Ապրիլի 18-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հայազգի դիրիժոր և ջութակահար Ջորջ Փեհլիվանյանի ղեկավարությամբ տեղի կունենա «Մեծ համերգ», որին կմասնակցեն Երևանի անսամբլային նվագախումբը, Միրզոյան քառյակը, ԱՅԲ դպրոցի և Ֆրանսիական միջազգային դպրոցի մանկական երգչախմբերը:
Ծրագրում կհնչեն Կոմիտասի, Մ. Ռավելի, Ա. Հարությունյանի, Ա. Այվազյանի, Վ. Շարաֆյանի ստեղծագործությունները:
«Սա յուրահատուկ նախագիծ է: Ես, սովորաբար, աշխարհի տարբեր բեմերում ղեկավարում եմ մեծ նվագախմբեր, սակայն ցանկացա այստեղ՝ Հայաստանում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ համերգ ունենալ երիտասարդների հետ, քանի որ նրանք են մեր հույսն ու ապագան»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ջ. Փեհլիվանյանը:
Հայազգի դիրիժորի համար այս համերգն առանձնանում է ևս մեկ հիշարժան հանգամանքով. «Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի առթիվ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել մայրս՝ Արփինե Փեհլիվանյանը, իսկ հիմա՝ 100-րդ տարելիցին նվիրված համերգին, ելույթ են ունենալու նրա երեխաները՝ ես և քույրս: Այո, ես նաև քրոջս՝ Էլիզաբեթ Փեհլիվանյանին (սոպրանո) եմ հրավիրել»,- հայտնեց Ջ. Փեհլիվանյանը:
Կարդացեք նաև
Նա համերգի ընթացքում նաև ջութակ կնվագի Միրզոյան քառյակի հետ. «Վերջին անգամ Հայաստանում 90-ական թվականներին եմ ջութակ նվագել»,- հիշեց Ջ. Փեհլիվանյանը:
Հիշեցնենք, որ հայազգի դիրիժորը 12 տարվա բացակայությունից հետո 2014 թվականին կրկին հանդես եկավ հայրենիքում:
«Թե ինչու այսքան տարի սպասեցինք, ես էլ չգիտեմ: Ես չեմ սիրում ինձ ցուցադրել և գնում եմ այնտեղ, որտեղ ինձ հրավիրում են: 12 տարի սպասեցինք, որովհետև ոչ մեկը չէր հրավիրում, եթե հրավիրեին, ավելի շուտ կգայի»,- ասել էր դիրիժորը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հրավիրել մրավիրել չկա, քո տունն է, երբ ուզում ես վեր կաց արի: Սրանց սպասես ու քո տուն չգաս?: