Լրահոս
Օրվա լրահոսը

 Հոռոմի խաչմերուկում  կատարված ողբերգական վթարի   տեսաձայնագրությունը անհետացել է քրեական գործից. բարձրաձայնում է փաստաբանը

Ապրիլ 16,2015 20:51

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր  իրավասության դատարանի Մարալիկի նստավայրում սկսվեց  անցած տարվա նոյեմբերի 10-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 102-րդ կիլոմետր հատվածում՝ Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած վթարի գործով քննությունը: Հիշեցնենք, որ միմյանց  էին բախվել 45-ամյա  Մանվել Վարդանյանի վարած «Իմեքս գրուպ» ՍՊԸ հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ու «Տրանս ակնթարթ» ընկերությանը պատկանող,  Ռազմիկ Մկրտչյանի կողմից վարած «Գազել 32» մակնիշի ավտոմեքենաները:  «Գազել 32»-ը սպասարկում էր Երևան -Գյումրի երթուղին: Վթարի հետևանքով գազելը այրվել էր. 7 ուղևորներ մահացել էին  տեղում, իսկ 7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրու բժշկական կենտրոն:  ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել «Կամազի» վարորդ Մանվել Վարդանյանի նկատմամբ եւ խափանման միջոց կիրառվել կալանավորումը: Նա այժմ  գտնվում է Արթիկ քրեակատարողական հիմնարկում:

Այսօրվա դատական նիստը հետաձգվել է, տուժող կողմի իրավահաջորդներից ու վկաներից մի քանիսի    դատարան չներկայանալու  ու նաև  ամբաստանյալ  Մանվել Վարդանյանի՝ մեղադրական եզրակացությունը չստանալու պատճառով: Վերջինիս մեղադրական եզրակացությունը տրամադրվել է այսօր:  Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց  Մանվել Վարդանյանի  փաստաբան Լիանա Բալյանը: «Հայտնեմ, որ շատ դժգոհ եմ նախաքննությունից, արդեն իսկ վիճարկել եմ  փորձաքննության որոշումները, ինչպես նաև դատարանին եմ ուղարկել միջնորդություններ  համալիր կրկնակի փորձաքննություններ նշանակելու մասին: 2015 թվականի ապրիլի 13-ին ես դիմում եմ ուղարկել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին այն մասին, որ քրեական գործն ավարտվել է և քրեական գործի ավարտման պահին ծանոթացել եմ գործի նյութերին, ծանոթացման  ընթացքում հայտնաբերեցի, որ քրեական գործում առկա է 2014 թվականի նոյեմբերի 11-ի  արձանագրությունը առգրավում կատարելու մասին: Առգրավում կատարելու որոշման մեջ նշված էր, որ «Հենզելն Ազատ» ՍՊԻ-ի՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին 107 կիլոմետր  հատվածում գազալցակայանում տեղադրված տեսանկարահանման սարք է եղել: Քննիչը  ընթերականներ Դավիթ Շոխուրջյանի և Խաչատուր Խաչատրյանի մասնակցությամբ առգրավվել  է «Հենզելն Ազատ» ՍՊԻ-ի Երևան-Գյումրի ավտոճանապարհին 107 կիլոմետր հատվածում գազալցակայանում տեղադրված տեսանկարահանման սարքը: Քաշուր Խաչատրյանը՝ գազալցակայանի տնօրենը, հայտարարել էր, որ նշված տեսանկարահանման սարքը տեսագրել է Երևան-Գյումրի ավտոճանապարհը և դրա հարևանությամբ գտնվող գազալցակայանը: Եվ 2014 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 18.20 սահմաններում  նշված տեսանկարահանման սարքը միացված է եղել  և ֆիքսել է գազալցակայանի և ավտոճանապարհի մեքենաների երթևեկությունը: Սակայն քրեական գործում չկա տեսաձայնագրությունը, ինչպես նաև տեսաձայնագրությունը  մասնագետի ներկայությամբ չի զննվել և փորձաքննություն չի կատարվել: Ակնհայտ է, որ տեսանկարահանման սարքը կամ տեսաձայնագրությունը միտումնավոր ոչնչացվել է քննիչի կողմից , որը հիմնական ապացույցն էր այն բանի, թե վթարի դեպքը ինչպես է տեղի ունեցել: Եթե տեսաձայնագրությունը լիներ, շատ հնարավոր է, որ  այսօր քրեական գործը այլ լիներ: Ակնհայտ է, որ հետագա գործը կառուցվել է քննիչի կողմից գծագրված ելակետային տվյալների և միակողմանի փորձաքննությունների հիման վրա՝ ամբողջ մեղքը բարդելով միայն իմ պաշտպանյալ Մանվել Վարդանյանի վրա: Գործի նյութերին ծանոթանալուց  հետո հարցրել եմ քննիչին, թե որտե՞ղ է տեսանկարահանման սարքը, քննիչը պատասխանեց, որ սարքը եղել է օն-լայն և ետ են վերադարձրել: Սակայն գործում չկան ապացույցներ սարքը ետ վերադարձնելու,  օն-լայն լինելու վերաբերյալ: Նախաքննությունը տևել է 4 ամիսից ավել, և կարող էին աարքը ուղարկել փորձաքննության, որը չի արվել:  Եվ դա հիմնականում կասկածի տեղիք է տվել, որ գործը տարվել է  ոչ պատշաճ կերպով: Ես դիմել եմ գլխավոր դատախազին՝  փաստերը ստուգելու  ու  քրեական գործ հարուցելու պահանջով»:Liana_Balyan

Ըստ Լիանա Բալյանի,  Մանվել Վարդանյանի վրա բարդված մեղքը ակնհայտ անհիմն է: «Ամբողջ մեղքը, որ բարդվեց Մանվել Վարդանյանի վրա, ակնհայտ անհիմն է, որովհետև մենք բոլորս էլ գիտենք, որ «Գազել»ի մեղքի առկայությունը անպայման 100 տոկոսով կա: Էստեղ ոչ միայն «Գազել»-ի մեղքի առկայությունը կա, այլ կա պետական մարմինների մեղքը: Քննչականը տարել է միակողմանի քննություն, ապացուցում է նաև այն, որ օրինակ՝ համապատասխան վթարի վայրում չեն եղել  նշաններ, լուսավորված չի եղել, և փաստորեն քննչականը պետք է գործողություններ կատարելուց պարզեր, թե ինչո՞ւ պետական մարմինների անգործությունը հետևանքով  նշանները  կամ ստոպ նշանը եղել է ոչ համապատասխան վայրում, որովհետև, երբ որ ավտոմեքենաները  Հոռոմի ճանապարհին կանգառ են անում ստոպ նշանի տակ, ձախից երևում է գազալցակայանը և  Արթիկ տուֆերով բեռնված ավտոմեքենաներ, տեսադաշտը ճանապարհի ամբողջությամբ փակում են: Պետք է  առաջ գնալ, որպեսզի  ճանապարհը երևա: Այսինքն այս կապակցությամբ պետական մարմինների մեղքը նույնպես առկա է:  «Գազել»-ի մեղքն էլ առկա է, ապացուցում է այն հանգամանքը, որ գազելը տեղափոխել է նախատեսվածից ավել ուղևորներ, արգելակային համակարգը գտնվել է ոչ սարքին վիճակում, անվադողերը եղել են մաշված և բնական է, որ  գազելը  շատ մեծ արագությամբ է եկել, բախվել «Կամազ»-ին, որը որ հնարավորություն ուներ արգելակելու իր մեքենան: Միգուցե «Կամազ­ի»-ի փոխարեն ժայռաբեկորներ լցված լինեին ճանապարհին, մի՞թե հնարավորություն չպիտի ունենար արգելակելու մեքենան»:

Փաստաբանը նաև բողոքեց, որ այսօրվա դատական նիստից հետո վթարից զոհված Արամայիս Շիրազունու որդին՝ Գուրգենը,  անպատվել է իրեն, սպառնացել, թե  մենք դեռ չտեսնվենք: «Իրեն շատ վատ պահեց դատարանում,  կարգադրիչները նրան դուրս հրավիրեցին», -ասաց փաստաբանը:

Նշենք, որ դատական հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 29-ին, սակայն արդեն Գյումրիում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930