“Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան” հիմնադրամում տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է խորհրդի տարիքով ավագ անդամ, ակադեմիկոս, բուհի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանը: Խորհուրդը նախ հաստատել է օրակարգի հարցերը, որոնցից առաջինը վերաբերել է բուհի ղեկավար մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությանը՝ պայմանավորված բուհի ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերակազմավորվելու իրավական նոր կարգավիճակով: ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի կողմից նախագահի թեկնածու է առաջադրվել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ներկայացնելով Ա. Աշոտյանին՝ Վ. Հակոբյանը նշել է, որ նա եղել է բժշկական համալսարանի լավագույն շրջանավարտներից, իր կրթական ու հասարակական-քաղաքական գործունեությամբ նպաստ է բերել բուհի զարգացմանը: Հոգաբարձուների խորհուրդը միաձայն քվեարկությամբ նախագահ է ընտրել ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը: Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ նախարարը շեշտել է, որ բժշկական համալսարանը կրթական համակարգում ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է և պատահական չէ, որ նրա դերը առանձնակի կարևորվում է: ՀՀ ԿԳ նախարարը ընդգծել է նաև, որ նոր իրավական կարգավիճակով պայմանավորված` լիազոր մարմնի և ռեկտորատի մի շարք իրավասություններ վերապահվում են հոգաբարձուների խորհրդին:
Նիստի ընթացքում ընտրվել է նաև հոգաբարձուների խորհրդի քարտուղար, հաստատվել է “Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան” հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգը: Խորհուրդը քննարկել է նաև ԵՊԲՀ ռեկտորի թափուր տեղի մրցույթի կազմակերպման հարցը, որոշվել է ռեկտորի ընտրության մրցույթը հայտարարել սույն թվականի ապրիլի 20-ին, իսկ ընտրությունն անցկացնել հունիսի 5-ին՝ հաշվի առնելով թեկնածուների փաստաթղթերի ներկայացման 40-օրյա ժամկետի պահպանման կարգը:
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել են նաև մի շարք ընթացիկ հարցեր:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն