«Վտանգ ներկայացնում են նրա տերերը, կազմակերպիչներն ու պատվիրողները: Նա ընդամենը գործիք է: Եվ գործիքը չէ վտանգավոր, այլ գործիք կիրառողը»,- հարցին՝ արդյոք իրեն ապտակող Արշակ Սվազյանը վտանգավոր չէ՞ հասարակության համար, քանի որ հայտարարել է, որ պատրաստ է կրկին ապտակել «Սերժ Սարգսյանին հայհոյողին», բայց դեռ գտնվում է ազատության մեջ, դատական նիստից հետո այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Ինչպես տեղեկացրել ենք, Արամ Մանուկյանին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ մեղադրվող Արշակ Սվազյանը հայտարարել էր, թե «էլի Սերժ Սարգսյանին հայհոյող լինի. Էլի կապտակեմ»:
Ավելի վաղ՝ դատական նիստի ժամանակ ամբաստանյալը միջնորդություն ներկայացրեց գործի արագացված քննություն իրականացնելու առումով, ինչը, սակայն մերժվեց: Արամ Մանուկյանը, մեկնաբանելով այս քայլը, նշեց. «Արագացված նշանակում է իրականացնել այն սցենարը, ինչ իշխանությունը գծագրել է, որ ինքը մենակ է ու կազմակերպված բան չկա, նա աջակցություն չի ունեցել, տուգանքը պատվիրողը կմուծի, և գործը փակվում է»:
Հարցին՝ ո՞վ է պատվիրատուն, պարոն Մանուկյանն արձագանքեց. «Ինձնից լավ գիտեք, նայեք այդ օրերի մամուլը, իրենք իրենց վրա են վերցրել…մենք քննության ընթացքում նյութեր կներկայացնենք»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը՝ մեղադրող դատախազ Գագիկ Մարգարյանը արագացված քննությանը առարկելու հարցում համամիտ էր իրենց հետ, պարոն Մանուկյանը հումորով պատասխանեց. «Դատախազը մեր մարդն է»: Այնուհետև կրկին իր զարմանքը հայտնեց այն փաստի առնչությամբ, որ մեղադրող դատախազն ու ամբաստանյալը դատարանի դահլիճում համահունչ էին գործում:
Հետո եզրափակեց. «Երբևէ չեմ տեսել, երբ տուժողի շահեր պաշտպանող դատախազը ներդաշնակ լինի ամբաստանյալի պաշտպանի հետ: Դատախազը ուղղակի իրավաբանական կիքս թույլ տվեց: Ինքը ապացուցեց, որ կատարողն է այն ցուցման, ինչ իրենց ներկայացվել է: Նա նշեց, որ որևէ այլ վարկած քննարկելու կողմ չէ, և այս գլխից մերժեցին հանցագործության՝ կազմակերպված լինելը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ