Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. անբավարար ենք գնահատում ՀՀ կառավարության գործունությունը սիրիահայերին աջակցելու ուղղությամբ

Ապրիլ 17,2015 15:42

Վերջին օրերին կրկին աղետագույժ լուրեր են ստացվում Հալեպից, որտեղ ահաբեկիչների հրթիռակոծությանն ու հարձակումներին են ենթարկվում քաղաքի հայկական թաղամասերը: Զոհերի և վիրավորների թվում կան նաև մեր հայրենակիցների անունները:

Ահաբեկիչ ծայրահեղականների հերթական դժնի գործողությունների արդյունքում ավերվել կամ վնասվել են մեր հայրենակիցներով բնակեցված շենքեր, հայկական կրթամշակութային օջախներ, մասնավոր գույք: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին մենք ականատեսն ենք լինում երբեմնի հայկական ծաղկուն գաղթօջախի անկման և աստիճանական հայաթափման: Չնայած Սիրիայի իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումներին`ուղղված ազգային և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում հայերի անվտանգության հնարավորին ապահովմանը` իրավիճակը Սիրիայում շարունակում է մնալ խիստ լարված և վտանգում է սիրիահայ համայնքի հետագա գոյությունը: Այս պայմաններում ՀՀ իշխանությունները քաղաքական և բարոյական պարտավորություն ունեն հնարավոր ամեն միջոց ձեռք առնել սիրիահայ համայնքին աջակցելու նպատակով, այդ թվում Հալեպ և պատերազմի թատերաբեմում հայտնված սիրիահայ այլ գաղթօջախներ ուղարկել մարդասիրական օգնություն, առաջին անհրաժեշտության ապրանքներ, ըստ հնարավորության` տրամադրել նաև ֆինանսական աջակցություն: ՀՀ կառավարությունը պետք է դիտարկի նաև սիրիահայերի` Հայաստան զանգվածային ներգաղթը խթանող քայլերի ձեռնարկման հնարավորությունը. հայրենիքում հաստատվելը սիրիահայ մեր շատ հայրենակիցների համար կլինի կյանքի և գույքի ապահովության օպտիմալ միջոց:

Հայաստանի Հանրապետությունը չի կարող պասիվություն դրսևորել և բախտի քմահաճույքին թողնել քաղաքացիական պատերազմի բովում հայտված սիրիահայ հայրենակիցներին:

Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, իր զորակցությունը հայտնելով սիրիահայ հայրենակիցներին, միաժամանակ անբավարար է գնահատում ՀՀ կառավարության գործունությունը սիրիահայերին աջակցելու և նրանց անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Կուսակցությունը կոչ է անում ՀՀ կառավարությանը ձեռնարկել անհրաժեշտ քայլեր սիրիահայերի դժվարին կացությունը մեղմելու, այդ թվում նրանց` Հայաստան տարհանումը կազմակերպելու ուղղությամբ:

 

Վերակազմյալ ՍԴՀԿ

Ատենապետ` Լյուդմիլա Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930