Լրահոս
Օրվա լրահոսը

«Պապի հայտարարությունից հետո Թուրքիան գուցե առավել ակտիվ աջակցի այդ խմբավորումներին». արաբագետ

Ապրիլ 16,2015 20:40

Արաբագետ Սարգիս Գրիգորյանի գնահատմամբ՝ Հալեպում իրավիճակն այսօր իսկապես բավականին լարված է. «Սա սիրիական ընդդիմադիրների պատասխանն էր սիրիական կառավարական ուժերին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետը՝ անդրադառնալով ապրիլի 10-ից Հալեպում և սիրիական այլ հայաշատ քաղաքներում ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծություններին։

«Իրավիճակի լարվածության մասին է խոսում նաև երկու օր առաջ տարածված տեղեկատվությունն այն մասին, որ «Ջաբաթ ալ նուսրա», «Ջաբաթ ալ սրամ», «Ֆաջար ալ խալիֆա» և այլ ծայրահեղական իսլամիստ խմբավորումների հաջողվել է գրավել նույնիսկ Հալեպի արևմտյան Ալ Զահրա թաղամասում տեղակայված ռազմաօդային ուժերին պատկանող հետախուզության շենքը: Պարզ երևում է, որ այս ահաբեկչական խմբավորումներից մի քանիսի հետևում կանգնած է Թուրքիան, որը փորձում է այս կառույցների միջոցով ապահովել իր ներկայությունը Սիրիայում և հարակից տարածքներում»,- հավելեց Սարգիս Գրիգորյանը:

Ըստ նրա՝ դրանք այն կառույցներն են, որոնցում մեծամասամբ ներգրավված են թուրքական ծագում ունեցող ծայրահեղականներ. «Նրանցից շատերը, մինչև Սիրիա տեղափոխվելը, գտնվել են Թուրքիայում, որտեղ և ռազմական պատրաստվածություն են անցել, իսկ նրանց ճանապարհը դեպի Սիրիա անցնում է հենց Թուրքիայի տարածքով»,- ասաց Ս. Գրիգորյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցն ու Հռոմի պապի հայտարարությունը ևս խթան հանդիսացան Թուրքիայի համար՝ նման ագրեսիվ կեցվածք որդեգրելու առումով, արաբագետը նկատեց, որ Հռոմի պապի հայտարարությունից առաջ էլ Թուրքիայի կողմից ակտիվություն կար, սակայն Ցեղասպանության տարելիցը ևս լուրջ գործոն է այս պարագայում։

«Ես չեմ բացառում, որ Պապի հայտարարությունից հետո Թուրքիան առավել ակտիվ կաջակցի այդ խմբավորումներին, որի արդյունքում վտանգված կլինեն ոչ միայն հալեպահայերը, այլև բոլոր քրիստոնյաները»,- ասաց Ս. Գրիգորյանը։

 

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930