Ի սրտե և ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթում եմ քաջառողջություն, հաջողություններ անձնական կյանքում և աշխատանքում:
Երկարամյա կյանքիս հարուստ փորձով գիտեմ, թե ինչպիսի մեծագույն պատիվ է Հայոց Ոստանի քաղաքապետը լինել, ղեկավարել այն պատմական մի ժամանակաշրջանում, երբ մեր ժողովուրդը ինքնագիտակցության զարթոնքի մի նոր փուլ է ապրում, երբ տեղի են ունենում համամարդկային արժեքների վերարժևորման բարդ ու երբեմն հակասական պրոցեսներ:
Անկեղծ ասեմ, քչերին է հաջողվում գլուխ հանել այս ամենից, ուստի քաղաքապետի պաշտոնը նաև բարձրագույն պատասխանատվություն է ոչ միայն երևանցիների ու երկրի, այլև համայն հայության առջև: Այս առումով մայրաքաղաքի ղեկավարի գործունեությունը ամեն վայրկյան գտնվում է մի անտեսանելի ու հզոր մանրադիտակի առջև, որի օբյեկտիվի տեսադաշտից չի վրիպում Երևանում կատարվող ցանկացած մանրուք: Որքան ես նկատել եմ, Ձեր առօրյայում մանրուքներ չկան, քանի որ ամեն ինչ կատարվում է սրտացավությամբ և բծախնդրորեն:
Մի բան էլ կա. այսօր բոլորին գնահատելու, քննադատելու լայն հարթակ է տրված, ու, լավ գիտեմ, շատերի բնութագրումները կարող են անհարկի կամ անհաճո թվալ, սակայն մի բան շատ ավելի հստակ է` ամենաճիշտ գնահատականը ժամանակն է տալիս: Ես համոզված եմ. Դուք դեռևս կվայելեք գնահատված լինելու բարձրագույն հաճույքը, քանի որ Ձեր գործերում առաջնորդվում եք խելամտության ու սրտի թելադրանքով:
Որպես նախկին քաղաքապետ ու ավագ գործընկեր ինձ համար շատ հաճելի է տեսնել, ու զգալ, թե աշխատանքային ու գործնական նման լավագույն որակների հետ մեկտեղ մարդկային ինչպիսի գեղեցիկ հատկություններով եք Դուք օժտված: Այս առումով ուզում եմ իմ խորին հարգանքն ու երախտագիտությունը հայտնել այն մեծ ուշադրության ու հոգատարության համար, որ Դուք ցուցաբերեցիք, երբ սրտի ծանր վիրահատության ենթարկվեցի:
Կարդացեք նաև
Կրկին անգամ ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները. եղեք առողջ և երջանիկ:
Ամենայն սիրով` ՄՈՒՐԱԴ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
17.04.2015թ.