Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է աղմկում Ժիրինովսկին

Ապրիլ 17,2015 16:00

«Թուրքերի պորտը տեղը դնող» Ժիրինովսկին
առաջարկում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտ մտցնել ԼՂՀ

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, մի ժամանակ Հայաստանի ու հայերի «ամենահավատարիմ» բարեկամ ու «թուրքերի պորտը «դուխով» տեղը դնող» Վլադիմիր Ժիրինովսկին, որի մոտ վերջերս խորը հարգանքն է արթնացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ադրբեջան երկրի նկատմամբ, ուշագրավ մտքեր է արտահայտել Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ առհասարակ հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ:

Նա նախ տեղեկացրել է, թե Ռուսաստանը երբեք չի պատերազմել Հայաստանի դեմ, երկու երկրների միջեւ մշտապես եղել են լավ հարաբերություններ, որոնք այդպիսին են մնում նաեւ այսօր. «Դա հիմնավորված է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքով, որը գտնվում է ռիսկային գոտում` Իրանի, Թուրքիայի, Իսրայելի հարեւանությամբ: Այսօր տարածաշրջանի ամենացավոտ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղն է: Ռուսաստանը չունի որեւէ հիմք` բանակի ուժերով միջամտելու համար, սակայն Հայաստանի ու Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների դեպքում Ռուսաստանը կկարողանար մտցնել խաղաղապահ կոնտինգենտ` արյունահեղությունը բացառելու համար: Թեեւ, բնականաբար, մշտապես կան օտար միջամտության ու սադրանքների ռիսկեր, ինչպես որ դա եղավ Աբխազիայի դեպքում»:

Այստեղ պետք է, հավանաբար, երախտապարտ լինենք, որ Ժիրինովսկին հիմքեր չի տեսնում, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ պատերազմի, բայց ինչպես երեւում է՝ ոչ թե դրա հիմք են հանդիսանում Հայաստան-Ռուսաստան «ռազմավարական» հարաբերությունները, այլ պարզապես «բախտներս բերել է» Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքով:

Այնուհետեւ Ժիրինովսկին հետխորհրդային երկրների ճամբարում հակառուսական տրամադրությունների ու քաղաքականության գլխավոր հրահրող է համարել Միացյալ Նահանգներին: Ժիրինովսկին Հայաստանին կոչ է արել ինքնուրույն հստակեցնել սեփական ճակատագիրը, սակայն դրա հետ մեկտեղ զգուշացրել է, որ առանց Ռուսաստանի Հայաստանը մեն-մենակ կմնա Իրանի ու Թուրքիայի դեմ: Սա դեռ ամենը չէ, պարզվում է՝ Ժիրինովսկին գտել է «հայերի ու ռուսների համախմբման» նոր խթան, դա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է. «Կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է Ցեղասպանության հիշատակի միջազգային ընդհանուր օր: Հայոց ցեղասպանությունը եղել է ամենամասշտաբայինը, սակայն այդ ժամանակներում ոչնչացվել են նաեւ այլ ժողովուրդներ. ռուսները` Ավստրո-Հունգարիայում, ավելի ուշ` հրեաները, գնչուները եւ մյուս ժողովուրդները: Այժմ ռուսներին ոչնչացնում են Ուկրաինայում: Մերձավոր Արեւելքում ու Աֆրիկայում քրիստոնյաներին սպանում են իրենց հավատի համար, ոչնչացնում են նրանց մշակութային հուշարձանները: Անհրաժեշտ է վերջնականապես կանխել այդպիսի մեթոդները»:

Ժիրինովսկին Ղարաբաղ ռուսական խաղաղապահ կոնտինգենտ տեղակայելու գաղափարի մասին արդեն երկրորդ անգամ է խոսում, եւ որքան Ռուսաստանի իշխանությունները, մասնավորապես` Պուտինն ու Մեդվեդեւը նրա ելույթների ընթացքում լիաթոք ծիծաղեն, բոլորի համար է պարզ, որ Ժիրինովսկին վաղուց է արտահայտում Կրեմլի տեսակետը, իսկ ռուս-ուկրաինական ճգնաժամից հետո նա հանդես է գալիս առավել ընդգծված կայսերապաշտական նոտաներով համեմված ելույթներով:

Մարտի վերջին Ժիրինովսկին ադրբեջանական Haqqin.az-ին էր հարցազրույց տվել, որում անդրադարձել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին ու անկեղծացել: «Ինչպե՞ս կարելի է լուծել Ղարաբաղյան հիմնախնդիրը: Եթե Ղարաբաղը վերադարձվի Ադրբեջանին, կվիրավորվեն հայերը: Եթե ճանաչվի ներկայիս ստատուս քվոն, կվիրավորվեք դուք: Ես առաջարկում եմ երրորդ տարբերակը. կարելի է Ղարաբաղը հայտարարել Մոսկվայի վերահսկողության ներքո: Թող Ռուսաստանն այդ գոտում ապահովի հայերի ու ադրբեջանցիների անվտանգությունը, ապահովի մարդկանց ազատ տեղաշարժը, վերականգնի տնտեսությունը: Դա կարելի է փորձել որպես միջանկյալ տարբերակ: Չե՞ն ցանկանում, որ Ղարաբաղում ծածանվի ադրբեջանական դրոշը, կարելի է հնարել ընդհանուր դրոշ, ասենք՝ ԱՊՀ-ի դրոշը: Թող դրանում լինեն ռուսական, հայկական ու ադրբեջանական դրոշների տարրեր»,- խորհուրդ էր տվել Ժիրինովսկին:

Այնուհետեւ խորացել պատմության մեջ. «…Չէ՞ որ ցարական Ռուսաստանում չեն եղել նման խնդիրներ: Եղել են Երեւանի ու Բաքվի նահանգներ: Խնդիրներ չեն եղել, որովհետեւ դա եղել է տարածքային բաժանում եւ ոչ թե ազգային սկզբունքով բաժանում: Սակայն դուք արդեն անկախ երկրներ եք, եւ դեպի անցյալ ճանապարհ չկա: Տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել: Դուք պետք է հասկանաք, որ Մոսկվան չունի համակրանք կամ հակակրանք: Մեզ անհրաժեշտ չէ որեւէ պատերազմ: Անհրաժեշտ էր պահպանել ԽՍՀՄ-ը եւ ճնշել բոլոր կոնֆլիկտները: Անկարելի էր թույլ տալ միջէթնիկական հենքով կոնֆլիկտներ: Անհրաժեշտ էր արմատապես կանխել դրանք: Ամեն ինչ սկսվեց Ղարաբաղից, ապա եկան Միջին Ասիան, Վրաստանը, Մերձբալթիկան: Եվ ամենուրեք արյուն էր: Մեղավոր է Գորբաչովը»:

Ժիրինովսկուն հարց էին ուղղել Ուկրաինայի թեմայով եւ հետաքրքրվել էին, թե արդյոք համաձա՞յն է, որ աշխարհը գտնվում է նոր համաշխարհային պատերազմի շեմին, նա պատասխանել էր. «Պատերազմ չի լինի: Ամերիկան լավ է ապրում, ինչո՞ւ նա պետք է կորցնի այդ ամենը: Ըստ ամենայնի, կլինի Ուկրաինայի բաժանում: Դա կլինի նաեւ Ղարաբաղում: Ղարաբաղում կլինի առանձին կարգավիճակ, եւ կմտցվեն ռուսական զորքեր, որպեսզի չկարողանան գերակայել ո՛չ հայերը, ո՛չ էլ ադրբեջանցիները: Նույնը կարելի է ասել նաեւ Ուկրաինայի համար. անհրաժեշտ է Արեւելյան Ուկրաինան հանձնել Ռուսաստանին, իսկ արեւմտյան մասը թող լինի այնպիսի պետություն, ինչպիսին որ փոքրիկ Չեխիան, Սլովակիան ու Բուլղարիան են: Եվ թող մտնի ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի կազմ: Ամեն ինչ կհանդարտվի դրանով»:

Կարելի է, իհարկե, ասել, թե Ժիրինովսկին ընդամենը անձնական կարծիք է հայտնում, նա չի մասնակցում ղարաբաղյան բանակցություններին եւ լիազորված չէ կարգավորման տարբերակներ առաջարկել հայերին եւ ադրբեջանցիներին: Շատ հաճախ տարբեր թեմաներով կարծիքներ են հայտնում նաեւ Դուգինը եւ այլք: Բայց դրանք առավելապես ռուսական իշխանական քարոզչամեքենային փոխլրացնող «ազդեցիկ» տեսակետներ են, որոնք տիրաժավորվում են կոնկրետ նպատակներով` հասարակական տրամադրությունները շոշափելու համար:

Ո՞ւմ համար է անհավատալի միտք թվում, որ այսօրվա Ռուսաստանը դեմ կլիներ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտ տեղակայելու գաղափարին: Այսօր դրա մասին խոսում է Ժիրինովսկին, ապագայում այդ տարբերակը կարող է չբացառել, օրինակ, Նիկոլայ Բորդյուժան: Մանավանդ հիմա, երբ պաշտոնական Մոսկվան՝ ի դեմս արտգործնախարար Սերգեյ Լավրովի, շեշտեց վերջերս. «Մտքներովս էլ չենք անցկացնի, թե հակամարտությունը կտեղափոխվի տաք փուլ…»:

Այնպես որ՝ հարցը, թե ինչո՞ւ է սկսել աղմկել Ժիրինովսկին, ունի պատասխան: Մնում է մտորել դրա պատճառների մասին:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    “Այնպես որ՝ հարցը, թե ինչո՞ւ է սկսել աղմկել Ժիրինովսկին, ունի պատասխան: Մնում է մտորել դրա պատճառների մասին:”

    Այսինքն ձեր ասածով “ինչու”-ն գիտեք, բայց “պաճառը” չգիտեք? դրանք նույն բանը չէն? Շատ կներեք երևում է ոչ պաճառը գիտեք, ոչ ինչուն:

  2. Գոռ says:

    Հեղինակին կխղնդրեի նշել տեղեկատվության աղբյուրը՝ հղում կատարելով սկզբնաղբյուրին: http://www.rusarminfo.ru

  3. Hayk says:

    Где мой коммент? Г. Абрамян, Вы не контролируете газету?

  4. Hayk says:

    Պ. Աբրահամյան: Փաստորեն, Դուք և Ձեր լրագրողները իիիինչ մտքներովդ անցնում է, տպագրում եք, իսկ մեր հղումները «կորցնում եք»: Ինչու???

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930