«Ապրիլի 24-ից հետո հայկական քաղաքական միտքը պետք է ընթանա նաեւ դեպի ազգային անվտանգության հայեցակարգի վերանայման»,- ապրիլի 17-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա նշեց, որ ռազմավարությունը ընդունվել է 2007 թվականին եւ արդեն անցել է շուրջ 8 տարի, եւ Առաջին աշխարհամարտի պատերազմից հետո տարածաշրջանի քաղաքական քարտեզը փոխվելու միտում ունի: Ըստ նրա՝ հայ ժողովուրդը պետք է դրան պատրաստ լինի եւ ունենա դրան համապատասխան ռազմավարական հայեցակարգ:
Տիկին Փոստանջյանի խոսքերով՝ ազգային անվտանգության հայեցակարգում երաշխիքներից գրեթե ոչ մեկը կյանքի չի կոչվել. «Միայն երեւի մեկն է կյանքի կոչվել այն, որ ունենք մարտունակ բանակ: Դա մեզ հնարավորություն է տալիս սահմանները պահել մեր վերահսկողության ներքո, բայց դա տեղի է ունենում մեր անգին երիտասարդների եւ փայլուն զինվորականների կյանքի գնով: Կարող ենք ասել, որ միայն այս ոլորտում ունենք առաջընթաց եւ միայն այս ոլորտում է, որ մեզ հաջողվել է արձանագրել դրականը, բայց դա տեղի է ունենում մեր երիտասարդների կյանքի գնով»:
Անդրադառնալով Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւին՝ նա ասաց, որ միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու միտում կա. «Բայց դրանից հետո մենք ունենք անելիքներ՝ չափազանց լայն շրջանակով, եւ ես չեմ կարծում, որ դրանից հետո քաղաքական ճանաչում է տեղի ունենում, պետք է նաեւ փոխհատուցման գործընթացը տեղի ունենա: Փոխհատուցում ասելով՝ մենք ի նկատի չունենք միայն նյութական, բարոյական փոխհատուցումը, այլ նաեւ շատ ենք կարեւորում տարածքների հարցի վերաբերյալ հատուցումը, մինչդեռ այս հարցը, ճիշտ է, հիշատակվում է Համահայկական հռչակագրի մեջ, բայց որպես մեր արտաքին դիվանագիտության բաղադրիչ դեռ հստակ ընդունված չէ»:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ այս պահին Ազգային ժողովում ստորագրահավաք է տեղի ունենում, որպեսզի ապրիլի 21-ին Ազգային ժողովում արտահերթ նիստ գումարվի:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ