«Ինչի՞ 2013 սեպտեմբերից 2014-ի հոկտեմբերը ոչինչ չարվեց: Այդ ամբողջ տարվա ընթացքում Հայաստանը մի քանի անգամ իր պատրաստակամությունը հայտնել է`քաղաքական բաղադրիչը ստորագրելու համար: ԵՄ-ն էլ ուներ այդ շահը: Ինչո՞ւ տեղից չշարժվեցինք»,- այս հարցն այսօր խորհրդարանում, ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի`Ռիգայում կայանալիք ԵՄ գագաթաժողովին ընդառաջ հրավիրած լսումների ժամանակ հնչեցրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը: Պատգամավորի կարծիքով, երկու կողմն էլ սպասում էին ինչ-որ իրադարձությունների: «Իմ կարծիքով հետեւյալն է կատարվել. մենք ունեցել ենք անվտանգության հարց ու այդ առումով Արեւելյան գործընկերության կամ ԵՄ հարեւանության ծրագրերի երկրներից ոչ մեկում այդ հարցը չի կարգավորվել: Հիմնականում Ասոցացման համաձայնագիրը ստորագրել են այն երկրները, որոնք արդեն ունեցել էին տարածքային ծրագրեր: Ուկրաինայում տեսանք, թե ինչ եղավ, Հայաստանում` նույնպես»,- ասաց պատգամավորը:
Երկրորդ խնդիրը, ըստ Թեւան Պողոսյանի, նոր դեմքերի հարցն էր եւ ԵՄ նոր ղեկավարներն ավելի ճկուն քաղաքականություն են վարում ու ունենք ներկայիս իրավիճակը: Բուն Ռիգայի գագաթաժողովի մասով, պատգամավորն ասաց, որ իր կարծիքով, Ռիգայում Հայաստանի մանդատի հարցը կլուծվի, ԵՄ-ի համար Արեւելյան գործընկերության հետագայի մասին ավելի կոնկրետ պատկերացումներ կլինեն:
Բայց Թեւան Պողոսյանին մեկ հարց էլ է հետաքրքրում՝ ինչո՞ւ վեց ամիս էլ ձգձգվեց Հայաստան-ԵՄ մտքերի փոխանակման քաղաքականությունը: Պաշտոնապես ասվում էր` ժամանակ է անհրաժեշտ ԵՏՄ-ին անդամակցելով ԵՄ-ի հետ համագործակցության եզրերը գտնել: «Դա ինձ համար անհասկանալի է, ստորագրել ենք փաստաթուղթը, նոր ուզում ենք հասկանալ խոչընդոտնե՞րը»,- տարակուսեց պատգամավորը:
Քննարկմանը ներկա ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանն էլ պարզաբանեց, որ խնդիրը Եվրոպական երկրներում եւ Եվրոպական խորհրդարանում ընթացող նոր ընտրություններն էին: Նա հավելեց, որ հուսով է, որ Հայաստանի մանդատը կհաստատվի մինչեւ Ռիգայի գագաթաժողովը:
Կարդացեք նաև
Թեւան Պողոսյանը շարունակեց. «ԵՄ-ն էլ խոսում էր ճկունության մասին, բայց Հայաստանի պարագայում դա չէր աշխատում: Ուկրաինայի պարագայում ճկուն են`ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը ստորագրվեց, ավելի ուշ տնտեսականը, իրագործումն էլ մեկ տարի հետաձգվեց: Այս տեսակի ժողովներում ասում են՝ կողմերը ամեն ինչի պատրաստ են, բայց գործընթացը դանդաղում է»:
Թեւան Պողոսյանը հույս հայտնեց, որ Ռիգայից կվերադառնանք գործնական ծրագրերով: Բայց մտահոգություն հնչեցրեց`իսկ ի՞նչ ունենք անելու մինչեւ Ռիգան եւ Ռիգայից հետո: «Խնդիրը մեր մեջ պիտի տեսնենք: Հայտարարություններից դուրս ներքին տեղաշարժեր չեմ տեսնում Հայաստանի իշխանությունների կողմից: ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացվում են, եվրոտեսլականը չի էլ քննարկվում»: Առաջին քայլը պատգամավորը համարում է շուկան մենաշնորհից ազատելը, շուկան ազատականացնելը: Ու այս խնդիրներն, ըստ նրա, ինքնուրույն պիտի լուծենք, որն էլ կլինի «եւ-եւ»-ի քաղաքականության լավագույն իրականացումը. «Հայաստանում ներքին վարչական փոփոխություններ են պետք, բայց դա ոչ մեր հանրությունն է տեսնում, ոչ էլ Եվրոպան»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ