Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը կոպիտ խախտում է մետրոյի աշխատողների արդար դատաքննության իրավունքը

Ապրիլ 17,2015 16:11

Կրկին հետաձգվեց Երևանի մետրոպոլիտենի 3 աշխատողների գործով դատաքննությունը: Աշխատողների շահերը դատարանում ներկայացնում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Քրիստինա Գևորգյանը:

Հիշեցնենք, որ գործը քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից` նախագահությամբ դատավոր Սիմիզար Հովսեփյանի: Դատարանի կողմից վճիռը պետք է կայացվեր դեռևս 2014թ. դեկտեմբերի 12-ին: Այնուհետև դատական նիստերը անհարկի ձգձգվել են` միայն մեկ հետաձգումը կարող է համարվել հարգելի` դատավորի վատառողջ լինելու պատճառով:

Մեկ տարուց ավելի գործազուրկ մետրոյի նախկին աշխատակիցները պնդում են, որ աշխատողները աշխատանքից հեռացվել են 2014թ. փետրվարի 12-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ցույցին մասնակցելու և մետրոպոլիտենի 67 աշխատողների հետ կուտակայինի դեմ ղեկավարությանը դիմում ներկայացնելու պատճառով:

Նշենք, որ մետրոպոլիտենի ղեկավարությունը պնդում է, որ երեք աշխատակիցները «պարբերաբար» թերացել են իրենց աշխատանքում, սակայն մինչ օրս կայացած թվով 13 դատական նիստերի ընթացքում իրենց պնդումը հաստատող որևէ վերաբերելի ապացույց չեն ներկայացրել սանդուղքավարների` իրենց աշխատանքում թերանալու կապակցությամբ: Թեև քննվող գործի հետ որևէ կապ չունի, սակայն նույնը վերջին նիստով արձանագրեց դատարանը, որ ներկայացված ապացույցներում աշխատողների աշխատանքի կատարման գրանցամատյանում որևէ տեղ արձանագրված չէ նրանց աշխատանքում թերանալու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ մետրոպոլիտենի երեք աշխատողները աշխատանքից ազատվել են ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, այն է` աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու կապակցությամբ:  Տվյալ գործի քննության համար մետրոպոլիտենի աշխատողներին աշխատանքից ազատելու համար նշված հիմքը կիրառելի չէ, քանի որ նույն օրենսգրքի 122-րդ հոդվածով սպառիչ թվարկված են այդ հոդվածի կիրառելիության դեպքերը: Այսպես`«Գործատուն իրավունք ունի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը`

1) դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկելիս կատարել է այնպիսի արարքներ, որի հետևանքով գործատուն կրել է նյութական վնաս.

2) ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք.

3) հրապարակել է պետական, ծառայողական, առևտրային կամ տեխնոլոգիական գաղտնիքներ կամ դրանց մասին հայտնել է մրցակից կազմակերպությանը»:

Այսինքն` այսպիսի օրենսդրական կարգավորման առկայության պայմաններում մետրոպոլիտենը փորձ է անում ապացուցել, որ աշխատողները «պարբերաբար» թերացել են իրենց աշխատանքների կատարման մեջ: Իսկ երբ դատարանը կամ փաստաբանը փորձում են ճշտել, թե որքան ժամանակ և երբ են նրանք թերացել իրենց աշխատանքում` մետրոպոլիտենի ներկայացուցիչները նշում են միայն 2014թ. հունվար ամիսը` այն դեպքում, երբ այդ անձիք մետրոպոլիտենում  աշխատում են 1999 թվականից:

ՀՀ ԱՕ-ի 223-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վստահությունը կորցնելու հիմքով աշխատանքային պայմանագրի լուծումը համարվում է կարգապահական տույժ, ինչը և պնդում են մետրոպոլիտենի ներկայացուցիչները: Սակայն նշված նորմը կիրառելի կլիներ այն պարագայում միայն, եթե ապացուցված լիներ Աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածով թվարկված դրույթների խախտումներից որևէ մեկը:

Թե´ պատասխանող կողմը (Երևանի Մետրոպոլիտենը) և թե´ դատավորը անընդհատ նշում են աշխատանքների ոչ պատշաճ կատարելու հետևանքով ուղևորների կյանքի ենթադրյալ վտանգների և մետրոպոլիտենին հասցվելիք նյութական վնասների մասին: Դա շարունակվում է այն պարագայում, երբ մինչ օրս դատարանին չի ներկայացվել որևէ վերաբերելի ապացույց նյութական և ուղևորների կյանքին հասցված վնասի մասին, այն դեպքում, երբ օրենքը հստակ սահմանում է, որ տվյալ նորմը գործում է, եթե աշխատողը «դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկելիս կատարել է այնպիսի արարքներ, որի հետևանքով գործատուն կրել է նյութական վնաս»:

Դատավոր Հովսեփյանի անհիմն պահանջը` դատարանին ներկայացնել բոլոր գրանցամատյանները, որտեղ նշումներ են կատարվում կատարված աշխատանքի և դրանց ընդունման վերաբերյալ, այն պարագայում, երբ մետրոպոլիտենի ներկայացուցիչների պնդմամբ նրանք թերացել են իրենց աշխատանքների կատարման մեջ վերջին մեկ` 2014թ. հունվար ամսից, իսկ այդ ժամանակահատվածի գրանցամատյաններում բացակայում են աշխատողների թերացումների վերաբերյալ ապացույցները, խախտում և հակասում են ողջամիտ ժամկետներում արդարադատության իրականացման, ինչպես նաև ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված` աշխատանքային վեճերով արագացված դատաքննություն իրականացնելու սկզբունքները:

Դատարանի կողմից նմանատիպ վերաբերմունքը` վեճի հետ կապ չունեցող ապացույցների ձևական հետազոտումը, այն պարագայում, որ դատարանը արդեն իսկ ժամանակ ունեցել է և անցած 10 նիստերում  այդ ապացույցները արդեն հետազոտել է, կրկին անգամ գործը վերսկսելը և նոր ապացույցներ պահանջելը, տեղիք են տալիս արձանագրելու, որ մետրոյի երեք աշխատողների նկատմամբ քաղաքական մոտեցում է ցուցաբերվում:

Գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է սույն թվականի մայիսի 15-ին` ժամը 16:00-ին:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Քրիստինա Գևորգյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930