Հաճոյախոսելիս սովորաբար շեշտում են մարդու այս կամ այն առավելությունը։ Անկեղծ, առանց չափազանցությունների հաճոյախոսությունը միշտ հաճելի տրամադրություն է ստեղծում, իսկ չափազանցված, կեղծավոր հաճոյախոսությունը հաճախ կարող է վիրավորական հնչել կամ վերածվել քծնանքի: Կանանց հաճոյախոսելիս տղամարդիկ մեծամասամբ գովում են նրանց արտաքին բարեմասնությունները. «Այսօր հրաշալի արտաքին ունեք», «Այսպիսի սանրվածքը ձեզ շատ է սազում», «Դուք շատ գեղեցիկ եք» եւ այլն։ Սակայն տղամարդկանց խորհուրդ է տրվում խելացի կանանց հաճոյախոսություններ անելիս, բացի արտաքինից, նկատի ունենալ նաեւ խելքը։ Թվում է, թե հաճոյախոսելը միայն տղամարդկանց «մենաշնորհն» է, բայց արի ու տես, որ տղամարդկանց ինքնասիրությունը շոյվում է, երբ լսում են իրենց ուժը, խելքը, արտաքին տեսքը գովաբանող արտահայտությունները:
Չպետք է ավելորդ համեստությունից ելնելով մերժել գովաբանությունը, քաղաքավարությունը պահանջում է, որ այն մարդը, ում ուղղված է հաճոյախոսությունը, լինի տղամարդ, թե կին, սիրալիր ժպտա եւ շնորհակալություն հայտնի։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
16.03.2015