Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կիրառական ծրագրավորման մրցույթ դպրոցականների համար

Ապրիլ 16,2015 16:31

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը նախաձեռնել են Digicode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթ: Digicode մրցույթի նպատակն է դպրոցականների շրջանում խթանել կոդավորման նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել ալգորիթմական մտածողությունը և ստեղծագործականությունը, ինչպես նաև  բացահայտել տաղանդավոր պատանիներին։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը նշեց. «Աշխարհի թվային հեղաշրջումը մրցակցային նոր մարտահրավերներ է նետում, որտեղ կոդավորումը դառնում է օտար լեզվի իմացության պես անհրաժեշտ: Մենք իրավունք չունենք մեր երեխաներին զրկել այդ հնարավորությունից՝ սկսած դպրոցական տարիքից: Հույս ունենք, որ Հայաստանի և սփյուռքի կրթական հաստատություններն ակտիվորեն կներգրավվեն և ցույց կտան, որ մեր պատանիներն ու աղջիկները շարժվում են արդի համաշխարհային միտումներին համընթաց»:

«Չափազանց կարևոր ենք համարում դպրոցական տարիքից երեխաներին տեխնոլոգիական զարգացմանը հաղորդակից դարձնելը: Ծրագրավորման լեզուների ուսանումը նաև մեծ դեր կխաղա՝ դեպի արագ զարգացող տեխնոլոգիական ոլորտ պատանիներին ուղղորդելու առումով», – ասաց «Քրոնիմետ»  բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Դիանա Ավդալյանը։

Digicode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի ղեկավար Շուշան Գրիգորյանը նշեց. «2013 թ. մեկնարկած «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագրում ներգրավված ավելի քան 800 աշակերտ, ինչպես նաև  «Թումո»  ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և «Այբ»  դպրոցի սաները արդեն կիրառում են Scratch (Աղվես),  K-Turtle(Կրիա) ծրագրերը, որոնք կարճ ժամանակում հասցրեցին  սիրվել նրանց կողմից, ինչն էլ մեզ համար  առիթ հանդիսացավ մեկնարկել նոր մրցույթ` հենց  Scratch (Աղվես) սիրահարների համար: Scratch և K-Turtle ծրագիրը Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) կողմից մշակված ծրագրավորման միջավայրեր են, որոնցում հեշտությամբ կարող են աշխատել աշակերտները, ուսանողները, ուսուցիչներն ու ծնողները: Աղվես և Կրիա ծրագիրը նշված ծրագրի հայաֆիկացված և նոր մոդուլներով համալրված տարբերակներն են: Մրցույթի նպատակներից է նաև բացահայտել շահագրգիռ դպրոցների և անհատների, ովքեր մոտ ապագայում կհամալրեն ռոբոտաշինության խմբակների շարքերը»:

Նշենք, որ մրցույթին կարող են մասնակցել ինչպես դպրոցահասակ երեխաները, այնպես էլ ոչ դպրոցականներ, ովքեր ցանկություն ունեն ղեկավարելու այս խմբակները:

Խմբակավարներն ու աշակերտները կմրցեն տարբեր անվանակարգերում: Մրցույթի հաղթողներին սպասվում են դրամական պարգևներ, դասընթացներ, ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ և ՏՏ ընկերությունում պրակտիկայի հնարավորություն:

Մրցույթի պայմաններին ծանոթանալու համար սեղմեք այստեղ :

 

Շուշանիկ Ներսեսյան

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության

Հանրային կապերի պատասխանատու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930