Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի գնահատմամբ, Հայաստանը առաջին անգամ հայոց ցեղասպանության դատապարտման ու ճանաչման գործընթացում հանդես է գալիս որպես սուբյեկտ:
Այսօր «Հայելի» ակումբում պարոն Արզումանյանը, անդրադառնալով նախօրեին Եվրախորհրդարանի կողմից ընդունված հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւին, ասաց, որ այն աննախադեպ չէր, որովհետեւ նման որոշում ընդունվել էր նաեւ 1987-ին:
« Թուրքիան ոչ ադեկվատ ու անհասկանալի դիրքորոշում է բռնել, այն իրոք ձանձրացնում է միջազգային հանրությանը: Թուրքիան չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ այլեւս տարածաշրջանում կարեւոր դերակատարներից չէ: Թուրքիայում Էրդողանի արտահայտությունները զարմանք են առաջացնում, թե ինչ կրթություն է ստացել, որտեղ է մեծացել: Հռոմի պապին մեղադրել կեղծարարության, ստի մեջ ու պատժամիջոցներով սպառնալ սուրբ աթոռին, անհեթեթության դրսեւորում է»:
Ըստ նրա, սկիզբ է դրվել մի գործընթացի, որով պետք է հասնել այն ժամանակներին, որ Թուրքիան առերեսվի պատմության հետ.
Կարդացեք նաև
«Որ Թուրքիան վերանայելու է իր քաղաքականությունը, կասկած չունեմ, բայց դա գործընթաց է, որով պետք է անցնենք: Այսօր թուրքական հասարակության մեջ այնպիսի քննարկումներ են, որի մասին նույնիսկ մտածելն անհնար էր: Թուրք հասարակությունը փոխվում է, պետք է գիտակցենք, որ ինչպես խորհրդային շրջանն էր 70 տարի մարդկանց ուղեղները լվացել, Թուրքիայում էլ նույնն էր, շատերը իրենց պատմությունը չգիտեին»:
Թուրքիային կհաջողվի՞ կանխել Օբամայի ցեղասպանություն բառի արտաբերումը ապրիլի 24-ին հարցին, պարոն Արզումանյանն ասաց, որ հիմա լուրջ քննարկումներ են գնում՝ մի մասը պնդում է, որ Օբաման ցեղասպանությունը բառը պետք է ասի, իսկ մյուս մասը պնդում է՝ դեռ ժամանակը չէ. «Օբաման ամեն տարի օգտագործել է ցանկացած բառ, բայց մենք պետք է շարունակենք պահանջել, որ որակի ցեղասպանություն»: Նա նկատեց, որ մենք պետք է պահանջենք նաեւ ԵՏՄ մեր գործընկերներից՝ դատապարտեն ցեղասպանությունը. «Ինչու ենք նեղանում, որ Մերկելը չի գալիս Հայաստան, Նազարբաեւն ու Լուկաշենկոն էլ չեն գալիս, ինչո՞ւ չենք նեղանում: Պետք է նրանցից նեղանանք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ