Երեւանի բնակիչ, 1973թ. ծնված Գարեգին Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. նոյեմբերի 4-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքի ոսկյա զարդերի խանութից գնել է 2394,8 գրամ ընդհանուր քաշով տարբեր տեսակի ոսկյա զարդեր, նպատակ ունենալով դրանք մաքսանենգ ճանապարհով ՀՀ տեղափոխել: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Գ. Սարգսյանը որոշել է մաքսանենգությունն իրականացնել միջնորդված եղանակով, այլ անձանց միջոցով: Նա 2014թ. նոյեմբերի 6-ին սահմանային գոտում ոսկյա զարդերով պոլիէթիլենային փաթեթը տվել է տաքսու վարորդ Գ. Թ.-ին, նրան տեղյակ չպահելով ոսկյա զարդերի առկայության մասին: Վերջինս 200 ԱՄՆ դոլարի դիմաց «Բագրատաշեն» մաքսային կետով, մաքսային հսկողությունից թաքցնելով՝ ՀՀ է տեղափոխել 28 միլիոն 737 հազար 600 դրամ ընդհանուր արժեքով ոսկյա զարդերը, սակայն մաքսային հսկողությունն անցնելուց անմիջապես հետո 2394.8 գրամ ընդհանուր քաշով զարդերը հայտնաբերվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Գ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով («Մաքսանենգությունը»): Նախկինում դատված Գ. Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատաքննությունը նշանակված է ապրիլի 22-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ