Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են ՀՀ ԱԳՆ-ի 2014 թվականի գործունեության արդյունքները

Ապրիլ 16,2015 19:16

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության 2014 թ. կատարված աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Անդրադարձ է կատարվել նաև 2015 թվականին ՀՀ ԱԳ նախարարության կողմից իրականացվելիք ծրագրերին:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ 2014 թվականի ընթացքում իր գլխավորած գերատեսչությունը ՀՀ Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշների և նրա կողմից տրված հանձնարարականների հիման վրա շարունակել է աշխատանքներն՝ ուղղված երկրի արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, պետության զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների և երաշխիքների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը: Տեղեկացվել է, որ տարվա ընթացքում կարևորագույն իրադարձությունը ՀՀ կողմից Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալու գործընթացի հաջող ավարտն էր, ինչը բխում է Հայաստանի ռազմավարական շահերից, նոր հնարավորություններ է բացում երկրի տնտեսական զարգացման համար:

ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է տարբեր երկրների հետ հարաբերությունների սերտացման ու ընդլայնման ուղղությամբ հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքներին, ձեռք բերված պայմանավորվածություններին և դրանց արդյունքներին:

Միաժամանակ, նշվել է, որ Հայաստանը շարունակել է խորացնել իր ներգրավվածությունը ՄԱԿ-ի շրջանակներում: Մեծ ուշադրություն է հատկացվել Եվրոպայի Խորհրդում, ԵԱՀԿ-ում, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, միջազգային և տարածաշրջանային կառույցների ձևաչափերում ընթացող համագործակցությանը ՀՀ ակտիվ մասնակցությանը: Անդրադարձ է կատարվել նաև նախորդ տարվա ընթացքում իրականացված բարձրաստիճան փոխայցերին:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով արտերկրում ՀՀ դեսպանություններն ակտիվ աշխատանքներ են տարել ներդրումային ծրագրերի ներգրավման ուղղությամբ, մասնավորապես, իրենց հավատարմագրման երկրների գործարարներին ներկայացնելով բազմաթիվ գործնական առաջարկություններ, ինչպես նաև հայաստանյան բիզնես միջավայրն ու ներդրումային դաշտը:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կողմից ստորագրվել է 85 միջազգային պայմանագիր և 29 միջազգային պայմանագիր չհանդիսացող փաստաթուղթ, վավերացվել է 78 և ուժի մեջ է մտել 41 միջկառավարական և միջպետական փաստաթուղթ: ԱԳՆ նախաձեռնությամբ մշակվել և ընդունվել են շուրջ 75 իրավական ակտերի նախագծեր:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետ Աբրահամյանը կարևորել է ՀՀ ԱԳՆ-ի ակտիվ ու նախաձեռնողական գործունեությունը, ինչպես երկկողմ այնպես էլ բազմակողմ հարաբերություններում, արտերկրում Հայաստանի ներդրումային դաշտի ակտիվ  և շարունակական ներկայացումը, հյուպատոսական հիմնարկների կողմից Հայաստանի և արտերկրի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը:

ՀՀ կառավարություն 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930