«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբը «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության հետ համատեղ ապրիլի 16-ին կազմակերպել էր Ռուսաստան-Վրաստան-Հայաստան տեսակամուրջ: Տեսակամրջի ընթացքում հայ, ռուս, վրացի փորձագետները իրենց տեսակետները հայտնեցին «Ոչ ավանդական կրոնական շարժումներ» թեմայով:
Հայաստանը ներկայացնում էին «Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի» ղեկավար Արման Բոշյանը եւ «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը:
Ռուս ուղղափառ եկեղեցու քահանա Ռոման Բոգդասարովը տեսակամրջի ընթացքում տեսակետ հայտնեց, թե երբ այլ երկրներից գալիս են քարոզիչներ եւ ցանկություն հայտնում հայրենասիրություն սովորեցնել, պետք է նման մարդկանց հայրենասիրություն սովորեցնել. «Պետք է ասել՝ դուք մեզ համար ոչ ավանդական կրոնական կազմակերպություն եք, բայց եկեք մենք ձեզ կսովորեցնենք՝ ինչպես լինել ավանդական: Այդ առումով այսպիսի հանդիպումները կարեւոր են, քանի որ ոչ ավանդական կրոնների դեմ պետք չէ պայքարել, այլ պետք է վերադաստիարակել, հրավիրել եւ ցույց տալ, որ մենք փոխգործակցության դարավոր փորձ ունենք, եւ մենք պատրաստ չենք այդ փորձը թաքցնել, մենք պատրաստ ենք կիսվել այդ փորձով: Եվ դուք կվերցնեք այդ փորձը եւ կտանեք ձեր երկիրը, որտեղ հնարավոր է դուք ավանդական եք»:
Նա հավելեց, որ հետխորհրդային բոլոր երկրները այսօր կանգնած են մարտահրավերի առաջ՝ գոյություն կունենա՞ն ինչպես պետություն, թե՞ ոչ. «Մեզ կարող են մասնատել, որոշ ուժեր կարող են մեզ իրենց կողմ քաշել, արդյունքում՝ մենք կսկսենք միմյանց հետ վիճել եւ ընդհանուր ոչինչ չենք ունենա: Մեր թերությունը կլինի, եթե ինչ-որ ուժերին հաջողվի մեր երկրների միջեւ վեճ առաջացնել: Հիմա տարածված է ամբողջ մեղքը բարդել քաղաքական գործիչների վրա, նման բան չկա, դա մեր բոլորիս թերությունն է, եթե պատահի այն, ինչ Ուկրաինայում է կատարվում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ