Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պարտադիր» բառը մուտք է գործում նաև կրթության ոլորտ. նոր օրենքի առաջացրած խնդիրները

Ապրիլ 17,2015 18:14

«Այս օրենքն ընդունելով` ՀՀ իշխանությունները ստանձնում են լուրջ պատասխանատվություն ոլորտում ներդրումներ անել՝ թե′ ֆինանսական, թե′ կրթության կազմակերպման նոր մեխանիզմների առումով»,-այսօր «Մեդիա կենտրունում» «12-ամյա պարտադիր միջնակարգ կրթության ներդրում. առավելություններ և խնդիրներ» թեմայով քննարկմանը այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը: Նա նկատեց, թե այսօր էլ ունենք միջնակարգ դպրոցներ, որտեղ 10-րդցիներին դասի են բերում, երբ դպրոց պաշտոնյա հյուր է գալու:

Նշենք, որ ՀՀ ԱԺ-ն ընդունել է օրենք, համաձայն որի՝ 2017-ից անցում կկատարվի 12-ամյա պարտադիր կրթության համակարգին:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը նշեց, որ 12-ամյա պարտադիր կրթության անցումը  սահմանադրական պահանջ է. «Օրենսդրական հիմնավորումից զատ` ապահովում ենք մեր երեխաների բավարար կրթական ցենզը, որ հետագայում կարողանան մասնագիտություն ստանալ»:

Տիկին Մուրադյանը նշեց, որ այժմ կան որոշ ծրագրային անհամապատասխանություններ, դրա համար օրենքի կիրառումը երկու տարով հետաձգվեց: Նա տեղեկացրեց, որ գրվելու են առարկայական նոր չափորոշիչներ, փոփոխություններ են կատարվելու նաև դասագրքերում, հնարավոր է նոր առարկաներ մուտք գործեն դպրոց:

198 դպրոցի տնօրեն  Արտաշես Թորոսյանը ի պատասխան հարցի՝ ինչո՞վ է տարբերվելու 12-ամյա պարտադիր կրթությունը ներկայիս ավագ դպրոցների համակարգից, որի մասին ծնողներն ասում են, թե դպրոցում ուսումնառության  վերջին տարիներն իրենց երեխաներին ոչ մի նոր բան չեն տալիս, ասաց. «Դպրոցը այսօր ունի լուրջ անելիքներ, կան ուսուցիչներ, ովքեր բարձր մակարդակով են կատարում իրենց պարտականությունները, որոշ դեպքերում ոչ: Բայց ծնողը իր դերն ունի, օրենսդրությունը իրը, կրթության ոլորտը՝ իր դերը,  և երբ բոլոր հետ են քաշվում ու թողնում ուսուցչին մենակ, դա ճիշտ չէ»:

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշեց, թե դեմ է 12-ամյա պարտադիր կրթությանը ու հիմնավորեց. «Վերջին շրջանում  պարտադիր բառը շատ ենք շահարկում՝ պարտադիր առարկաներին, պարտադիր կենսաթոշակային համակարգ, պարտադիր 12-ամյա կրթություն, և այդ բառն ինձ մտահոգում է, այնինչ ժամանակակից աշխարհում տեսնում ենք, որ պարտադիրով ոչ մի լավ բան չի լինում: Փոխանակ շեշտը դնեինք պարտադիրի վրա, պետք էր դնել հետաքրքիրի վրա, թե ինչպես անել, որ երեխաները վազքով գան դպրոց»:

Կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժ Արմինե Դավթյանը, բերելով, իր որդու դասարանի օրինակը, նշեց. « Դասամատյանում գրանցված 27 երեխաներից 14-ն են հաճախում դպրոց ու բազում այլ խնդիրներ կան:  Այնպես որ, մենք ունենք ոչ թե կրթության՝  պարտադիր դարձնելու խնդիր, այլ կրթությունը որակյալ դարձնելու: Այս ուղղությամբ պետությունը լուրջ խնդիրներ ունի լուծելու, օրինակ` որակյալ մասնագետների, կրթության բովանդակային կառավարման և այլն: Իսկ երկու տարին քիչ է, որ կարողանանք այս խնդիրները լուծել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930