Գրոսմայստեր Գայոզ Նիգալիձեն կարող է երկար ժամանակով որակազրկվել Դուբայում անցկացված միջազգային մրցաշարում խարդախ միջոցի դիմելու համար:
Վրացի շախմատիստի խարդախությունը բացահայտել է Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը: Տեսնելով, որ մրցակիցը իր հետ պարտիայի ժամանակ հաճախակի է զուգարան գնում, այն էլ հատկապես կարեւոր քայլեր անելուց առաջ, Տիգրանը կասկածել է, որ մրցակիցն ինչ-որ խարդախություններ է անում եւ դիմել է մրցավարին: Նիգալիձեի հերթական անգամ զուգարանից դուրս գալուց հետո մրցավարները ստուգել են տարածքը եւ զուգարանակոնքի ետեւում թղթով փաթաթված iPhom գտել, որի մեջ ներբեռնված շախմատային հատուկ ծրագիրը նրան «հուշել է» ճիշտ քայլերը: Ներկայացնելով կատարվածը՝ BBC-ն պատմում է, որ գլխավոր մրցավարը մոտեցել է խաղատախտակի առջեւ վերադարձած Նիգալիձեին եւ բջջային հեռախոսը նրան ցույց տալով՝ հարցրել է, թե դա իրե՞նն է: Անակնկալի եկած վրացի շախմատիստը սկզբում ոչինչ ասել չի կարողացել, հետո հերքել է, թե այդ հեռախոսն իրենն է: Սակայն կազմակերպիչները հայտնաբերել են, որ սարքի մեջ ներբեռնված շախմատային ծրագիրը «վերլուծել է» հենց Տիգրան Պետրոսյանի հետ պարտիան եւ նրան հեռացրել են մրցաշարից:
Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ Վրաստանի շախմատային ֆեդերացիան արդեն ներողություն է խնդրել կատարվածի համար, իսկ Գայոզ Նիգալիձեին երկարատեւ որակազրկում է սպասվում:
ՖԻԴԵ-ի՝ խարդախությունների դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Իզրայել Գելֆերը հայտարարել է, որ միջադեպը քննարկվելու է էթիկայի հանձնաժողովում, որն էլ կորոշի պատժաչափը:
Չնայած, որ մրցաշարերում բջջային հեռախոսներն արգելված են, մասնակիցներն այդ արգելքը շրջանցելու տարբեր ձեւեր են գտնում: Թեեւ չի կարելի պնդել, թե շախմատում խարդախները շատ են, սակայն խնդիրը գոյություն ունի, այդպիսի խախտումները քիչ չեն եւ հաճախ դրանք մնում են աննկատ: Նիգալիձեի խարդախությունը տխուր երեւույթ է, առավել եւս, որ այդ քայլին գնացել է գրոսմայստերի կոչում ունեցողը:
Իսրայել Գելֆերը լրատվամիջոցի հետ զրույցում հիշել է նմանատիպ այլ դեպքեր: «Խաղացողներն օգտագործում են ոչ միայն բջջային հեռախոսներ, այլեւ էլեկտրոնային հատուկ ժամացույցներ, իսկ բուլղարացի մի շախմատիստ գուլպայի մեջ մինի համակարգիչ էր թաքցրել: Այդ պատճառով խարդախության դեմ պայքարի հանձնաժողովի տեսուչները մրցաշարերի տարածքը սկանավորելու հատուկ սարքեր են օգտագործում, արգելափակում են բջջային կապը: Սակայն դա որոշակի բարդություններ է առաջացնում, քանի որ մրցաշարերը հեռարձակվում են ինտերնետով», – պատմել է նա ու թվարկել այլ դեպքեր: «Բարձր մակարդակի շախմատիստների խարդախությունների բացահայտումները քիչ չեն: Օրինակ, 2011 թվականին Ֆրանսիայի շախմատային ֆեդերացիան որակազրկել է երեք շախմատիստի, այդ թվում նաեւ՝ ազգային հավաքականի ավագին: Նրանք մեղադրվել էին այն բանի համար, որ բջջային հեռախոսներով հեռվում տեղադրված համակարգչային ազդանշանների օգնությամբ 2010 թվականի Շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաղթել էին իրենց մրցակիցների»,- եզրափակել է հանձնաժողովի նախագահը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Թեեւ ՖԻԴԵ-ն Գայոզ Նիգալիձեի հարցով որոշում դեռ չի կայացրել, սակայն լրատվամիջոցները գրում են, որ նրան 15 տարվա որակազրկում է սպառնում:
«Առավոտ» օրաթերթ
16.03.2015