2015 թվականին, Լոնդոնի գրքի ցուցահանդեսն անցկացվում է ապրիլի 14-16-ը, «Օլիմպիա» կենտրոնում: Հայաստանի Հանրապետությունն այս հեղինակավոր միջազգային հարթակին մասնակցում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ:
Ցուցահանդեսում ներկայացվել են վերջին տարիներին, ինչպես պետական պատվերով ու աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակչությունների նախաձեռնությամբ հրատարակված շուրջ 300 անուն գիրք` Հայաստանից և արտերկրից: Գեղարվեստական, պատմական, արվեստաբանական, գիտահանրամատչելի, մանկական գրականությունն ու արժեքավոր պատկերագրքերն այստեղ ներկայացված են հայերենով, անգլերենով, ֆրանսերենով, ռուսերենով: Առանձին բաժին հատկացված է Հայոց ցեղասպանության թեման արծարծող գրականությանը:
Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը տեղի է ունեցել ապրիլի 14-ին: Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:
Բացմանը, հոլանդացի բանաստեղծ, լրագրող, կինոքննադատ Սերժ վան Դայնհովեն, ով «Գրական տապան» փառատոնի շրջանակում այցելել էր Հայաստան, ներկայացրեց հայաստանյան թեմայով իր ստեղծագործություններից հատվածներ:
Տոնավաճառի շրջանակում տեղի ունեցան Նուրիցա Մաթոսյանի «Սև հրեշտակ. Արշիլ Գորկու կյանքը», Վասիլի Գրոսմանի «Հայկական ալբոմ», Ջորջ Ջերջյանի «Լուսաբաց մեկ դար անց», Դագլաս Քալաջեանի «Հայրիկիս պատմությունները, որոնք երբեք չէին ավարտվում», Ջեֆրի Ռոբերթսոնի «Անհարմար ցեղասպանություն. ո՞վ է հիմա հիշում հայերին», Ռուբինա Սևաջեանի «Սուլթանի ստվերի տակ», Ջոնաթան Թեյլորի «Հյուրընկալում օտարներին»` Հայոց ցեղասպանության թեման արծարծող գրքերի շնորհանդեսները:
Տոնավաճառի օրերին տաղավար էին այցելում օտարազգի գրողներ, գրական գործակալներ, հրատարակիչներ, մտավորականներ, օտարագիր հայ գրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլոք:
Այս տարի ՀՀ մշակույթի նախարարության և Հայ գրականության հիմնադրամի համագործակցությամբ մեկնարկել է նպատակային թարգմանություններին աջակցելու ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է աջակցել արտերկրի այն հրատարակչություններին, որոնք կթարգմանեն և լույս կընծայեն Հայոց ցեղասպանությանը նվիրված գեղարվեստական և հանրամատչելի գրականություն: Լոնդոնի գրքի միջազգային ցուցահանդեսի ողջ ընթացքում ծրագրի ներկայացման նպատակով մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել արտերկրի հրատարակչությունների ներկայացուցիչների և գրական գործակալների հետ:
Կարդացեք նաև
Մշակույթի նախարարություն