Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Լեւոն Տեր-Պետրոսյանի «Հայոց ցեղասպանությունը. հայացք պետականության դիտակետից» գիրքը։ iLur-ը ընթերցողին է ներկայացնում գրքի խմբագիր, պատմական գիտությունների թեկնածու Աշոտ Սարգսյանի առաջաբանը։
Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակային ելույթների, հոդվածների, հարցազրույցների սույն ժողովածուն։ Ցեղասպանության թեմայով, թերեւս՝ արդեն հազարավոր ուսումնասիրությունների, հրապարակախոսական նյութերի կողքին՝ այն շեշտակի առանձնանում է խնդրի արծարծման իր դիտանկյունով։ Խոսքը չի վերաբերում եղելության փաստական կողմին ու անսակարկելի գնահատականներին, այլ, առաջին անգամը լինելով՝ խնդրի համապարփակ քննարկմանն ու ընկալմանը պետականության, պետականություն ունեցող ազգի դիտանկյունից, ինչպես նաեւ ազգային այդ ամենամեծ ողբերգության հետեւանքների վերացման քաղաքական խնդրի ձեւակերպմանը։ Ներկայացվող նյութի այդ յուրահատկությունը պայմանավորում է նաեւ ներածական խոսքի ժամանակագրական ու թեմատիկ ընդգրկման շրջանակները։
Ցեղասպանության ու հարակից հարցերի քաղաքական ըմբռնումը
Հայ քաղաքական մտքի առանցքը, հանգամանքների բերմամբ, մի քանի հարյուր տարի եղել է այն պատկերացումը, թե հայ ժողովրդի ազատության, անկախության, ընդհուպ՝ գոյատեւման եւ այլ խնդիրներ լուծելի են միմիայն արտաքին՝ երրորդ ուժի միջոցով։ Գործնական քաղաքականության հիմքում այս պատկերացումն ունենալով է, որ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո ձեւակերպվեց, հետագա 40-ամյակում հետապնդվեց «Հայկական հարցը», 1918-20թթ.՝ կառուցվեց Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը։ Նույն այս 40-ամյակում էր նաեւ, որ Օսմանյան Թուրքիան, դրան զուգահեռ, ծրագրեց ու իրականացրեց Հայոց ցեղասպանությունը, տեղի ունեցավ ողջ Արեւմտյան Հայաստանի եւ Արեւելյան Հայաստանի տարածքի կեսի կորուստը։
Կարդացեք նաև
Եւ այնուամենայնիվ, երրորդ ուժի ապավինելու պատկերացման կորստաբերությունը չգիտակցվեց։ Այն, երկու տարատեսակով, հայ հասարակական-քաղաքական մտքի առանցքային դրույթը մնաց նաեւ հիշյալ ճակատագրական իրադարձություններին հաջորդած 70-ամյա շրջանում։ Խորհրդային Հայաստանում դրա խտացումը «Հավերժ Ռուսաստանի հետ» անքննելի կարգախոսն էր՝ որպես ոչ միայն հայ ժողովրդի գոյատեւման, այլ նաեւ երբեւէ «պատմական արդարության» հասնելու թաքուն մի հույս։ Սփյուռքում նույն՝ երրորդ ուժի ապավինելու հիմքի վրա ձեւավորվեց, այսպես կոչված, «Հայ դատը»[1] (պահանջատիրությունը)՝ իր դարձյալ անքննելի ճշմարտություններով.Ցեղասպանության միջազգային ճանաչման միջոցով հասնել Թուրքիայի կապիտուլյացիային՝ մեր պատմական իրավունքների վերականգնմանը, հողային եւ այլ կորուստների փոխհատուցմանը։ Հայաստանում եւ Սփյուռքում այս պատկերացումների հիմքի վրա էր իմաստավորվում ու մատուցվում Հայոց պատմության ընդարձակ այդ շրջանը, պատկերանում ազգային առտնին խնդիրներից մինչեւ հեռավոր իղձերի իրականացման ճանապարհը։
Նյութի մանրամասները կարդացեք ilur.am-ի կայքում