Ռաֆայել Հարոյանի, Հայկ Կոջոյանի, Կարեն Վարդանյանի , Մնացական Սարգսյանի եւ մյուսների գործով, որը հայտնի է «Բանդա 2» անվամբ, այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետազոտվեցին իրեղեն ապացույցները:
Դրանք դատարան էին բերվել պոլիէթիլենային տոպրակներով, մի մասը ըստ պաշտպաններ Լիպարիտ Սիմոնյանի եւ Արմեն Ֆերոյանի, որ «ճղված» էր, ըստ պաշտպանների՝ միջամտություն կար, մի մասն էլ հետազոտվելուց հետո պաշտպաններից մեկն առաջարկեց, որ ապացույցները, որոնք չգիտես ինչու բերվել էին դատարան, եւ իրեղեն չեն ճանաչվել, վերադարձվեն իրենց պաշտպանյալին, մասնավորապես, Էդիտա Ալիխանյանին ոսկյա մատանին, պայուսակը:
Պաշտպանական կողմի ուշադրությունը գրավեց այն, որ կնքված փաթեթների վրա որեւէ ընթերակայի ստորագրություն չկար:
Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ կանացի պայուսակի մեջ հայտնաբերված հիշողության կրիչն ում ձեռքն ասես կարող էր ընկնել, այն նույնպես փաթեթավորված չի եղել:
Կարդացեք նաև
Ծրարներից մեկը վնասված էր. Դա նույնպես բարձրաձայնեց պաշտպանական կողմը:
Այսօր դատարան էր ներկայացվել նաեւ հինգ «խոհանոցային» ձեռնոց, իրականում ռեզինե ձեռնոցներ, դիմակներից մեկի աչքն ու բերանն էլ «խառնված էր»:
Մի սեւ կտորի համար էլ դատախազներից մեկը՝ Բագրատ Ղազինյանն ասաց.« Դիմակ չի , բայց դիմակին մոտ կտոր է»:
Հետազոտվեցին «Հայբիզնեսբանկի«» նախկին ավագ մասնագետ, ամբաստանյալ Էդիտա Ալիխանյանից առգրավված բանկային պայմանագրերը, ֆիզիկական անձանց բանկում հաշիվ բացելու փաստաթղթերը, համակարգիչը, համակարգչային պայուսակը, տուժող Հ.Մկրտչյանի հագուստեղենը:
Էդիտա Ալիխանյանը ցուցմունք տվեց : Նա ասաց, որ իրեն՝ «Հայբիզնեսբանկի» առաջատար մասնագետին է վերապահված եղել հասանելիություն ունենալ ավանդատուների բանկային տվյալներին: Նա ընդունեց, որ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից գումարներ հափշտակելու նպատակով ամուսնու՝ Տիգրան Հովհաննիսյանի սպառնալիքների ներքո, 2012 թ.հուլիսի 31-ից մինչև 2013 թ. մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, համակարգչով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 309.477.642 ՀՀ դրամին համարժեք 723.940 ԱՄՆ դոլար և 83.668.795 ՀՀ դրամ:
Ռաֆայել Հարոյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց, որպեսզի դատարան բերվեն ամբաստանյալների հեռախոսային խոսակցությունների վերծանումների արձանագրություններն ու կրիչները, նաեւ դատարան կբերվեն եւ կհետազոտվեն պարկուճներն ու գնդակները:
Ամբաստանյալները մեղադրվում են տարադրամի փոխանակման կետեր ավազակային հարձակումներ կատարելու, որպես բանդայի անդամ դերաբաշխվում ունենալու, տարադրամի փոխանակումն կետի աշխատակցին սպանելու համար:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ