Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայրենասիրությունն այլևս չի դառնա դրոշակ, եթե մարդը նախադպրոցական տարիքից գիտակցի իր ով լինելը». դասախոս

Ապրիլ 16,2015 17:21

Գյումրիում երեկ մեկնարկած «Վերածնունդ» միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնի շրջանակներում անցկացվում է նաև «Մշակույթների երկխոսություն» միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին:

Գիտաժողովին մասնակցում են շուրջ հինգ տասնյակ գիտնականներ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի հեղինակավոր բուհերից, գիտական կենտրոններից ու թանգարաններից: Նրանց թվում են Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի գիտական գծով պրոռեկտոր, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Կ. Զենկինը, Մոլդովայի Երաժշտության, թատրոնի և գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Վիկտորյա Մելնիկը, Տաջիկստանի Ազգային կոնսերվատորիայի ռեկտոր, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Ֆարոգատ Ազիզին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներ, արվեստագիտության դոկտորներ Սվետլանա Սարգսյանը, Իրինա Զոլոտովան, Կարինե Ջաղացպանյանը և ուրիշներ:

Ներկայացված գիտական զեկուցումները կզետեղվեն առանձին ժողովածուի մեջ:

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի դասախոսներ Աննա Սիմոնյանն ու Իրինա Պոնոմարենկոն «Հայրենասիրության և հանդուրժողականության ձևավորումը՝ որպես մշակութային երկխոսությունների կարևոր բաղադրիչ» վերնագրով հոդված են ներկայացրել գիտաժողովին:

«Հետաքրքիր հոդվածներ շատ կային: Կարծում եմ՝ համահեղինակությամբ ներկայացրած մեր հոդվածն էլ էր հետաքրքիր, քանի որ նախադպրոցական ոլորտն այս գիտաժողովի նորույթներից էր»,- գիտաժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Աննա Սիմոնյանը:

Հոդվածագիրներն իրենց հոդվածում կարևորել են հենց նախադպրոցական տարիքում երեխաների մեջ հայրենասիրական որակների դաստիարակումը:

«Հայրենասեր, այլ ոչ թե ազգայնամոլ մեծանալու համար երեխան պետք է իր էթնոսին արժանի լինի, իր ազգային արժեքների կրողը պետք է լինի: Մեզանում հիմա հայրենասիրությունը շատ է պիտակավորվել, և պատեհ-անպատեհ օգտագործվում է այդ բառը: Կարծում եմ, որ եթե հենց նախադպրոցական տարիքից հիմքը դրվի, և երեխան հստակ պատկերացնի իր ազգային պատկանելությունը, հստակ գիտակցի իր ով լինելը, հպարտորեն կրի հայ լինելու կոչումը, հայրենասիրությունն այլևս չի դառնա դրոշակ ու կբնորոշվի ընդամենը հայրենիքի համար ինչ-որ գործ անելով»,- համոզված է Իրինա Պոնոմարենկոն:

«Հոդվածում մենք փուլերով առանձնացրել ենք՝ իմ ընտանիքը, իմ ժողովուրդը և իմ Երկիր մոլորակը: Դա նշանակում է, որ երեխային պետք է ծանոթացնես նաև Երկիր մոլորակին: Իհարկե, երեխան պետք է քարտեզի վրա իմանա իր երկրի տեղը, բայց պիտի հասկանա նաև, որ հայրենիքից դուրս կան նաև այլ քաղաքացիներ»,- հավելեց Աննա Սիմոնյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930