Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք ընդամենը տղավարի խոսել ենք». ազատամարտիկը՝ Հրաչիկ Միրզոյանի դանակահարության մեջ կասկածվողի հոր հետ ունեցած զրույցի մասին  

Ապրիլ 16,2015 16:44

«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը ի գիտություն ոստիկանությանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ «Մարտի 28-ին Գյումրիում Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին դանակահարած և հետագայում կալանավորված Ռուդիկ Խաչատրյանի հայրը՝ Գևորգ Խաչատրյանը, այսօր առավոտյան մոտեցել է Հիմնադիր խորհրդարանի գյումրեցի աջակից ազատամարտիկ Յուրա Աթոյանին՝ սպառնալով, որ այս գիշեր «գողականով» կմոտենան իրեն և «հաշիվ» կպահանջեն՝ իր որդու դեմ ցուցմունք տալու պատճառով։

Aravot.am-ը ազատամարտիկին խնդրեց մանրամասնել տեղի ունեցածը, որին ի պատասխան վերջինս ասաց. «Մեր մեջ ընդամենը տղավարի զրույց է եղել, ես Ռիժկովի ճեմափողոցում պատահաբար հանդիպել եմ Գևորգին, նա էլ ինձ ամոթանք տվեց, թե ամոթ չե՞ս անում, որ տղայիս վրա ցուցմունք ես գրել: Անկեղծ ասած, անակնկալի եկա, որովհետև, երբ ես հիվանդանոցում Հրաչիկ Միրզոյանի մոտ էի, ոստիկանները եկան ցուցմունք վերցնելու, Հրաչիկը ճանաչեց իրեն դանակահարողի նկարը: Ես այդտեղ եմ իմացել, որ նա Գևորգի տղան է: Ես Գևորգին ասացի, որ ես ոստիկանությանը տված իմ ցուցմունքում նշել եմ, որ դանակահարողին չեմ տեսել , ինչպե՞ս կարող եմ քո տղայի անունը գրել, երբ չեմ տեսել ու հիվանդանոցում եմ լսել, որ խոսքը քո տղայի մասին է: Ես իրեն առաջարկեցի, ասի՝ գնա քննչական իմ ցուցմունքը վերցրու, կարդա, ականջովդ իմացի:

Մեր մեջ քաշքշոց, կռիվ չի եղել, միգուցե լեզվակռիվ է եղել, բայց ոչ կռիվ: Ես ասեցի, որ տղադ մատը աչքս մտցնի, չեմ ճանաչի: Իհարկե, Գևորգը մի քիչ կոպիտ խոսեց, թե եթե պարզվի, դու ես տղայիս վրա ցուցմունք տվել, դու Գյումրիում ապրելու տեղ չես ունենա: Հետո ասեց՝ իրիկունը կգանք, դեմներս կնստենք ու կապացուցես:

Նախապես ասեմ, որ Գևորգը իմ շրջապատի մարդ է, անծանոթ մարդիկ չենք ու անկեղծորեն չէի ուզենա, որ մեր երկուսի խոսակցությունը հայտնվեր մամուլում: Վերջիվերջո նա հայր է, վրդովված ծնող է, ես նրան հասկանում եմ: Ասեմ, որ նա հրաշալի անձնավորություն է, մարդամոտ, ազատամարտիկների հետ մշտապես ընկերություն է արել, իր հաշվին ազատամարտիկների ատամները բուժել է, ձեռքից ինչ լավություն եկել է, նա արել է, հոյակապ մարդ է, մեր մոտ ընկերն է:Ասենք, թե տղավարի խոսացել ենք, հո ամեն բան չե՞ն գրի, վերջ տվեք»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930