Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԱԶԱՏ ՈՒ ՍԻՐԵԼԻ

Ապրիլ 17,2015 10:11

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ քառասունչորսերորդ

ՀԱՐԱԶԱՏ ՈՒ ՍԻՐԵԼԻ

Հիմա ավելի լրջորեն ու ավելի խորը մտածելով՝ ուրիշների պես ինքս էլ եմ սկսում  համոզվել, որ էս ընտրության արդյունքում երրորդ ու գործող նախագահը հեշտությամբ վերարտադրվելու է, եւ էս անգամվա ընտրությունը էապես է տարբերվելու նախորդներից՝ առաջին հերթին ընտրակաշառքի իմաստով, եւ քանի որ էս անգամ լուրջ ընտրապայքար չի լինելու, հնարավոր է՝ ընտրակաշառքի անհրաժեշտություն էլ չառաջանա. այսինքն, ամեն ինչից բացի, նաեւ բուն ընտրողն է  տուժելու, որովհետեւ բուն ընտրողն  ընտրություններին սրտատրոփ ու սրտի թրթիռով է սպասում, եւ հատկապես նախագահական ընտրություններին է սրտի թրթիռով սպասում, եւ հատկապես էս ընտրություններին է սրտատրոփ սպասել՝ հուսալով, որ էս ընտրություններին ընտրակաշառքի սակագինն էապես կբարձրանա, որովհետեւ բուն ընտրողն Օսկանյանի բոցաշունչ ելույթներից հետո միանգամայն իրավացիորեն ենթադրում էր, որ Ծառուկյանն անպայման կառաջադրվի, բայց Ծառուկյանը չառաջադրվեց, եւ բուն ընտրողն անհեթեթ ու անորոշ վիճակի մեջ է հայտնվել, եւ մինչ էս բաներն էի մտածում ու գրում, նոր տարին եկավ ու անցավ, եւ նախագահացուների առաջադրման ու ինքնառաջադրման վերջնաժամկետն էլ լրացավ, եւ հիմա արդեն 2013-ի հունվարի 5-ն է, եւ, փաստորեն, Քոչարյանի ու Նիկոլի տարբերակներն էլ ջրվեցին, եւ դա նշանակում է, որ երրորդն իսկապես արդեն վերարտադրված է, եւ դա նաեւ նշանակում է, որ ես արդեն առաջվանը չեմ եւ քաղաքական ենթադրություններիս մեջ լավ էլ  վրիպում եմ, եւ քաղաքական ու քաղաքագիտական վերլուծություններս էլ միանգամայն  թերի ու թույլիկ են, եւ դա, հնարավոր է, տարիքիս հետ էլ է կապված, բայց նաեւ հնարավոր է, որ էս մի քանի տարում մեր քաղաքական գործիչներն էնքան են առաջացել ու հմտացել, որ արդեն չեմ կարողանում իրենց քայլերն ու մտադրությունները կանխագուշակել, բայց, հնարավոր է, այլ պատճառներ էլ լինեն, չնայած, այնուամենայնվ, կարեւորը փաստն է, եւ փաստն այն է, որ, ի տարբերություն առաջվա, հիմա արդեն քչերն են ինձ խնդրում կանխագուշակություններ անել սպասվելիք քաղաքական, ավելի ճիշտ՝ ներքաղաքական իրադարձությունների ու զարգացումների վերաբերյալ, բայց դա ինձ առանձնապես չի հուզում, որովհետեւ, ի տարբերություն Ահարոն Ադիբեկյանի, ես իմ ներքաղաքական կանխագուշակությունների համար երբեւէ չեմ վարձատրվել, եւ հատկապես էս պահին չի հուզում, որովհետեւ ես միանգամայն հանկարծակի ու միանգամայն աննպատակ բուն նյութիցս շեղվելով՝ տեղափոխվեցի էս նոր տարի ու էս նոր նախընտրական շրջան, բայց դա էլ է ինձ համար սովորական երեւույթ, որովհետեւ նախկինում էլ է հաճախակի պատահել, որ ես իմ բուն նյութից հանկարծակի կտրվելով՝ անկախ ինձանից տեղափոխվել եմ մեր օրեր, եւ չնայած էդ բանը հիմնականում կանխամտածված չեմ անում, որոշ ընթերցողներիս մոտ տպավորություն է ստեղծվել, որ դիտմամբ եմ էսպես ժամանակից ժամանակ ցատկոտում, որպեսզի էդ ձեւով էս վեպս  հետաքրքիր դարձնեմ, եւ հիմա էս  հարմար առիթով պիտի խոստովանեմ, որ ես էս վեպիս տարածքում ընդհանրապես կանխամտածված որեւէ բան չեմ անում, եւ էս վեպս էսքան երկար գրելն ու շարունակելն էլ կանխամտածված չի եղել, եւ եթե կանխամտածված լիներ, վաղուց ավարտած կլինեի, որովհետեւ սովորաբար մարդիկ կանխամտածված բաները որեւէ կոնկրետ արդյունքի ակնկալիքով են անում, եւ կոնկրետ արդյունքի ակնկալիքով արվածը սովորաբար շտապողաբար անում ու շտապողաբար ցանկալի ավարտի են հասցնում, մինչդեռ ձեր խոնարհ ծառան էս վեպի հետ կապված կոնկրետ որեւէ ակնկալիք չի ունեցել, եւ որ սկսեցի, մտքիս ծայրով անգամ չէր անցնում, որ էսքան երկար կշարունակվի, եւ երբ  սկսեցի, մտքիս ծայրով չէր անցնի, որ որեւէ թերթի որեւէ խմբագիր կհանդգնի էս գրածս ու գրելիքս իր թերթում էսքան  տեւական տպագրել, եւ չնայած էս գրածներս վաղուց արդեն ոչ թե տպագիր «Առավոտում» են տեղադրվում, այլ ընդամենը՝ «Առավոտի» ինտերնետային կայքում, ես առաջվա պես մոլեռանդորեն շարունակում եմ հիշելով արտագրել իմ էս մինուճար կյանքում տեսածներս ու լսածներս, եւ չնայած կայքի ընթերցողները  տպագիր «Առավոտի» ընթերցողներից միանգամայն տարբեր են՝ ճաշակի ու մանավանդ տարիքի առումներով, ես մոլեռանդորեն շարունակում եմ առաջնորդվել իմ իսկ ճաշակով ու իմ իսկ նախասիրություններով, եւ իմ ճաշակն ու նախասիրություններն առանձնապես շատ չեն տարբերվում ձերինից, եւ չնայած էս պահին արդեն վաթսուն տարեկան եմ, եւ չնայած «Առավոտի» կայքի ընթերցողները թերթի ընթերցողներից անհամեմատ ջահել են, իրենցից ոմանք նույնիսկ իմ տարեկիցներից լավ են հասկանում ու  ընկալում էս գրածներս, որովհետեւ ես գրելու  ընթացքում անհամեմատ ջահելանում եմ՝ ոչ միայն էն պատճառով, որ իմ սիրած գործով եմ զբաղվում, այլեւ էն պատճառով, որ հիմնականում ջահելությանս տարիներն եմ հիշելով հիշեցնում ու գրի առնում, եւ ջահելությանս տարիները ոչ միայն ջահելների համար են հետաքրքիր, այլեւ՝ հասակակիցներիս համար, որովհետեւ իմ ու հասակակաիցներիս ջահելության տարիները մեկին մեկ են համընկնում, բայց, այսուհանդերձ, ի տարբերություն իրական ջահելների ջահելության, իմ ու հասակակիցներիս ջահելությունը վաղուց անցյալ է, եւ չնայած չափազանց սիրելի, չափազանց սրտամոտ ու չափազանց հարազատ անցյալ է, եւ չնայած չափազանց սիրելի ու չափազանց հարազատ է, ինչքան էլ հիշես ու գրես, ոչ մի կերպ ներկա չի դառնա:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930