«Հրազդան» տոնավաճառն ընդդեմ հարկայինի հայցի առաջին լսումն էր
Այսօր Վարչական դատարանում «Հրազդան» տոնավաճառն ընդդեմ հարկային մարմինների գործով առաջին դատական նիստն էր: «Հրազդան» տոնավաճառում հարկայինի կատարած ստուգման արդյունքում 60 միլիոն դրամ տուգանք է նշանակվել, ինչի հետ սակայն «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը համաձայն չէ եւ դատական հայցով փորձում է վիճարկել տուգանքի նշանակման օրինականությունը: Aravot.am-ի հետ զրույցում «Հրազդան» տոնավաճառի գործով փաստաբան Նիկոլայ Հակոբյանն ասաց, որ առաջին նիստը նախնական էր, այսինքն` ներկայացվել է հայցի առարկան, հիմքերը, վիճարկման թեման եւ այլն:
«Դատարանին ներկայացրինք, թե, ըստ մեր դիրքորոշման ինչումն է կայանում համապատասխան ակտի անվավերությունը, դատարանն անդրադարձավ նաեւ ապացույցներին, մեր կողմից որոշ ապացույցներ ներկայացվեցին: Կողմը, նույնպես ներկայացրել էր ապացույցներ, ըստ քրեական նյութերից որոշ փաստաթղթեր, որոնք պետք է մանրամասն ուսումնասիրության առարկա լինեն: Եւս մի նախնական նիստ նշանակվեց մայիսի 25-ին»:
Նիկոլայ Հակոբյանի խոսքերով, հարկայինի ակտը կազմվել է Ֆիննախի քննչական վարչությունում քննվող քրեական գործից վերցված որոշ տվյալների հիման վրա.
«Իսկ քրեական գործից վերցված տվյալները պատշաճ ապացույց հանդիսանալ չեն կարող այնքանով, որքանով դրանք դեռ քրեական գործի քննության ընթացքում պետք է հաստատվեն կամ հերքվեն: Եւ մինչեւ քրեական գործի ավարտը այս կամ այն փաստը հաստատել չէր կարող»: Փաստաբանի խոսքերով, այդ է վկայում նաեւ ֆինանսների նախարարության գանգատարկումների հանձնաժողովի որոշումը, որով բողոքի քննությունը կասեցվել է`հիմք ընդունելով քրեական գործի առկայությունը: «Հանձնաժողովը գտել է, որ մինչեւ քրեական գործը չավարտվի հնարավոր չէ պնդել այս կամ այն փաստական հանգամանքը հաստատված է, թե` ոչ: Այնինչ դրանից ընդամենը մեկ ամիս առաջ ակտ էր կազմվել հիմք ընդունելով փաստական հանգամանքները, եթե բողոքի քննության ժամանակ պարզ չէ տվյալ փաստը հաստատված է թե ոչ, առավել եւս պարզ չէր մեկ ամիս առաջ եւ մենք գտնում ենք, որ իսկապես խախտում գոյություն չունի: Ինչ վերաբերում է այդ տվյալներին, որոնք ձեռք են բերվել եւ միգուցե կորզվել են քրեական գործով, դրանք դեռ բավարար ապացույց չէին ակտ կազմելու համար»,-ասաց Նիկոլայ Հակոբյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ