Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բանակին ոչ միայն օդաչուներ ու տանկիստներ են հարկավոր, այլեւ բանակի համար պարեն արարող զինվորներ

Ապրիլ 17,2015 15:00

Մեծարգո վարչապետ, ես 76 տարեկան եմ, ամբողջ կյանքս ապրել եմ գյուղում։ Ծերուկիս շատ է անհանգստացնում օր օրի դատարկվող գյուղերի վիճակը, ուստի համարձակվում եմ դեղատոմս առաջարկել գյուղերը շենացնելու համար։ Ըստ իս` հողի սեփականաշնորհումը ճչացող թերություններով եղավ։ Իրար հարեւան հողաշատ գյուղերից մեկում մեկ հողաբաժինը 3 հեկտար է, հողասակավ գյուղում՝ 1 հեկտար։ Հողաշատ գյուղի 5 աղջիկ ունեցող ընտանիքը երեք բաժին հող ստացավ՝ 9 հեկտար, իսկ հողասակավ գյուղի 5 տղա ունեցողը՝ 3 հեկտար։

Հողատեր աղջիկները ամուսնացել, գյուղից հեռացել են, 9 հեկտար հողը մնացել է երկու ծերերին։ Հինգ տղաներն ամուսնացել են, դարձել երեսուն շունչ, իսկ հողը նույնն է՝ 3 հեկտար։ Նման ընտանիքները եզակի չեն գյուղերում։ Իմ կարծիքով՝ հողի մասին օրենքը պիտի բարեփոխվի, հողի առքուվաճառքը արգելվի, եւ մարող ընտանիքների հողերը անցնեն համայնքի աճող ընտանիքներին՝ անվճար սեփականաշնորհելու պայմանով: Ինչպես գիտեք, գյուղերում ապրուստի միակ միջոցը հողն է։ Պարզ է, որ անտուն, անգործ, անհող երիտասարդ ընտանիքները կլքեն գյուղը։ Ծերերը մահանում են, երիտասարդները՝ գնում, շեն գյուղերը դատարկվում են։ Եթե այսպես շարունակվի, Երեւանը շուտով կդառնա քաղաք պետություն։

Շատ գյուղերում կան դեռեւս չթալանված կարի ֆաբրիկաներ, գյուղերում աշխատատեղեր ստեղծելու մի տարբերակն էլ ֆաբրիկաները վերագործարկելն է։ Էլ ինչ քաղաք՝ առանց գյուղերի, էլ ինչ գյուղացի՝ առանց հավի, կթանի։ Գյուղացի կինը, որ դույլով կաթն ու փեշով ձվերը գոմից տուն չբերի, էլ ինչ գյուղացի։ Հայ ժողովուրդն արարող է։ Եթե մի փոքր աջակցող լինի, քարից էլ հաց կքամի։ Հային ոչ թե ձուկ պիտի տալ, այլ ձուկ բռնելու ցանց։ Գյուղացու համար շատ մեծ չարիքներ են կարկուտը, երաշտն ու ցրտահարությունը։ Ավելի սարսափելի չարիք են իրենց դարն ապրած տրակտորն ու կոմբայնը։ Օրեցօր թանկացող սերմացուն, պարարտանյութն ու դիզվառելիքը թեւաթափ են արել գյուղացուն։ Հազարավոր հեկտար բերրի հողերը մնացել են անմշակ։ Այս վիճակից դուրս գալու միակ ելքը գործող համակարգը բարեփոխելն է։

Նախքան խորհրդային կարգերը ամեն գյուղ ունեցել է քյոխվա, գրագիր ու գզիր, խորհրդային տարիներին՝ գյուղխորհրդի նախագահ, քարտուղար ու կատարածու։ Անհասկանալի է՝ ինչ է փոխվել գյուղերում, որ գյուղապետարանները 10-ից ավելի աշխատողներ ունեն։ Ըստ իս՝ գյուղերը շենացնելու ամենալավ տարբերակներից մեկն էլ գյուղական համայնքների միավորումն է, տարածքային կենտրոնների ստեղծումը, որոնց կազմում կարելի է ընդգրկել իրար մոտ գտնվող 10֊ից 15 գյուղ։ Եթե ամեն գյուղապետարանից 2-ից 3 հաստիք տրվի կենտրոնին, կենտրոնը կունենա 20֊ից 30 աշխատող՝ հիմնականում մասնագետներ եւ մեխանիզատորներ։

Կենտրոնը կունենա իր մեքենատրակտորային պարկը, գանձարանը, պահեստային տնտեսությունը, ավագանին։ Գյուղերը հարկուտուրքից հավաքած գումարը կմուծեն կենտրոնի գանձատուն։ Գանձարան կփոխանցվի նաեւ պետբյուջեից տրվելիք դոտացիան։ Եվ այդ մեծաքանակ գումարը կծախսվի միայն կենտրոնի ավագանու որոշումներով, որի անդամները կլինեն ամեն գյուղից ընտրված մշտական գյուղաբնակ բազմափորձ մարդիկ։ Կենտրոնը իր միջոցներով կոմբայն ու տրակտոր կգնի, ժամանակին ձեռք կբերի սերմացու, պարարտանյութ, դիզվառելիք, քիմիկատներ։ Գյուղացիների վարուցանքը, հունձը կկատարվի ժամանակին, որակով ու մատչելի գներով։ Գյուղացիներից ցանկացողները կամավոր հիմունքներով իրենց հողերը մշակելու համար պայմանագրով կհանձնեն կենտրոնին, հողակտորները կմեծանան, խոպան դարձած հողերը՝ կմշակվեն, գյուղացին հողից եկամուտ կստանա ու չի լքի գյուղը։

Հողի սեփականաշնորհման ժամանակ շատ գյուղապետեր գյուղերին մոտիկ բերրի հողերն իրենցով արին ու մերձավորների անուններով ձեւակերպեցին երկարաժամկետ վարձակալում։ Ըստ իս՝ նպատակահարմար է պահեստային հողերը հանձնել պաշտպանության նախարարությանը։ Բանակին ոչ միայն օդաչուներ ու տանկիստներ են հարկավոր, այլեւ բանակի համար պարեն արարող զինվորներ։

Ըստ իս՝ 18 տարին լրացած ամեն երիտասարդ՝ անկախ ազգությունից, սեռից ու հավատից, պարտավոր է 2 տարի ծառայել հայրենիքին, եւ բոլոր նրանք, որոնք շարային ծառայության համար պիտանի չեն, թող ծառայեն պարեն արարող զորանոցներում, զուգահեռ զենք բռնել սովորեն՝ անհրաժեշտության դեպքում իրենց տունն ու շենը պաշտպանելու համար։
Մեծարգո վարչապետ, իմ կարծիքով՝ գյուղերը շենացնելու տարբերակներից մեկն էլ տեղական հումքով գյուղերում ձեռնարկություններ ստեղծելն է։

Մեր երկիրը հարուստ է հանքաքարերով եւ խեցեգործության համար պիտանի կավով, դրա համար էլ պիտի զարկ տալ հանքաքարերի մշակմանը եւ խեցեգործությանը։ Պիտի մեծ գյուղերում ստեղծել կավից իրեր պատրաստող, կաշի, բուրդ ու մորթի մշակող, գորգ ու կարպետ գործող, սպիտակեղեն, մուշտակ, արտահագուստ, կոշիկ, հողաթափեր կարող, ապակյա տարաներ, ոսկյա զարդեր պատրաստող, հանքաքարեր, ադամանդյա քարեր, միրգ ու բանջարեղեն մշակող եւ այլ ձեռնարկություններ ու արտադրամասեր։ Այս ամենը արագ կյանքի կոչելու համար գումարը պետք է պետբյուջեից հատկացնել։

Հարգելի վարչապետ, իմ կարծիքով՝ շատ մեծ շռայլություն է մեր փոքր եւ աղքատ երկրի համար բազմամարդ աշխատակազմով 10 մարզպետարան, իրար կրկնող 20-ից ավելի նախարարություններ, մի քանի տասնյակ վարչություններ, կոմիտեներ ու Ազգային ժողովի 131 պատգամավոր ունենալը։ Նրանցից շատերը կոճակ սեղմող են միայն։ Անհասկանալի է՝ բիզնեսով զբաղվող գործարար մարդիկ ինչ անելիք ունեն օրենսդիր մարմնում։

Կամ՝ գյուղնախարարության նպատակը ո՞րն է, երբ կոլխոզ-սովխոզները վաղուց լուծարվել են, գյուղացուն աջակցող չկա, ինքն է ու իր հողը։ Ըստ իս՝ սահմանափակ աշխատակազմով գյուղապետարան, գյուղական համայնքների միավորման տարածքային կենտրոն, տարածքային կառավարման նախարարություն, կառավարության կառույցը բավական են։
Գյուղերին ոչինչ չտվող մարզպետարաններն ու գյուղնախարարությունը այս կառույցում անելիք չունեն։ Մեծարգո վարչապետ, իմ կարծիքով՝ պատգամավորների քանակը պիտի կրճատել, նախարարություններն ու վարչություները միավորել եւ տնտեսած գումարներով գյուղերում, քաղաքներում աշխատատեղեր ստեղծել։ Սփյուռքահայ մեծահարուստների նվիրած գումարները նույնպես պիտի ներդնել անտուններին տնավորելու եւ աշխատատեղեր ստեղծելու համար։ Աշխատատեղեր ստեղծելով, կարգուկանոն հաստատելով է հնարավոր երկիրն արագ շենացնել։ Պարոն վարչապետ, անհասկանալի է նաեւ 10-ից ավելի ստուգող, վերահսկող կազմակերպություններ ունենալու նպատակը։ Ավելի լավ չի՞ լինի ունենալ մի ժողովրդական վերահսկողության կոմիտե։ Հավատացեք, մինչեւ աղքատներն ու միջին խավը չպայքարեն կոռուպցիայի դեմ, այն չի վերանա։
Այսօրվա բրուտոսներին մամուլով, ռադիոյով եւ հեռուստատեսությամբ պիտի լավ նսեմացնել եւ զրկել հետագայում պաշտոն վարելու իրավունքից, որ դաս լինի մյուսներին, թե չէ՝ պետությունից գողացված հարյուրավոր միլիոնների մի մասը պետբյուջե վերադարձնելով եւ այլ աշխատանքի տեղափոխելով՝ կոռուպցիան չի վերանա։
Ժողովուրդը պիտի իմանա, թե ում է ձայն տալիս, ովքեր են այսօրվա չինովնիկներն ու մեծահարուստները։ Պետբյուջեն թալանողները՝ անկախ ծագումից, պաշտոնից ու դիրքից, պետք է պատժվեն օրենքի ամենայն խստությամբ։

Պարոն վարչապետ, իմ ոտքն այն աշխարհում է, իմ սիրտը ցավում է դատարկվող գյուղերի, բազմահազար անգործ երիտասարդների համար։ Քանզի մեր երկրի մեծ ու փոքր չինովնիկներից շատերը սրտացավ չեն աշխատում, այլ մտածում են թալանելու եւ արագ հարստանալու մասին, այլապես երկիրը այս վիճակին չէր լինի։

ՄԻՆԱՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
Լոռու մարզի Շիրակամուտ
համայնքի ավագանու անդամ

«Առավոտ» օրաթերթ
16.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Գայսեն says:

    Միաիտ ԼՈՌԵՑԻ

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Խելացի առաջարկներ:

  3. Ամենակարևորը- օգնել գյուղացուն ապրանքի իրացման հարցում: Հսկայական շուկա է բացվել: Գյուղ ապրանքի ու մթերքի երաշավորված իրացման դեպքում շատ շատ հարցեր կլուծվեն: Իսկ որ շատ հաստիքներ մարզպետարաններում ու քաղաքապետարաններում անիմաստ ու ավելորդ են, դա բոլորը գիտեն: Նրանք ընտրություններին ձեն բերող մարդիկ են ու այդ պատճառով անձեռնմխելի են, նրանց չեն կպնի ոչ մի դեպքում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930