցյալ դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանության նպատակի մասին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ այն շատ հստակ էր՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով մեր պատմական հայրենիքից ջնջել հայի անունը: Առաջին հերթին դրանք մարդիկ էին, բայց նաև մշակույթն էր, որ ստեղծել էին այդ մարդիկ և որի կրողներն էին իրենք: Նախագահի խոսքով, այդ նպատակը հետապնդողները չկարողացան իրականացնել իրենց ծրագիրը շատ պարզ մի պատճառով, որովհետև մեր նախնիներից շատ-շատերի համար ավելի էական էր փրկել մեր մշակութային արժեքները, քան սեփական գույքը, առաջին անհրաժեշտության իրերը և այն հարստությունը, որ նրանք և նրանց նախապապերն ստեղծել էին հարյուրամյակների ընթացքում: «Այս առումով ես ևս ցանկանում եմ երախտագիտության և խոնարհումի խոսքեր ասել Գևորգ Հինգերորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և բոլոր այն եկեղեցականների հասցեին, ովքեր հսկայական ջանքերի, մեծ զոհողությունների գնով կարողացան փրկել գոնե այդ գոհարների մի փոքրիկ մասը: Սա՛ է մեր հավերժության բանաձևը, և ահա այս պատճառով է, որ մենք կարողացել ենք ամեն անգամ կորցնելով, մաշվելով, այդուհանդերձ, անցնել պատմության քառուղիներով և հասնել 21-րդ դար:
Կարդացեք նաև
Հասկանալի պատճառներով այսօր ես չէի կարող այստեղ գալ ձեռնունայն և ինձ հետ բերել եմ 17-րդ դարի մի ձեռագիր, որ կոչվում է «Կարմիր Ավետարան» և որը 1918թ. մեծ ջանքերի գնով հաջողվել է փրկել, դուրս բերել Ղարսից: Այդ ավետարանը գտնվում էր Ղարսի Սուրբ Հովհաննես եկեղեցում գրեթե 170 տարի, և այժմ ես համոզմունքով այս մասունքը հանձնում եմ Մատենադարանին: Ճիշտ է, պարո՛ն Թամրազյան, այս ձեռագիրն իր սկզբնական օջախ չվերադարձավ, բայց վերադարձավ իր համար ամենաապահով տունը, ամենաապահով հանգրվանը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
***
Լրացուցիչ տեղեկություններ
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացված «Վերապրած ձեռագրեր» ցուցադրության մեջ ընդգրկված են բացառիկ ձեռագրեր և արխիվային փաստաթղթեր։ Հա¬տուկ շեշտադրում է ստացել Ամենայն Հայոց Գևորգ V Կաթողիկոսի և նրա կարգադրությամբ ձեռագրերի փրկության առաքելությամբ Արևմտյան Հայաստան ուղարկված հանձնախմբերի գործունեությունը։
Ցուցադրության մեջ առանձնակի տեղ են գրավում Լիմ անապատի վանահայր Հովհաննես Հյուսյանի կյանքն ու գործը, ում ջանքերով Արևմտյան Հայաստանից փրկվել է ավելի քան 1400 ձեռագիր և 12 000 մարդ։
Ցուցադրությունը ներառում է Վասպուրականի, Մուշի, Կարինի և այլ հայկական բնակավայրերից բերված ձեռագրական հավաքածուները, հազվագյուտ արխիվային փաստաթղթեր, այդ թվում՝ հայերի լքյալ գույքերի բռնագրավման հրամանագրեր, Էջմիածնի որբանոցին ու Հովհ. Թումանյանի գործունեությանը վերաբերող լուսանկարներ, Ադանայի Հայոց առաջնորդարանի գրանցամատյաններ, Այնթափի հերոսամարտի լուսանկարներ և այլն։
Հիմնական ցուցադրությունը ևս համալրվել է ցեղասպանությունից փրկված ձեռագրերով։ Բոլոր ցուցադրություններն ունեն գիտական հենք և փոխշաղկապված են։ Ցուցադրություններն ընթանալու են 6 ցուցասրահներում:
Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում «Շողակաթ» հեռուստաընկերության հետ համատեղ Մատենադարանի ներկայացրած «Քեմալական կոտորածներ» վավերագրական ֆիլմը ներկայացնում է 1919-23թթ այն պատմական իրավիճակը, որի ընթացքում թուրքական իշխանությունները Արևմտյան Հայաստանում ու Կիլիկիայում բնաջնջեցին Հայոց Մեծ եղեռնից փրկված և Սիրիայի անապատներից նորից հայրենիք`իրենց տները վերադարձած գաղթականներին:
Ֆիլմի սցենարի հեղինակը Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող Անահիտ Աստոյանն է, ռեժիսորը՝ Արա Շիրինյանը: Ֆիլմը արտադրվել է «Շողակաթ» հեռուստաընկերությունում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ