Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիային կստիպեն զիջումների գնալ». Քաղաքական վերլուծաբան

Ապրիլ 16,2015 21:47

Նախօրեին Եվրախորհրդարանի կողմից ընդունված հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանմամբ, նախազգուշական կրակոց էր Թուրքիային:

«Դա շատ հեղինակավոր փաստաթուղթ էր, որի նպատակը Թուրքիային բան հասկացնելն էր: Թերեւս նաեւ սահմանը բացելու խնդիրն էր, որովհետեւ Թուրքիան ոչ միայն ժամկետներն է սպառել այդ խնդիրը լուծելու, այլեւ ավելի է բարդացրել: Ամենեւին հաճելի չէ Արեւմուտքի համար տեսնել, թե ինչպես է Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության խնդիրը իր վերահսկողության տակ առնելու քայլը: Իհարկե, նաեւ տեսնում են, որ թուրքական քաղաքականությունն ավելի շատ գործընկեր է ռուսական քաղաքականության համար, քան արեւմտյան քաղաքականության համար: Դրա համար էլ, Թուրքիային շառաչուն ապտակ հասցնելով՝ հասկացնում են, որ նվազագույնը պետք է բացի Հայաստանի հետ սահմանները»,- Aravot.am-ին ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով, եվրոպական համայնքը շատ ավելի պարկեշտ քայլեր արեց քան Հայաստանի ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանը. «Որը սուսուփուս երկրորդ պատվիրակություն է Նարիշկինի ղեկավարությամբ ուղարկում Ստամբուլ՝ Գալիպոլիի միջոցառումներին մասնակցելու:

Ամբողջ Եվրոպան հստակ մեսիջ է ուղարկում՝ ասելով, որ հասկանում են Թուրքիայի խաղը եւ ամենեւին չեն օգնելու լեգիտիմացնել այդ քաղաքականությունը»:

Պարոն Սաֆարյանը եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը նաեւ շղթայական ռեակցիա է համարում, որին նախորդել են ԵԺԿ-ի, եվրոպական խորհրդարանի կողմից ցեղասպանության դատապարտումը, Վատիկանի հայտարարությունները, Հռոմի պապի նախաձեռնած պատարագը. «Կարծում եմ կստիպեն Թուրքիային զիջումների գնալ: Դեռեւս էսկալացիա է գնում, այսինքն, հարաբերությունների լարում՝ միջազգային հանրություն Թուրքիա առանցքում, բնականաբար Թուրքիան այս պահին ատամներ կսեղմի նաեւ Հայաստանի վրա, որովհետեւ, այնուամենայնիվ,  պատճառը հայկական հարցն է, բայց չեմ կարծում, որ միջնաժամկետ միտումներ ցուցաբերի պահպանվելու, որովհետեւ Թուրքիան աշխարհին դեմ գնալու ռեսուրսները չունի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930