Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Շահեն Մեղրյանի աննկուն ոգին իմանալու համար բավական է իմանալ, որ նա Գյուլիստանի նահապետ Զինավոր դայու արժանավոր զավակն էր»

Ապրիլ 17,2015 11:00

1993 թ. ապրիլի 17-ին, երբ ուղղաթիռով իր մի քանի տղաների հետ Շահեն Մեղրյանը  գալիս էր Երեւան, ուղղաթիռը խփվեց հակառակորդի կողմից, բոլորը զոհվեցին

Անցյալ տարվա հոկտեմբերի 22-ին Արցախի նախագահ Բակո Սահակայնը Շահեն Մեղրյանին հետմահու շնորհեց Արցախի Հերոսի բարձրագույն կոչում, հանձնելով նրա որդուն՝ Զինավոր Մեղրյանին «Ոսկե արծիվ» շքանշանը, ի նշան ԼՂՀ պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության եւ անձնական արիության համար:

Շահեն Մեղրյանը ծնվել է 1952 թ. հունվարի 2-ին Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում։ Գերազանց ավարտելով միջնակարգ դպրոցը՝ նա 1969թ. ընդունվել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ։ 1975 թ. ավարտել է համալսարանը եւ վերադարձել Շահումյանի շրջան։ Աշխատել է որպես տնտեսագետ, ապա շրջանի ագրոարդյունաբերության վարչության պետ, 1991-1992 թթ. շրջանի շրջկոմի նախագահ եւ առաջին քարտուղար։

Շահեն Մեղրյանի մարտական ուղին սկսվել է 1988 թ.-ին:

Shahen_Mexryan_5

Շահենը, ըստ իր մարտական ընկերների, առաջիններից էր, որ զգացել է, թե առանց մարտական ջոկատների անհնար է պաշտպանել շրջանը: Այդ իսկ պատճառով նա կազմակերպել է զինված ջոկատներ։ 1990 թ. անդամագրվել է ՀՅԴ կուսակցությանը։
Ըստ Շահենի եղբոր՝ Պետրոս Մեղրյանի, «1990 թ. հունվարի 9-ին շրջանի ղեկավարությունը ամբողջությամբ գերի է վերցվում թշնամու կողմից` Մարտունաշենի ճանապարհին։ Շրջանի ինքնապաշտպանության առաջին գործողությունը տեղի ունեցավ Մանաշիդ գյուղում, 1990թ. հունվարի 12-13-ին, երբ ազերիները փորձեցին գյուղը տեղահանել, շրջանի նորաստեղծ խմբերը հետ շպրտեցին նրանց գյուղի սահմաններից։ Թշնամին մեծ կորուստներ տվեց այդ մարտում։ 1991 թ., երբ տխրահռչակ «Կոլցո» օպերացիայից հետո ընկավ Գետաշեն-Մարտունաշենը, Շահումյանի դրությունը կտրուկ վատացավ։

Shahen_Mexryan_1

1991 թ. հունիսին ազերիները, ռուսների օգնությամբ, գրավեցին շրջանի 3 գյուղերը՝ Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ։ 1991 թ. Շահենը՝ իր ջոկատների հետ, կազմակերպեց օպերացիա, որի արդյունքում սեպտեմբերի 11-13-ին ազատագրվեցին Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը»։

Վահան Հովհաննիսյանի հիշողությունների համաձայն. «Առանձնապես ծանր էր երկու կղզիացած գյուղերի՝ Գետաշենի եւ Մարտունաշենի վիճակը: Դրսի օգնությունից գրեթե իսպառ կտրված, շրջապատման դաժան օղակի մեջ՝ այս գյուղերը 1990թ. կեսերից արդեն դատապարտված էին: Սակայն ՀՅԴ ջոկատները եւ «Արաբօ» ջոկատը լեռնային կածաններով Շահումյանից հասան այստեղ եւ լիակատար հսկողություն հաստատեցին Գետաշենի ենթաշրջանում: Սկսվեց Գետաշենի 8- ամյա անօրինակ պաշտպանությունը, որը հսկայական, մինչեւ այժմ չուսումնասիրված դեր ունեցավ Ղարաբաղի ազատագրական պայքարի զինյալ փուլի կայացման գործում»:

Shahen_Mexryan_3

Ի դեպ, այդ օպերացիան առաջինն էր ԼՂՀ-ում, երբ արցախյան ազատամարտիկները կարողացան իրենց ուժերով գրավված տարածքները ազատագրել։
Պատմաբան Աշոտ Պետրոսյանի «Մեծն Շահեն» գրքում անդրադարձ կա 1991 թ. նոյեմբերի 29-ի գործողություններին, երբ Շահենի գլխավորությամբ մաքրվեց Թոդան ադրբեջանական գյուղը։ Ըստ պատմագրի, մինչեւ շրջանի անկումը, շրջանի ամբողջ ճակատով եղել են ընդհարումներ։ 1992 թ. հունիսի 13-ին բռնի տեղահանումից հետո, Շահենը կարողացավ Հաթերք գյուղում իր շուրջը հավաքել մի խումբ տղաներ՝ թվով 25 հոգի եւ այդ տղաների հետ մտավ թշնամու թիկունք։ Այդպես սկսվեց հայդուկային շարժումը ԼՂՀ հյուսիսային մասում։ Հայդուկների անմիջական օգնությամբ ազատագրվեցին Մարտակերտի մի շարք գյուղեր՝ Հաթերքը, Ակնաբերդը, Մադաղիսը, Տոնաշենը, Դաստագիրը, Սարսանգի ջրամբարը։ Գյուրան բոյի պարտությունը Սարսանգի ջրամբարի մոտ, թե ինչպես էին ազերիները խուճապահար փախչում, նկարահանել է օպերատոր Նեւզորովը եւ ցուցադրել ՌԴ հեռուստաալիքներով։ Այդ հաղթանակը Շահենինն էր ու իր հայդուկներինը։

Shahen_Mexryan_2

Ժիրայր Սեֆիլյանն իր հիշողություններում պատմում է. «Ես երկու առիթով եմ եղել Շահումյանում. 91-ի գարնան ու ամռանը: Սկզբում եղել եմ պարզապես որպես ջոկատի օժանդակ խորհրդատու, շարքային: Հետո եղել եմ ջոկատի հրամանատար, այստեղից գնացած ջոկատի: Արդեն այդ ժամանակ գործի բերումով Շահենի հետ շփվել ենք: Բացի դրանից, մի քանի սփյուռքահայ էինք մենք, ինքը սփյուռքահայերիս հատուկ ուշադրություն էր դարձնում այդ իմաստով, որպեսզի հանկարծ այնպես չլինի, որ հակառակորդի ձեռքն ընկնենք, որովհետեւ այդ ժամանակ կարող էր մեծ աղմուկ բարձրանալ, այդ հանգամանքը նկատի ունենալով՝ մենք իրենց տանն էինք մնում, անտառից իջնում էինք, իրենց տանն էինք մնում»:

1993 թ. ապրիլին ազատագրվեց Գյուլիստանը եւ գրավեցին դեպի շրջան տանող բոլոր բարձունքները։ Շահենը պատրաստվում էր ՀՀ գալուց հետո ազատագրել հարազատ շրջանը։
1993 թ. ապրիլի 17-ին, երբ ուղղաթիռով իր մի քանի տղաների հետ գալիս էր Երեւան, ուղղաթիռը խփվեց հակառակորդի կողմից, զոհվեցին Շահեն եւ Հայկ Մեղրյանները, Արտակ Խաչատրյանը, Գրիգոր Գրիգորյանը, Պողոս Սիմոնյանը, Ռաֆիկ Բադալյանը, Արմեն Բազյանը, Ալեքսանդր Մեժունցը, ուղղաթիռի անձնակազմը՝ Ջանփուլադ Մուրադյանը, Արամ Գրիգորյանն ու Իոսիֆ Միքայելյանը:

1993 թ. ՀՀ ՊՆ կողմից ստեղծվեց զորամաս, որի հրամանատար նշանակվեց Շահեն Մեղրյանը։ 1993 թ. հունիսի 15-ին ՀՀ ՊՆ թիվ 314 հրամանով զորամասն անվանակոչվեց «Շահեն Մեղրյան» հատուկ նշանակության ջոկատ։

Շահենն իր ընկերների հիշողություններում մնաց իբրեւ խորհրդանիշ՝ Մռովի սար, Մռովի արծիվ: Հարմիկ Հովսեփյանի բնորոշմամբ. «Շահենն այն շողացող աստղերից է, որ տասնմեկ տարիները մեկ գալիս են երկնքով, անցնում, շատ քչերին է բախտ վիճակվում էդ աստղը տեսնել»: Սիմոն Գաֆալյանի բնորոշմամբ, «Պապենական հերոսություն ուներ մեջը եւ կարողություն ուներ տղոց հետը շփվելու, կարողություն ուներ բանակին հետ, ամեն մարդու հետ կապ ստեղծելու, բոլորին ամեն բանե վեր պահելու»:
Դերենիկ Սարգսյանի գնահատմամբ. «Նա որպես մարտիկ է լավը եղել: Եվ մեզ որպես ոգեշնչող եւ որպես արդար մարդ: Որովհետեւ նա չէր նայում, թե ով է դիմացինը»:
Ռոլանդ Շառոյանի բնորոշմամբ. «Շահենը շատ յուրատիպ մարդ էր: Սակավաթիվ են մարդիկ, որոնց անուն-ազգանունը համապատասխան է իրենց կերպարին: Եվ ինքը ճիշտ Շահեն էր եւ ճիշտ Մեղրյան՝ իր բնավորության քաղցրությամբ, իր պայծառ ժպիտով, իր լիաթոք ծիծաղով, իր հումորով, իր սրամտությամբ, նրբազգաց հումորով: …Նրա նվիրվածությունը բացարձակ անանձնական էր: Իր համար հոգ չէր տանում, ինչ-որ խոսում-անում էր, ուզում էր քեզ համար լիներ»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. SVETLANA MARGARYAN says:

    <>- Գոնե «հակառակորդի կողմից» բառերը մի շեշտեք,թե չէ վաղն ի՞նչ պատասխան եք տալու ճշմարտությանը…Նաև ձեզ նմաններով է ամրապնդվում կեղծիքը,խեղաթյուրվում պատմությունը և ստով դաստիարակվում սերունդը…
    ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՉԳՐԵԼ ՈՉԻՆՉ, ՔԱՆ ՄԵՂԱՆՉԵԼ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԴԵՄ…
    ՆՐԱՆՑ ՀՈԳԻՆԵՐԸ ՉԵՆ ՆԵՐԻ ՍԱ….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930