Լրահոս
Օրվա լրահոսը

Հայը եւ երջանկությունը

Ապրիլ 17,2015 14:30

Բազմաթիվ անեկդոտներ սկսվում են այսպես՝ «Հայը, ռուսը, վրացին, ադրբեջանցին…», որոնք ընկնում են դժվար իրադրության մեջ եւ աշխատում դուրս գալ ըստ իրենց շնորհների:
Այժմ պատկերացնենք, որ հասարակության մեջ ինչ-որ բան, շատ անհրաժեշտ բան, պակասում է, չկա: Մեզ առավել մոտ ու հեշտ հասկանալին էներգիայի՝ էլեկտրականության, գազի, նավթի, բենզինի դեֆիցիտն է: Ինչպիսի՞ լուծումներ կլինեն:

Հայկական մոդել

Հայը ճարում է վառելիքը՝ հայտնի կամ անհայտ, հնարավոր կամ անհնարին բոլոր ձեւերով: Վառարան է սարքում տանը, կտրում է հարեւանի կամ հասարակական այգու, անտառի ծառերը, Սեւանի սիգը փոխում ադրբեջանական նավթով եւ այլն: Ակումուլյատոր է դնում եւ ընտանյոք հանդերձ հեռուստացույց դիտում՝ ծիծաղելով անվառարան ու անակումուլյատոր հարեւանի վրա:

Ադրբեջանական մոդել

Ադրբեջանցին ոչինչ չի անում, բայց նրա փոխարեն մտածում է առաջնորդը: Լուծումը հայտնի է՝ փնտրել բավարար չափով թույլ մի հարեւան հանրություն եւ սեփական ժողովրդին կազմակերպելով գնալ ու նրանցից խլել ունեցվածքը:

Վրացական մոդել

Վրացին առաջնորդ չի ճանաչում, որին անառարկելիորեն ենթարկվի եւ որն իր փոխարեն մտածի: Լուծումը՝ դեֆիցիտի վերաբաշխումն է գողության ճանապարհով: Գողանում են բոլորը՝ իրարից ու վերաբաշխում:

Ռուսական մոդել

Ռուսը վերցնում է կացինը եւ գնում շրջկոմի քարտուղարի տուն՝ «Տուր, – ասում է, – ինձ նավթ, թե չէ գլուխդ կկտրեմ եւ Վանյային կդնեմ քո փոխարեն՝ նա քեզանից ավելի գանգրահեր է»:

Արեւմտյան մոդել

Իշխանությունները չեն բավարարում՝ ժողովուրդը գնում է ընտրությունների եւ այլ իշխանություն ընտրում: Այս մոդելը մեզանում չի գործում եւ դեռ երկար չի գործելու՝ ընտրվելու են միայն եղածները:

Իհարկե, այս մոդելները կան բոլոր ազգերի մեջ, բայց առավել բնութագրական են հենց այս ազգերին: Դա են վկայում եւ՛ բանահյուսությունը, եւ՛ ազգագրությունը, եւ՛ պատմությունը: Հայերը՝ կառուցող, շինարար, ընդհուպ մինչեւ «շինիչ» ազգ են, դեֆիցիտի բնածին հաղթահարողներ: Եվ իզուր չէ, որ սովետական բանակի որոշ (շինարարական) վաշտերում դեֆիցիտ հաղթահարելու գծով մի հայ սերժանտ էր լինում (գոնե այդպես էր մեր կայազորում եւ այդպիսին էր տողերիս հեղինակի բանակային պաշտոնը): Հայերին հաղթողները նրանց տարել են իրենց երկրները, որ կառուցեն իրենց քաղաքները: Հայկական էպոսում էլ Սանասարն ու Բաղդասարը քաղաք են հիմնում անտեր ու անմշակ «Սեւ սարում»:

Թյուրքական ցեղերի պատմությունը բավական հայտնի է: Թուրքը լավ հարեւան է մինչեւ շեյխ-ուլ-իսլամի՝ քեզ վրա հարձակվելու հրամանը: Հիանալի է ադրբեջանական էպոսը՝ «Քյոռօղլին», ուր գործողությունները ծավալվում են պատմական Հայաստանում, որը որոշ ադրբեջանաթուրք «քյոռօղլիագետների» լեզվով կոչվում է «Հարավային-Արեւմտյան Ադրբեջան», իսկ կերպարները կրկնում են հայկական էպոսի կերպարները:
Վրացական էպիկական բանահյուսության հերոսներն ազնիվ ավազակներ են՝ Ռոբին Հուդի տիպի, հասարակական արտադրության բաշխման սխալներն ուղղողներ: Բնութագրական է, որ «օրենքով գողերի» գլխաքանակով վրացիները եւ վրաստանցիները մեր աշխարհում զբաղեցնում են առաջին տեղը բոլորի մեջ, եւ նրանց ազգային շարժման նշանավոր առաջնորդ Ջաբա Իոսելիանին էլ նշանավոր «օրենքով գող» է եղել:

Ռուսների պատմությունը սքանչելի է Ստեպան Ռազինի, Պյոտր Բոլոտնիկովի եւ Եմելյան Պուգաչովի ապստամբություններով, որոնք պսակվեցին լենինյան արշալույսով՝ երջանկացնելով նաեւ հարեւան ազգերին:

Ո՞րն է լավը: Ո՞ր մոդելը: Բազում են ինքնագովության մոլուցքով վարակված «շինարար, ստեղծագործ հայերի» հայ կողմնակիցները, հատկապես հաջողված կամ ձախողված բանաստեղծների շրջանում: Բայց ո՞վ է հաջողության հասել: Նայեք վերոհիշյալ ազգերի տարածքային-քաղաքական կացությանը:

Իսկ ամենավատը, ըստ նույն որակավորման մտածողների, ռուսական մոդելն է: Նրանք սպանեցին իրենց թագավորին եւ, ընդհանրապես, այդ մոդելը նվազագույն քանակի պոեզիա է պարունակում: Կա կացին եւ ռայկոմ, չկա մտքի թռիչք:

Իսկ ո՞րն է հայի, ավելի շուտ՝ հայ տղամարդու ամենամեծ երջանկությունը: Բոլորովին էլ ոչ գեղեցիկ «նանարները», ինչպես նորմալ ազգերի մոտ: Ո՛չ, հազար անգամ ո՛չ, թեեւ հայ տղամարդը դեմ չի գլուխ գովելու համար մեկ-երկու սիրային արկած ունենալուն: Հայ տղամարդուն պետք է տուն, եւ նա իր ողջ կյանքն ու եռանդը կտա իր տունը վերակառուցելուն: Մանրահատակը փոխել, պատշգամբը «շուշաբանդել», թթվի լավ քար ճարել, «ռեմոնտ» անել եւ այլն, բայց ամենակարեւորը, օ՛, ամենաչքնաղը՝ տան ներքին միջնորմների վերատեղադրումն է: Ամեն 27 քառակուսի մետրանոց բնակարան հնարավոր է վերածել 72 մետրանոցի, պետք է միայն համապատասխան քանակությամբ հայի շինարար ոգի: Տվեք հային անմիջնորմ մի բնակարան, եւ նրան այլեւս ոչինչ պետք չէ այս եւ հաջորդ կյանքերում հավերժական երջանկության համար: Ես չեմ հավատում, որ կա միջնորմների այդ «իկեբանան» հայի պես հասկացող ու գնահատող որեւէ այլ ազգ: Բա «չուլանների» ու «չերդակների» հզոր ռոմանտիկա՞ն: Բա «կաֆե՞լը»: Բառերն այստեղ ավելորդ են:

Ուրեմն, հայերը հակված են վերափոխելու, զարգացնելու հասարակական կառույցի իրենց սեփական հատվածը՝ ընտանիքի տարածքը: Իսկ հասարակական տարածքի հերն անիծած, մանավանդ՝ հարեւանի: Այսպիսով, հայի ամենամեծ երազանքն է՝ անմիջնորմ մի բնակարան եւ միջնորմների դեֆիցիտ, որ նա կարողանա հաղթահարել:

Ինչպես ինձ բացատրեց մի գնչուհի, իմ տոհմի հիմնադիրը պետք է որ ռուս եղած լինի, կարծում եմ՝ Պուգաչովի սերունդներից: Իմիջիայլոց, ինչպես որ Պուգաչովի Եմելյան անունն է ցույց տալիս նրա հայկական ծագումը (հմմտ. Աբելյան, Առաքելյան եւն): Բայց ինչպիսի՛ ոչ հայկական կենսագրություն: Իրոք, հանճարը ազգություն չի ճանաչում: Ինչեւէ, ես ամբողջովին ողորմածիկին եմ քաշել: Չեմ սիրում միջնորմ տեղափոխել եւ ինձ խորթ է «չուլան» կառուցելու եւ այնտեղ թթու պահելու միստիկական խորհուրդը:
Մանկությանս ընկերներից մեկն ասում էր՝ «Չկան վատ ծնողներ, կան վատ երեխաներ, որոնք վատ են դաստիարակում իրենց ծնողներին»: Նա հիմա մոսկովյան ֆինանսական մագնատներից է, իսկ դո՞ւք: Չուզողին չեն տալիս: Մինչեւ գառը լաց չլինի, ոչխարը նրան կուրծք չի տա: Նույնիսկ թղթախաղում է ասվում՝ «թուղթն արցունք է սիրում»: Պետք է ուզել: Հայ տղամարդ, մինչեւ քո սիրուհին չուզի, դու նրան օծանելիք կառնե՞ս: Իսկ հայ կինը կտրվի՞, եթե բազում խնդրանքներից հետո տղամարդը կամրջից ցած նետվելու երեք-չորս փորձ չանի:

Չկա մի քանի միլիոն դոլար էլեկտրականության դիմաց վճարելու համա՞ր: Չէ՞ որ դա ծիծաղելի է: Բա ո՞ւր է դեֆիցիտը հաղթահարող հայի կերպարը: Ո՞ւր են հայ նախկին շինարար-սերժանտները, ի վերջո: Թե՞ սխալ մարդիկ, ոչ իսկական հայեր են նստած վերեւներում: Ո՛չ: Միանգամայն ճիշտ հայեր են, խոշոր շինարար-միջնորմագործներ, ինչպես ցույց է տալիս նրանց մենատնային շինարարական եռանդն ու տաղանդը: Պետք է ուզել: Եվ նրանք կճարեն: Եվ նրանք կտան: Ես հավատում եմ դրան:

* * *

Հոդվածի առաջին, ընդարձակ տարբերակը տպագրվել է «Նորաթերթ» թերթում (1999, N 28): Այն գրվել էր ավելի վաղ, 1990-ականների սկզբին, «ցրտի ու մթի տարիներին», երբ էլեկտրականություն չկար: Այդ ժամանակ չտպագրվեց՝ երեւի քաղաքական պահ կար: Ինչեւէ, հիմա էլեկտրականություն կա, բայց այլ բաներ են պակասում: Կարծում եմ՝ սկզբունքը չի փոխվել, եւ էլեկտրականության փոխարեն կարելի է այլ բառ կամ բառեր դնել:

ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    “Թե՞ սխալ մարդիկ, ոչ իսկական հայեր են նստած վերեւներում: Ո՛չ: Միանգամայն ճիշտ հայեր են, խոշոր շինարար-միջնորմագործներ, ինչպես ցույց է տալիս նրանց մենատնային շինարարական եռանդն ու տաղանդը: Պետք է ուզել: Եվ նրանք կճարեն:”

    ՈՒզելու մի ձև կա: Հիմա հետ նայի հոդվածիդ ու ինքդ ասա թե որն ա: Օրինակ, ասածիդ պես, վրացին չի ուզում, “իրարից գողանում են”: ադրբեջանցին ուզելու կարիք չունի “առաջնորդը են գլխից գիտի ինչ անի”: Ռուսը ուզում ա: Հասկանում եք “ուզում ա” և բացատրում ա ինչ կլնի որ չտաս: Իսկ “արևմուտքում” գիտես քանի անգամ են տապոռով գնացել “ռայկոմի”/Բաստիլի/պալատի վրա: դրա համար էլ հիմա սուս փուս “ռայկոմում” համաձայնում են իշխանությունն ընտրությնների միջոցով որոշեն: դրա համար էլ Ռուսաստանում դեմոկրատիան դեռ երիտասարդ է համարվում: դեռ քիչ են տապոռով գնացել եկել “ռայկոմ”:
    Իսկ մեր մոտ ինչպես ամեն ինչում, դեռ պետք ա որոշենք ուզող ենք թե չուզող, արևմուտք ենք թե արևելք, առաջնոդին զաստավիտ անենք, թե արաջնորդը “գիտի”, կամ քանիսն ա մեջներիցս հայ, քանիսն ա “թուրքի խառնուրդ” (հիմա ինչ անենք, թող հայհոյանք չհնչի, բայց դե սուտ էլ չեմ ասում չէ):

  2. ՀՀ քաղաքացի says:

    Հետաքրքիր էր, բայց ռուսի` ռսի ներկայությունն` արհեստական…Առանց այն էլ նրանք մտել են Կովկաս ու չեն ուզում դուրս գալ…Ակենդոտ մի մտցրեք…Այդ մասին անեկդոտ կա…

    Հայը, թուրքը` ադրբեջանցին, վրացին եւ ռուսը (ճապոնացին, ուզբեկը, արաբը….) նստած են: Մի 10 րոպե նստելուց հետո հայը ռուսին (ճապոնացուն, ուզբեկին, արաբին….) ասում է` Արա վեր կաց գնա անեկդոտը մի հարամի….

    Ռսին մի ներմուծեք, արհեստական է եւ ոչ մի լավ բանի չի բերում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930