Ապրիլի 16-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ եգիպտահայ հայրենադարձ գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ, երգիծանկարիչ Գառնիկ Սվազլյանի ծննդյան 110-ամյակին նվիրված միջոցառումը և նրա երգիծանկարների ցուցահանդեսը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Այսօրվա մեր միջոցառումը նվիրված է հայոց պատմության հոլովույթում իր հետքը թողած մի գործչի: Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների նման ազատվելով թուրքական ջարդերից՝ Գ.Սվազլյանը գաղթել է նախ Հունաստան, այնուհետև հաստատվել Եգիպտոսում: Մեծ հայրենադարձության տարիներին տեղափոխվել է Հայրենիք և եղել Հայաստանի օգնության կոմիտեի եգիպտահայ մասնաճյուղի հիմնադիրներից և փոխնախագահը»:
ՀՀ սփյուռքի նախարարը հատկապես բարձր գնահատեց Գ.Սվազլյանի գրական-ստեղծագործական գործունեությունը. «Ներգաղթ» թատերախաղը մեծ լիցքեր է հաղորդել մեր հայրենակիցներին՝ նպաստելով, որ նրանք էլ սիրեն Հայաստանը և վերադառնան Հայրենիք: Ցավոք, մեր հայրենակիցներից շատերը, տեղափոխվելով Հայրենիք՝ մեծ զրկանքներ կրեցին, նույնիսկ աքսորվեցին հեռավոր Սիբիր: Եվ նույնիսկ այդպիսի պայմաններում, 1947թ. ընտանիքով ներգաղթելով Խորհրդային Հայաստան և ապրելով դժվարին պայմաններում՝ Գ.Սվազլյանը շարունակեց իր հայրենանվեր գործունեությունը», – ընդգծեց գերատեսչության ղեկավարը:
ՀՀ սփյուռքի նախարարը նշեց նաև, որ Սվազլյանի աշխատանքը բարձր է գնահատել մեծն Ավետիք Իսահակյանը, և աշխարհահռչակ գրողի երաշխավորությամբ Գառնիկ Սվազլյանն ընտրվել է Հայաստանի Գրողների միության անդամ:
Կարդացեք նաև
ՀՀ սփյուռքի նախարարը շեշտեց. «Եթե Գառնիկ Սվազլյանը միայն ցեղասպանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանի նման տաղանդավոր գիտնական դուստր էլ նվիրեր մեր հայրենիքին, արդեն բավական կլիներ նրան մեծարելու համար: Սվազլյանները գենետիկորեն օժտված ընտանիք են, վկան՝ Գառնիկ Սվազլյանի թոռնուհին՝ Քնարիկ Ավագյանը, ով այսօր ուսումնասիրում է հայկական Սփյուռքի պատմությունը, և այդ ուսումնասիրությունները օգտակար են դառնում նաև ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության համար», – եզրափակեց իր խոսքը ՀՀ սփյուռքի նախարարը:
Այնուհետև ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը ներկայացրեց Գ.Սվազլյանի համառոտ կենսագրականը:
«Գառնիկ Սվազլյանը հայրենադարձության՝ ազգահավաքի և հայրենաշինության գաղափարախոս» զեկույցով հանդես եկավ գրողի թոռնուհին՝ սփյուռքագետ Քնարիկ Ավագյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում իր պապին նվիրված հուշ-երեկոն կազմակերպելու համար:
Բանախոսը նշեց. «Գ.Սվազլյանը Խորհրդային Հայաստանը դիտարկում էր որպես Ամենայն հայոց պետություն: Նա հնարավոր բոլոր միջոցներով փորձում էր ուժ տալ Հայրենիքին: «Հայուն համար Հայաստանեն դուրս չի՛ք փրկություն» կարգախոսով էր առաջնորդվում Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) եգիպտահայ մասնաճյուղը, որի հիմնադիրն է եղել նա: 1943թ. հիմնել և ղեկավարել է «Սևան» մշակութային միությունը, որը գործնականորեն նախապատրաստում էր եգիպտահայերին՝ վերադառնալու Հայաստան»:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ներկայացնելով Գառնիկ Սվազլյանի գծանկարներն ու երգիծանկարները, նշեց. «Երգիծանկարչությունը հզոր զենք է, և այդ զենքը Գ.Սվազլյանը կարողացել է օգտագործել իր հայրենանվեր գաղափարախոսությունը հանդիսատեսին հասցնելու գործում: Գառնիկ Սվազլյանը չէր ուզում դուր գալ, այլ ցանկություն ուներ ասել կարևորը»:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյանը խոսեց Գառնիկ Սվազլյանի «Ներգաղթը» թատերգության գաղափարական արժեքի և արդիականության մասին: Նա նշեց, որ հեղինակը, տարբեր գեղագիտական հնարքներ օգտագործելով, հայ հանդիսատեսին հորդորել և կոչ է արել վերադառնալ Հայրենիք: «Եվ այդ կոչին հավանություն տալով 200-300 հազար սփյուռքահայ վերադարձավ Հայաստան», – նշեց նա:
Հոր մասին գնահատանքի խոսքով հանդես եկավ Վերժինե Սվազլյանը՝ մասնակիցներին պատմելով, թե ինչպես է Գ.Սվազլյանը 1922թ., մի կերպ մազապուրծ լինելով ճողոպրելով Զմյուռնիայի աղետից, օթևան գտել հեռավոր Եգիպտոսում:
Անդրադառնալով թատերգությանը՝ Վ.Սվազլյանը նախևառաջ կարևորեց ստեղծագործության գաղափարախոսական արժեքը: Նա նշեց. «Գրքի սկզբում հայրս գրել է. «…Երբ նյութապես ի վիճակի չեմ Ներգաղթին սատարելու» այս գործս կտրամադրեմ անոր ի նպաստ»: Եվ, իրոք, զանգվածային հայրենադարձության նախօրեին այն բեմադրվել է հայաշատ տարբեր գաղթօջախներում՝ ոգևորության ալիք բարձրացնելով, իսկ հասույթը հատկացվել է Հայաստանում բնակարանների, գործարանների շինությանն ու Ներգաղթի ֆոնդին»:
Մեծ գիտնականը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը և անձամբ նախարար Հրանուշ Հակոբյանին՝ նշելով. «Շնորհակալ եմ, որ տասնամյակների հեռավորությունից տեսնելով հորս՝ ցանկացաք ըստ արժանվույն գնահատել նրա գործն ու վաստակը »:
Ցուցադրվեցին հատվածներ Գառնիկ Սվազլյանի «Ներգաղթը» թատերգությունից:
Մեծ հայրենասերին իր հարգանքի տուրքը մատուցեց Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանը՝ կատարելով «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» և «Էրզրում» երգերը:
Այնուհետև «Հայաստան, երկիր դրախտավայր» երգի կատարմամբ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի սիրիահայ շրջանավարտ Արաքս Մահտեսյանը:
ՀՀ սփյուռքի նախարարություն