Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը իրավական ազդեցություն չի թողնի». Փորձագետ

Ապրիլ 17,2015 12:06

Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական բաժնի պետ, միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը նախօրեին Եվրախորհրդարանի կողմից ընդունված ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը աննախադեպ չի համարում:

«Աննախադեպ էր այն առումով, որ ապրիլի 24-ի նախօրյակին այդքան հայանպաստ համատեքստի շրջանակում ընդունվեց, բայց չեմ անվանի աննախադեպ, քանի որ դեռեւս 1987- ին սկսած համընդհանուր գործընթացի մասն էր, որտեղ առավել դետալացված քննարկվեց եւ հայոց ցեղասպանության որակման, եւ պատժելիության հարցերը եւ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր՝ հայ-թուրքական հարաբերությունները բնականոն հուն տեղափոխելու ու միջպետական, քաղաքացիական հասարակությունների շփման առումով»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց փորձագետը:

Նա հիշեցրեց, որ այս բանաձեւը եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված երրորդ բանաձեւն է, բայց այս վերջինն առավել կարեւոր է նրանով, որ ավելի շատ է ընդգծվում ՀՀ-Թուրքիա հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը: Նրա խոսքով, 1987-ին ընդունված փաստաթուղթը վերաբերում էր ցեղասպանության արդյունքում սփյուռքում հայտնված զոհերի իրավահաջորդների իրավունքներին, փոքրամասնությունների իրավունքներին, իսկ այս մեկն ավելի համամարդկային է:

Թե ինչպես կարող է այս բանաձեւն ազդել քաղաքական զարգացումների վրա, Վլադիմիր Վարդանյանն ասաց, այն արդեն քաղաքական գործընթացների վրա ազդել է. «Եթե նկատել եք վերջին շրջանում միջազգային հանրությունն ավելի մեծ ուշադրություն է դարձնում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, ցեղասպանությունների կանխարգելմանը եւ պատահական չէ, որ այս համատեքստում ընդունվեց այս բանաձեւը:

Ըստ փորձագետի, Եվրախորհրդարանի բանաձեւը կարող է իրավաքաղաքական ու բարոյաքաղաքական ֆոն ստեղծել ցեղասպանության հերքումը դատապարտելու գործընթացի վրա. «Լուրջ իրավական ազդեցություն կարող է չթողնել նաեւ հետագա զարգացումների վրա, բայց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացի համար դրական ազդեցություն կունենա»:

Նա նկատեց, որ փաստաթղթում ներառված է նաեւ Հռոմի պապի վերջին հայտարարությունները, ինչը վկայում է, որ այն իր ազդեցությունը թողեց. «Եվրոպան ցույց տվեց, որ շարունակում է մնալ քրիստոնեական եւ Հռոմի պապի կողմից հնչեցված գաղափարների հիշատակումը փաստաթղթում աննախադեպ էր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930