Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմ Քարդաշյան. Հայաստանի գովա՞զդ, թե՞ հակագովազդ

Ապրիլ 17,2015 16:30

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարում թեման քննարկում են Գերագույն  խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը եւ PR մասնագետ Հայկ Կիրակոսյանը:

Արամ Աբրահամյան.– Մեզ պե՞տք է, որ այս օրերին Հայաստանի մասին հնարավորինս շատ խոսվի:

Ազատ Արշակյան.- Շատ պետք է, բայց միայն խոսելը քիչ է: Անհրաժեշտ է, որ բոլոր հնարավոր տարբերակներով ներկայացվի, հատկապես այս օրերին:

Ա. Ա.- Նույնիսկ բացասաբա՞ր:

Ա. Արշ.– Մենք առողջ ժողովուրդ ենք, սրբերից չենք, եթե կան բացասաբար մեր իմիջի վրա ազդող, մեր նկարագիրը փչացնող հանգամանքներ, դա էլ պետք է ցույց տանք, դա ընդհանրապես մեզ համար փրկություն է, ինքնաքննադատությունը առողջացման ուղի է:

Ա. Ա.– Ապրիլի 24-ին եւ հատկապես 100-ամյակին մեզ պե՞տք է, որ մարդիկ սատարեն մեր դատին եւ ընդհանրապես ներկայացնեն Հայաստանը:

Հայկ Կիրակոսյան.– Գիտեք ինչ, սատարել պետք է՝ անշուշտ, բայց նախ նշեմ, որ ինքնաքննադատությունը չի նշանակում սեփական տան խնդիրները ի ցույց դնել բոլոր հարեւաններին, այսինքն՝ ես կողմ չեմ այն տեսակետին, որ թող խոսեն՝ ինչ ուզում են խոսել: Մենք ոչ Ալլա Պուգաչովան ենք, ոչ էլ մի ազգ, որ որեւէ արժեհամակարգ չունի: Կարծում եմ՝ մենք այդքան ուշադրության բարդույթ չունենք այսօր: Վերջերս համացանցում հանդիպեցի հաշվարկների, թե ինչքան միլիոնների օգուտ բերեց այս կամ այն անձի այցելությունը, մի օր չտեսա, որ մեկը հաշվարկի՝ իսկ քանի միլիարդի օգուտ է բերել Կոմիտասի անձը ընդհանրապես այս ընթացքում՝ որպես համաշխարհային գործոն:

Ա. Ա.– Համաշխարհային աստղերը այժմ որ գալիս են Հայաստան, ոչ միայն Քիմ Քարդաշյանը, այլեւ, ասենք, Քլունին, Սպիվակովը կամ, ասենք, Բեյոնսեն՝ նրանք մեզ օգուտ չե՞ն բերում:

Հ. Կ.– Որոշները ոչ թե ինչ-որ հայանպաստ գործ անելու համար են գալիս, այլ ուղղակի դա իրենց PR-ն են անում, որը էպատաժային գործելաոճի աստղերին բնորոշ է: Նույն անձը հաջորդ տարի կարող է գնալ Թուրքիա եւ հայտարարել, թե «թուրքերը իմ եղբայրներն են»: Արդյոք մենք պատրա՞ստ ենք պատասխան տալ նրա համար, ում այդքան գրկաբաց ընդունում ենք:

Ա. Ա.– Հանկարծ Քարդաշյանը վաղը գնա Ստամբուլ եւ ասի՝ թուրքերը իմ եղբայրներն են, ի՞նչ ենք անելու:

Ա. Արշ.- Ստամբուլ գնալը վատ չէ, որովհետեւ Քիմ Քարդաշյանը ծագումով Արեւմտյան Հայաստանից է, դրանով ցույց է տալու աշխարհին եւ թուրք հասարակությանը, որ թուրքական պետության քաղաքական էլիտան ինքնավնասարար վերնախավ է: Այն, ինչ կատարվել է Արեւմտյան Հայաստանում՝ ցեղասպանությունը, ինքնավնասարարություն էր թուրքական պետության համար: Եթե Քիմ Քարդաշյանը գնա Ստամբուլ եւ ասի՝ դուք իմ եղբայրներն եք՝ դա անիմաստ է: Բայց ովքեր էլ որ կան եւ ապրում են Թուրքիայում եւ ասում են, որ մենք հայ ենք, օրինակ՝ զոհված Հրանտ Դինքը, դա չեմ համարում դավաճանություն, դա մեր հայրենիքն է, մեր օկուպացված հայրենիքը:

Ա. Ա.- Այսինքն՝ չպետք է բարդույթներ ունենանք:

Հ. Կ.– Այստեղ կոմպլեքսների հարց չկա, այստեղ՝ «7 մոր ծիծ ուտելու» քաղաքականությունը կամ միաժամանակ մի քանի գերտերությունների պոչից բռնելը ժամանակ առ ժամանակ մեզ՝ հայերիս հասցրել է աղետի: Եթե նյութական աշխարհում այդպես է եղել, ապա ակնհայտ է՝ հոգեւորում էլ է այդպես: Եթե մենք որեւէ արժեհամակարգ չունենք եւ գտնում ենք, որ դավանենք բոլոր այն արժեքներին, որը որ մեզ այս պահին կարող է օգուտ բերել, ապա նույն պատմությունն է լինելու:

Ա. Ա.– Մենք արժեքների՞ մասին ենք խոսում, թե՞ գովազդի:

Հ. Կ.– Իհարկե՝ արժեքների մասին ենք խոսում: Մի՞թե Հայաստանի գովազդն է, երբ 10-15 տարեկան աղջնակները՝ հավաքված հյուրանոցի դիմաց, գոռում են «Քիմ, Քիմ»: Մենք շատ գերագնահատեցինք այս ընթացքում համաշխարհային լրատվական ազդեցությունը՝ հաշվի չառնելով, որ մինչ մենք ուրախանում ենք ժամանակից շուտ, թե սա մեզ դիվիդենդներ բերեց որոշակի՝ մեր մասին խոսեցին (թեկուզ դա կոպեկի արժեք չունի), թուրքերը հոգ տարան նույն իրադարձությունը ներկայացնելու մոտավորապես այսպես` անառակին Հայաստանում դիմավորել են աղ ու հացով՝ թագուհու պես:

Քննարկումն` ամբողջությամբ

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
16.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930