Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարգանքի տուրքը մատուցենք ոչ միայն նրանց , ովքեր անմեղ զոհվել են, այլև նրանց՝ ում շնորհիվ կենդանի ենք մնացել»

Ապրիլ 17,2015 15:49

Ազգային ավանդական պարերի վերծանումը, արժեքավոր գաղափարներ փոխանցելն ու հայ մարդկանց ազգային ոգով տոգորելը, հային «Հայու տեսակը» վերադարձնելը , «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի համար ապրելակերպ է, խթանող ու լիարժեք կյանքի գրավական:

– Ազգային հոգեկերտվածք. ի՞նչ է այն իրենից ներկայացնում, և որոնք են մեր ազգային հոգեկերտվածքի առանձնահատկությունները:

-Դա բավականին ծավալուն ձեւակերպում է, որը հասկանալու համար լրջագույնս պետք է ուսումնասիրել մի քանի գիտություններ, որից ածանցվում է ազգային հոգեկերտվածքը: Անհրաժեշտ է ուսումնասիրել հայ էթնիկ հոգեբանությունը: Դարերի խորքից եկող, տարատեսակ փորձություններով անցած, պետականակերտ, տիգրանմեծյան «Ծովից ծով» հոլովման հոգեբանությունը կրող, միաժամանակ անկումային ժամանակաշրջանում ապրած, պետականության կորուստը տեսած, 600-700 տարի օտար լծի տակ մնացած, բայց և մեծ մշակույթ կերտած, այբուբենաստեղծ պետականությունը վերակերտող և ազատություն կերտող հայի հոգեկերտվածքն է, որ բնորոշ է մեզ:

 -Խորհրդային միության փլուզումից առաջ, Հայաստանի տարածքում գործում էր շուրջ 80 ազգագրական խումբ: Այսօր ազգագրական արհեստավարժ խմբերի թիվը նկատելիորեն նվազել է: Ձեր կարծիքով պատճառը ուրբանիզացիան է, թե օտարամոլ հոսանքներն են կաղապարում մեր մշակույթը:

-Ճիշտ ճանապարհ հնարավոր չէ գտնել, եթե փորձենք ինչ-որ բացթողումներ ու մեղքեր բարդել մեկ փաստի վրա: 19 դարի վերջից 20-րդ դարի սկզբից շարունակվող ուրբանիզացիոն ընթացքի արդյունքում, երբ էթնիկ հայի տեսակը խցկվեց մեկ սենյականոց բնակարաններ, կտրվեց տոհմիկ մտածելակերպից, այդժամ ինչ-ինչ երևույթներ փոփոխվեցին: Այնուամենայնիվ, պետք է գիտակցել, որ զարգացումները գալիս են անկախ մեր ցանկություններից: Զարգացումների ընթացքը հնարավորինս կանխատեսելով՝ կարելի է դրան դիմակայող համարժեք արժեքներ ստեղծել , որպեսզի զարգացումների ամենակուլ երախը մեր էթնիկ տեսակը կուլ չտա: Կանխազգալով վաղվա օրվա պահանջները, կսովորենք հասկանալ այդ ընթացքն ու բացթողումների պատճառները, փորձելով քայլել ժամանակին համընթաց, կհանդգնենք խառնվել համաշխարհային առաջընթացին:

 -Համաշխարհային առաջընթաց ապահովելու գործում թերեւս կարևոր է նաև մտավորականների դերն ու նրանց կողմից ձեռնարկվող քայլերը: Մշակութային գործիչ և մտավորական հասկացությունները մշտապես փոխկապակցված են եղել: Այսօր ինչ-որ բան փոխվե՞լ է:

– Մտավորականությունն ազգի խիղճն է: Լինում են դեպքեր, երբ գործ ես ունենում արվեստագետի, մշակութային գործչի, բայց , ցավոք, ոչ մտավորականի հետ: Այսօր մշակութային գործիչ և մտավորական հասկացությունների տարանջատումը գոյություն ունի: Լինել արվեստագետ, չի նշանակում լինել մտավորական: Քիչ են մնացել այն գործիչները, ովքեր շարունակում են մտավորականի իրենց երթը՝ ոչ իշխանամետ, ոչ կուսակցականամետ, այլ ազգային ոգով տոգորված, պետություն արարող մարդկանց տեսակը հազվադեպ է դարձել: Փոխարենը, հայտնվել են նրանք, ովքեր իրենց ճամփան հարթում են ուրիշների գրպանը մտնելով, կիսագողացված մշակույթ տարածելով, կիսագողացված մտքեր հնչեցնելով: Սա ընդամենը խուճապի մատնվելու արդյունք է:

 -Պարոն Գինոսյան, խուճապի մատնվելու արդյու՞նքն էր, որ դպրոցներում «ազգային երգ ու պար» առարկայի շուրջ օրըստօրե թեժացող կրքերը չեն հանդարտվում:

– Եթե հանկարծ մեկը հանդգնում է ազգանապաստ գործ անել, հայտնվում են նրանք, ովքեր այդ ընթացքը կանխելու անհիմն փորձեր են անում: Քանի դեռ արված գործը փոքրամասշտաբ է, բոլորն անտարբեր են, իսկ երբ սկսում է մասսայականություն վայելել` խառնաշփոթ է առաջանում:

-Մինչդեռ մշակութային գործիչներից շատերն ու ազգագրական մի շարք համույթների ղեկավարները լռում են: Ձեր կարծիքով՝ նրանք շարունակում են լռել անտարբերության պատճառո՞վ, թե՞ ճշմարիտ կարծիք արտահայտելու վախից:

– Չեմ կարող ասել, քանի որ չգիտեմ իրենց մտքերը: Ենթադրում եմ, որ հնարավոր է որոշների մոտ վախ կա հարաբերությունները փչացնելու: Իմ աֆորիզմներից մեկն այսպես է հնչում՝ «Օգնեք արձակեմ հոգուս կապանքները, ձեռքիս կապանքները ինքս կպոկե»: Պետք չէ նկարիչ, ֆիզիկոս, երաժիշտ դաստիարակել, պետք է մարդ դաստիարակել և հետո միայն մասնագիտական հենք տալ, որպեսզի հետագայում չբողոքենք արդյունքից:

– Գարեգին Նժդեհը իր «Որդիների պայքարը հայրերի դեմ» աշխատության մեջ, դիմելով հայ երիտասարդներին, հորդորում էր հոգեփոխվել և ավելի վճռական լինել` վաղվա օրը փոխելու համար: Մերօրյա երիտասարդներին ի՞նչ է պակասում և ի՞նչ է հարկավոր այս օրը չկորցնելու և վաղվա օրը ավելի կայուն դարձնելու համար:

– Որպեսզի քայլենք, ամուր կանգնել է պետք, ու նաև հասկանալ՝ ուր ես ուզում գնալ: Այսօրվա երիտասարդներին պետք է այն հոգին, այն գաղափարը փոխանցել, որ կարողանան հոգեբանորեն ծնկած հայի տեսակը ոտքի կանգնեցնել: Մենք 3 ցեղասպանություն ենք տեսել: Նախ՝ թուրքերի կողմից իրականացրած ցեղասպանությունը, երկրորդը՝ գաղթը, երրորդն էլ՝ Խորհրդային միության կողմից իրականացվող մեխանիզմը. այն է՝ մոռացնել տալ ազգային տեսակն ու մտածողությունը: Այդ տարիներին էր, որ թամանյանական ճարտարապետությունը ազգայնամոլական էր համարվում, Վանուշ Շահվերդյանը որպես ազգայնամոլ վերացվեց, որովհետև հանդգնել էր ազգանվեր գործ անել՝ տեղափոխել Կոմիտասի աճյունը Հայաստան: Ու ընդհանրապես, քանի- քանիսը փրկեցին հայի տեսակը, բայց չընկալվեցին և վերացվեցին, ինչպես Չարենցը, Բակունցը և մյուսները: Ես առաջարկում էի Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող ճանապարհի աջակողմյան հատվածում հայկական հերոսամարտերը և հայ հերոսների անունները կրող պատ կառուցել, որպեսզի վաղվա սերունդը ընտրության հնարավորություն ունենա, սակայն ես ոչ թե ճարտարապետական, այլ՝ գաղափարական լուծում եմ առաջարկում: Ուզում եմ հարգանքի տուրքը մատուցենք ոչ միայն նրանց, ովքեր անմեղ զոհվել են, այլև նրանց՝ ում շնորհիվ կենդանի ենք մնացել: Եթե դա հասկանանք` կհասկանանք ավելին:

-Իսկ նրանց, ովքեր Ցեղասպանության հուշահամալիր են բարձրանում ծիծաղելով, արևածաղկի սերմերի կեղևները աջ ու ձախ սփռելով, նրանց ինչպես հասկացնել տալ իրենց ով լինելը և դրա համար ինչ պատ կառուցել` կանխելու այդ անբարոյականությունն ու անարգանքը իրենց իսկ նախնիների նկատմամբ:

– Այն տեսակը, որի մասին ասում եք, զուրկ է գիտակցությունից: Դրա համար պետք է գիտակից մարդ դաստիարակել, որպեսզի հետագայում բողոքելու առիթ չունենանք: Ցանկացած հայի հոգում ապրիլի 24-ը բռունցք պիտի լինի` բռունցքի մեջ զենք: Եթե այս պատկերը պահենք մեր հոգիներում, կհասկանանք, որ անդունդից բարձունք հասնելու ճանապարհին ենք…

 

 Հարցազրույցը`Սաթե ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930