Պատիվ բերո՞ւմ է մեզ ապրիլի 24-ի նախօրեին Հայաստանում քաղբանտարկյալներ ունենալ կամ ավելացնել քաղբանտարկյալների թիվը: Այս հարցն այսօր խորհրդարանում լրագրողներն ուղղեցին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ նկատի ունենալով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կալանավորումը: «Եթե վտանգավոր պրոցեսներ կան… եւ ես չեմ կարծում, որ ազգային ինչ-որ խնդիրների թատերաբեմում քաղաքական տվայտանքների առումով հեռանկարներ պիտի հյուսվեն: Դա չեմ համարի դավաճանություն: Համենայնդեպս, դա ճիշտ չէ»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` ի՞նչն էր վտանգավոր Ժիրայր Սեֆիլյանի գործողություններում, քանի որ նրանց տներում խուզարկության ժամանակ ոչինչ չի հայտնաբերվել ու նրանք ընդամենն իշխանության դեմ հայտարարություններ էին անում: «Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե այդ ոչ տրամաբանական հոտը քաղաքական դաշտ չմտներ, ոչ թե կունենայինք երեք-չորս նախագահների այցեր, այլ 15 նախագահների այցեր»:
Գալուստ Սահակյանն ուշադրություն հրավիրեց «Հիմնադիր խորհրդարանի» նախորդ հայտարարությունների վրա, որոնցում խոսվում է այն մասին, որ. «Եթե մարդիկ գաղթում են, պետությունը վերանում է, ի՞նչ է պատահել`մի քիչ էլ զոհեր ունենանք: Այս հայտարարությանը տեղյակ չե՞ք: Իհարկե, ես գիտեմ, որ դա այն թիմը չէ: Իհարկե, դուք էլ չեք ճանաչում այդ թիմին եւ ոչ էլ Ժիրայրին եք ճանաչում, որ կկարողանար էդպիսի բաներ անել, համենայնդեպս, աշխարհի համար դա ահաբեկչության մոտիվացիա է»:
Լրագրողներից մեկի դիտարկումը`աշխարհի համա՞ր եք նրանց ձերբակալել, մնաց անպատասխան:
Կարդացեք նաև
Մեկ այլ հստակեցման, որ իրենք իրենց անձնազոհելու մասին էին խոսում`հանուն փոփոխությունների, ԱԺ նախագահն արձագանքեց. «Այսինքն, ուզում էին ապրիլի 24-ին մեր Եղեռնի հուշարձանի մոտ զոհվեի՞ն, մատա՞ղ դառնային: Այսինքն, ուշ ժամի եթե ցնցումներ ենք անում… մենք ոչինչ չենք տեսնում, ոչ այն համակարգը կա, ոչ էլ այն ուժը կա, բայց երբ ամբողջ աշխարհը նայում է Հայաստանին եւ Ցեղասպանության միջոցառումներ պիտի լինի, դու իտալացուն չես կարող բացատրել, որ Ժիրայր Սեֆիլյանն այդքան չէ, որ կարողանա: Մարդը ինչպիսի գործողություն էլ որ անում է ու տուժողի դերում է հանդես գալիս, բոլորը ոգեւորված կանգնում են տուժողի կողքին: Դա էլ կարծում եմ, մեր պատմության հետեւանքն է: Ժիրայր Սեֆիլյանն իր ողջ թիմով այն չափը, որն ունի`հրաշք է, այդ չափից ավելը ծիծաղելի է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ