Ապրիլի 17-ին Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը մասնակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բաուտցեն քաղաքում անցկացվող Եվրոպական ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցության 13-րդ տարեկան համագումարի աշխատանքներին: ԵԱԴ լիագումար նիստի ժամանակ Աշոտ Ղուլյանը հանդես է եկել ԱԺԿ գործունեությունը և ապագա ծրագրերը ներկայացնող ելույթով, որին հետևած քվեարկության արդյունքում Արցախի ժողովրդավարական կուսակցությունը միաձայն ընդունվել է որպես ԵԱԴ ասոցացված անդամ։
Իր ելույթում Աշոտ Ղուլյանը կարևոր և բնական է համարել ԱԺԿ ասոցացված անդամակցությունն ԵԱԴ-ին՝ նշելով, թե ԼՂՀ քաղաքական կյանքում առաջին անգամ է, որ զուտ արցախյան կուսակցությունն անդամակցում է եվրոպական կուսակցական ընտանիքին՝ իր առանցքում ինքնորոշման իրավունքն ունեցող ընդհանուր արժեքային հիմքի վրա:
ԱԺԿ նախագահն ընդգծել է նման ձևաչափով համագործակցության արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը՝ ինչպես միջկուսակցական, այնպես էլ միջխորհրդարանական հարթակներում։
Աշոտ Ղուլյանը կարևորել է ԱԺԿ-ԵԱԴ համագործակցության շրջանակներում Եվրոպական ազատ դաշինքին անդամագրված կուսակցությունների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների հեռանկարները, ինչը լայն հնարավորություններ կստեղծի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և միջազգային գործընթացներին ինտեգրվելու համատեքստում։
ԱԺԿ մամլո ծառայություն