Aravot.am-ի տեղեկություններով, հատուկ ջոկատայինները երեկվանից միջոցառումներ են իրականացնում Գյումրիում՝ կապված մարտ ամսվա սկզբին Քեթիի ձորակում հայտնաբերված 34-ամյա Սամվել Հակոբյանի կամ որ առավել հայտնի է՝ «Մոստիկի», ինչպես նաեւ նրա ընկերոջ՝ Քրիստ Վարդանյանի սպանության հետ: Նրանք հայտնաբերվել էին Քեթիին հարակից Փոքրաշեն գյուղի ձորակի մեջ՝ «Նիսան Տիանա» մեքենայի հետեւի նստատեղին:
Մեզ հասած տեղեկություններով, շարունակում են խուզարկություններ անցկացնել նրանց հետ առնչություն ունեցած մարդկանց տներում: Իսկ թե ինչու խուզարկություններ իրականացնելու կամ բերման ենթարկելու նպատակով մայրաքաղաքից հատուկ ջոկատայիններ են բերվում, ոստիկանության աշխատակիցները պարզաբանում են. «Դա կապված է կոնտինգենտից, եթե դիմացի մարդիկ քրեական աշխարհի հետ կապ չունենային, ապա այս ամենը տեղի ուժերով կիրականացնեին: Իսկ հիմա, եթե տեղի ուժերն այս ամենն անեն, ավելորդ քաշքշուկների պատճառ կդառնա»:
Հիշեցնենք, որ Սամվել Հակոբյանի դիակի հայտնաբերման հաջորդ օրը Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հայտնել էր, որ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է՝ Սամվելն ու Քրիստը միմյանց հետ ունեցել են մտերմություն, Քրիստի սպանության կամ նրա դիակի հայտնաբերման նախորդող օրը նրանք միասին են եղել: Նա նաեւ տեղեկացրել էր, որ սպանված Քրիստ Վարդանյանը ունեցել է քրեական անցյալ:
Քրիստ Վարդանյանի սպանության փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի, 235 հոդվածի 1–ին մասի հատկանիշներով, իսկ Սամվել Հակոբյանի սպանության փաստի առթիվ՝ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1 –ին մասի հատկանիշներով:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ