Այսօր երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է եւ Կոմիտասի անվան պանթեոնում նրա շիրիմին էին այցելել հարյուրավոր քաղաքացիներ` դպրոցականներ, նրա հարազատներն ու կուսակցական ընկերները:
Կարեն Դեմիրճյանի կինը` տիկին Ռիման մի քանի րոպե կանգնեց շիրիմի մոտ ու սկսեց արտասվել:
Aravot.am-ի հարցին` ի՞նչ Հայաստանի մասին էր երազում Կարեն Դեմիրճյանը եւ ի՞նչ ունենք այսօր` տիկին Դեմիրճյանը պատասխանեց. «Ժամանակը ցույց տվեց, որ Կարեն Դեմիրճյանի հանդեպ ժողովրդի բոլոր զգացմունքները պատրանք չէին, շինծու չէին: Որովհետեւ ժամանակը եւ ժողովրդի հիշողությունը ամենամեծ փորձությունները, որ կանգնած են պատմական դեմքի առջեւ, հատկապես պետական գործչի: Նա այդ երկու պատնեշը հաղթահարեց, բայց դրանից մեր ցավը չփոքրացավ, մեր ցավն էլ հետը մեծացավ: Այսօր քան երբեւիցե զգացվում է նրա պակասը, նրա կարիքը թե’ ընտանիքում` հարազատների մեջ, թե’ երկրում»:
Տիկին Ռիման ասաց, որ մարդիկ նրան չեն մոռանում, այցելում են նրա շիրիմին. «Դա ամենամեծ պարգեւն է: Առավոտյան շատ ազդվեցի` մանկապարտեզից երեխաներ էին եկել` հուշատախտակին ծաղիկներ դրել: Շատ ազդվեցի, իրոք, լավ սերունդ է մեծանում»:
Կարդացեք նաև
Մեր հարցին` ի՞նչ երազանքներ ուներ Կարեն Դեմիրճյանը` նա պատասխանեց. «Կարեն Սերոբիչը մի երազանք ուներ` հզոր, ծաղկող, հարուստ, շքեղ Հայաստան: Դա էր նրա երազանքը, եւ ամբողջ կյանքը նվիրեց դրան: Նա հասավ մեծ հաջողությունների: Նրա կատարած գործն անսպառ է: Դեռ պետք է փորփրել ու տեսնել, հասկանալ, թե ինչքա~ն է արել, ինչքա~ն է նշել հորիզոնները, Հայաստանի զարգացման հեռանկարը: Այդ ամենը նա է արել»:
Տիկին Դեմիրճյանն ասաց, որ Կարեն Դեմիրճյանը չի սիրել նշել իր ծննդյան օրերը. «Ծիծաղի էր դա հասնում: Մի անգամ էլ ասեց` չի՞ լինի ես գնամ, առանց ինձ նշեք: 50-ամյակին պատմել են ժամանակակիցները, թե ինչպես է նշել: Ասում են` մեկ էլ տեսանք, որ բյուրոյում ոչ թե եկավ Կարեն Սերոբիչը, այլ երկրորդ քարտուղարը` Անդրեեւը: Շատ զարմացանք, որովհետեւ գիտեինք, Կարեն Սերոբիչը տեղում է, գործուղման մեջ չի: 5 րոպե անց հասկացանք ինչումն է բանը: Անդրեեւն ասեց, որ Կարեն Սերոբիչն է խնդրել ձեզ հատուկ ասեմ, որ ոչ մի շքեղություններ, ոչ մի տոնակատարություն չանեք, սովորական աշխատանքային ռիթմում մնացեք: Այդպես էլ արեցինք, բյուրոն անցկացրեցինք, սովորականի պես գնացինք հարեւան սենյակը, որտեղ ընթրիք էինք միշտ անում ընդմիջումներին: Այնտեղ 2 շիշ շամպայն բացեցինք, շնորհավորեցինք, 10-15 րոպե անց Կարեն Սերոբիչն ասեց` մի քիչ շատ է, բավական է, գնացինք աշխատենք»:
Տիկին Դեմիրճյանը պատմեց, որ Կարեն Դեմիրճյանը հաճույքով է նշել իր` տիկնոջ ծննդյան օրը. «Ինչպես ժամանակակիցներն են գրել` այդ օրը նա պոետ էր դառնում, կարծես ուզում էր տալ ինձ այն ամեն ուշադրությունը, ինչը տարվա մեջ քիչ էր հասցնում: Ուրիշների ծնունդը հաճույքով էր նշում, թոռների հետ պարում էր այդ օրերին: Բայց իրենը չէր ուզում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ