2014 թվականը Հայաստանը տնտեսական աճը լավ թվերով չի փակել. այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա ասաց, որ 2009-2010 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Հայաստանը կարողացավ վերականգնել տնտեսությունը, բայց հիմա նոր փուլ է սկսվել, թե համաշխարհային տնտեսության մեջ, թե հատկապես մեր տարածաշրջանում:
«Եվ այս նոր փուլը պահանջում է լուրջ դիվերսիֆիկացիա, շուկաների վերադասավորում, որը շատ բարդ խնդիր է: Մենք մեր պլանավորումն ամբողջովին կատարել էինք ԱՊՀ տարածքի վրա, բայց այդ տարածքն այսօր հիվանդագին վիճակում է: Այդ տարածքում գնողունակության եւ վալյուտային ցնցումները չեն դադարում: Սա մշտական գործող պրոցես է, միշտ մարտահրավերներ լինելու են տնտեսությունում: Մեկ օրում հնարավոր չէ մտնել այլ շուկաներ եւ ունենալ նույն հաջողությունները, որ մենք 23-24 տարի շարունակ ձեռք էինք բերել պատմական ժառանգված մեր շուկայից՝ ԱՊՀ տարածքից: Արվում են քայլեր, գործարարների որոշ մասը փորձում է ե’ւ Եվրոպա, ե’ւ Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ արտահանումներ իրականացնել: Բայց դրանք տոկոսային հարաբերությամբ դեռեւս չեն մրցակցում այն շուկայի հետ, որտեղ մենք վերջին տարիներին լայնածավալ աճ էինք տալիս»,-նկատեց պարոն Ղազարյանը: Նրա ներկայացմամբ` հիմա սպասում են, որպեսզի իրավիճակը կայունանա, որպեսզի տնտեսության աճի, արտահանման տեմպերը նույն ձեւ շարունակվեն:
Անդրադառնալով արտահանումների խնդրին, պարոն Ղազարյանն ասաց, որ ոլորտում տարվա առաջին 2 ամիսների համեմատ հիմա փոքր ինչ բարելավվել է վիճակը. «Դե բնական է, Ռուսաստանի գնորդների մոտ կուտակված ապրանքը սպառվեց, պետք է լրացվի: Երկրորդ` մի փոքր ռուբլու կայունացում կա եւ ռուսական շուկայում գնագոյացման նկատմամբ վերաբերմունք է կայունանում: Ես հույս ունեմ, որ տարվա կեսից մենք կհասնենք գոնե 2014 թվականի ցուցանիշներին»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե 2009-ին անկումը բացատրվում էր միջազգային ճգնաժամով, հիմա էլ վիճակը կապվում է ՌԴ տնտեսությունում տեղի ունեցող զարգացումներով, բայց արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ մեր հարեւան երկրներում՝ Վրաստանում ու Ադրբեջանում այս տարի տնտեսական աճ է լինելու՝ ի տարբերություն Հայաստանի, ինչպե՞ս է ստացվում, որ վատ իրավիճակն ազդում է միայն Հայաստանի վրա, Ղազարյանը պատասխանեց. «Ինչո՞ւ մենակ Ռուսաստանում, Վրաստանում գործերը լավ չեն, Ադրբեջանում լավ չեն, Եվրոպայում նույնպես: Ես ինքս Վրաստանում գործնական կապեր եւ շահեր ունեցող անձնավորություն եմ, ես Վրաստանի տնտեսությունում նույն հիվանդագին պրոցեսն եմ տեսնում, նույն պրոբլեմները, ինչ որ Հայաստանում կա: Ես այնտեղ դեռ չեմ տեսնում հեռանկարներ: Միջազգային կառույցները կանխատեսում են, որովհետեւ երեւի Վրաստանի տնտեսության համար լուրջ ֆինանսական հոսքեր են նախատեսվում միջազգային կառույցներից: Վրաստանի տնտեսությունն ունի բարձիկներ, որոնց վրա հենված է: Մենք այդպիսի բարձիկներ, վարկավորում չունենք»:
Կարդացեք նաև
Արսեն Ղազարյանը նկատեց, որ չպետք է համեմատվել Ադրբեջանի եւ Վրաստանի հետ. Հայաստանի եկամուտները, ի տարբերություն Ադրբեջանի, նավթային չեն, իսկ Վրաստանը հոյակապ տրանզիտային հնարավորությունից է օգտվում. «Մերը զուտ ներդրումների, ստվերային տնտեսության հաշվին է, մերը զուտ սեփական աշխատանքով ձեռք բերված եկամուտ է»:
Հարցին` նավթի գինն էլ անկում է ապրել, պարոն Ղազարյանն ասաց` «Հարցը ուղղեք միջազգային կառույցներին՝ ինչո՞ւ մեր կառավարությանը ավելի քիչ բյուջետային ու ենթակառուցվածքային վարկեր են տալիս: Աշխարհաքաղաքական շահեր կան»: Լրագրողների այն հարցին էլ` գուցե խնդիրն այն է, որ Հայաստանն այլ ուղի է ընտրել, գուցե դա՞ է խոչընդոտում, Ղազարյանն ասաց. «Ուղին միշտ դժվար է եւ մաքառվող է: Խաչը ուսիդ պետք է փորձես բարձրանալ քո Գողգոթան, եւ հետո քեզ կճանաչեն: Երկար է ճանապարհը»:
Արսեն Ղազարյանն ասաց, որ մայիս ամսին նախատեսում են մեծ ներդրումային ֆորում կազմակերպել Հայաստանում, որպեսզի փորձեն եւ տեղացիներին, եւ աշխարհին ապացուցել, որ ներդրումներ է պետք անել: Դիտարկմանը, որ շատերի գնահատականով Հայաստանի տնտեսությունը մոնոպոլիզացված է, ի՞նչ ներդրումներ պետք է արվեն, Ղազարյանն ասաց. «Անգլերեն լավ խոսք կա՝ «no comment»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ