Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օպերային երգիչ ամուսինները համամիտ չեն, թե արվեստը զոհեր է պահանջում

Ապրիլ 17,2015 13:30

ԱԼ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ, ամուսիններ Սյուզաննա Մելքոնյանի (սոպրանո) եւ Արմեն Բադալյանի (տենոր) բեմական-ստեղծագործական ուղին փաստում է, որ ոչ բոլոր արտիստներն են համակարծիք «արվեստը զոհեր է պահանջում» արտահայտության հետ:

Արդեն 10 տարի ամուսինները Երեւանի օպերային թատրոնի մեներգիչներ են: Սյուզաննա Մելքոնյանին հանդիպել ենք Մոցարտի «Կախարդական սրինգ» (Գիշերային թագուհի, համերգային կատարում), «Դոն Ժուան» (Ցերլինա), Վերդիի «Տրավիատա» (Վիոլետա) ներկայացումներում: Ամուսինները հանդես են եկել Անուշի եւ Սարոյի դերերգերով՝ Տիգրանյանի համանուն ներկայացման մեջ, Արմեն Բադալյանին հանդիպում ենք ավելի շատ երկրորդական դերերգերով: Արվեստագետներին, բացի օպերային թատրոնից, կարելի է հանդիպել նաեւ այլ նախագծերում, օրինակ՝ ժամանակին Վ. Չալդրանյանի բեմադրությամբ Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայում, որն իրականացրեց ֆիլհարմոնիկ նվագախումբը, սոպրանոյին հանդիպեցինք Տատյանայի դերում: Նա Հ. Թոփիկյանի ղեկավարած Երեւանի պետական կամերային երգչախմբի հետ որպես մեներգչուհի հանդես է եկել եվրոպական տարբեր երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում: Հիշյալ երգչախմբի հետ Վալերի Գերգիեւի հրավերով երգչուհին 2009թ. մասնակցեց անվանի դիրիժորի հիմնած հեղինակավոր Զատիկի փառատոնին, ամուսինն էլ կարծես շրջագայությունների մասով ետ չի մնում կնոջից: Նա միայն 4 անգամ Ֆրանսիայում ներկայացրել է հայ հոգեւոր եւ ժողովրդական երգեր եւ այլն:

«Առավոտին» հասած տեղեկություններով՝ Վոլգոգրադի երաժշտական թատրոնը 2012թ. հրավիրել է հայ օպերային երգիչ ամուսիններին եւ ստեղծել աննկարագրելի շքեղ պայմաններ, բայց շատ չանցած՝ նրանք վերադարձել են հայրենիք ու շարունակել աշխատանքը մեր թատրոնում: «Իրոք, 2012թ. մեկ տարի պայմանագրով աշխատեցինք Վոլգոգրադի երաժշտական թատրոնում: Իսկապես, մեզ համար ստեղծված էին երանելի պայմաններ: Թատրոնի խաղացանկը ընդգրկուն էր. ամսական 26-28 ներկայացում: Իհարկե, գերակշռում էին օպերետները: Օրինակ, ես գլխավոր դերերով հանդես եկա հանրահայտ օպերետներում, այդ թվում՝ Վիկտոր Պլեշակի «Հմայիչ մեղավորները», Ցիգարելիի «Խանումա» ներկայացումներում»,- նշեց Արմեն Բադալյանը: Շարունակելով ամուսնու խոսքը՝ Սյուզաննա Մելքոնյանը հավաստիացրեց, որ 2012թ. Վոլգոգրադի թատրոնը հատուկ իրենց համար բեմադրեց Վերդիի «Տրավիատան», որտեղ հանդես եկան Վիոլետայի եւ Ալֆրեդի դերերգերով: Հետո էլ մանրամասնեց. «Այդ բեմադրությունն իրականացրեց ռեժիսոր, Գնեսինների անվան ակադեմիայի թատրոն-ստուդիայի օպերային պատրաստվածության ամբիոնի պրոֆեսոր Ելենա Բաբիչեւան, նկարիչն էր ռուսաստանյան թատրոններում շուրջ 50 ներկայացում ձեւավորած Անդրեյ Շչյոլոկովը: Իսկ բեմադրող դիրիժորն էր Վոլգոգրադի թատրոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Ռիլովը: Ընդ որում, «Տրավիատան» այդ թատրոնում բեմադրվել էր 1990թ. եւ 15 տարի եղել խաղացանկում: Ռիլովը ցանկություն ուներ «Ոսկե դիմակին» ներկայացնել «Տրավիատան»՝ հենց մեր մասնակցությամբ, բայց դա չիրականացավ, որովհետեւ մենք մեկնեցինք»:

Ամուսիններից տեղեկացանք, որ 90-ականների սկզբներին Վոլգոգրադի կոմեդիայի պետական թատրոնը «իրենով էր արել» հայկական եկեղեցին՝ այն օգտագործելով որպես պահեստ: Կարճ ժամանակ անց, միայն մաեստրո Ռիլովի՝ հայ մշակույթի հանդեպ ունեցած հարգանքի շնորհիվ եկեղեցին կրկին ծառայել է իր կոչմանը: Այսօր այն ոչ միայն գործող եկեղեցի է, այլեւ մշակույթի հզոր կենտրոն:

Մեր զրուցակիցները նշեցին, որ երկարաժամկետ հրավեր ունեն Նյուրնբերգի օպերային թատրոնից, բայց Վոլգոգրադում մեկ տարի աշխատանքը, իրենց խոսքերով՝ «դաս է հանդիսացել»: Խնդրեցինք մանրամասնել վերջին արտահայտությունը: «Վոլգոգրադում թատրոնի ղեկավարության միջնորդությամբ որդուս տեղավորեցինք էլիտար դպրոցում: Ժամանակը ցույց տվեց, որ ոչ որդիս, ոչ աղջիկս եւ մեծ հաշվով՝ ոչ էլ մենք, չնայած գերազանց վերաբերմունքին, այդպես էլ չհարմարվեցինք օտարությանը»,- ասաց Սյուզաննա Մելքոնյանը: Ամուսինն էլ անկեղծացավ. «Մի քանի դրամ ավելի վաստակելու համար չարժե զրկվել հարազատ միջավայրից, թատրոնից, ընկերներից ու բարեկամներից»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Սյուզաննա Մելքոնյանն ու Արմեն Բադալյանը՝ Վոլգոգրադի թատրոնի «Տրավիատայում»:

«Առավոտ» օրաթերթ
16.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարգանք ու մեծարանք սքանչելի մարդկանց ու արվեստագետներին և իրենց արմատներին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930