«Կենտրոն մաքրություն» արդեն լուծարված ընկերության նախկին աշխատակիցներն այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անում. նախկին աշխատակիցները` 100-ից ավելի, ընկերության լուծարվելուց հետո չեն ստացել աշխատավարձի վերջնահաշվարկը: Լուծարված ընկերությունից բողոքի ակցիայի մասնակիցների ստանալիքը քիչ գումար չէ, մեկին` 1 միլիոն դրամ, մյուսին` 400 հազար դրամ, 3-րդին` 500 հազար դրամ, ու այսպես մի քանի հարյուր մարդ, չի կարողանում ստանալ իր վաստակած գումարը:
Ցուցարարներից մեկն Aravot.am-ին պատմեց, որ իրենց սպառնում են ինչ-որ թուղթ ստորագրել. «Ասում ենք ստորագրեք, հետո կստանաք: Ասում են` փողերը մեր մոտ ա, բայց կալանքի տակ է, ստորագրեք, որ կալանքի տակից հանենք`տանք փողերը: Մենք հիմնարկ չունենք, ղեկավարությունը դատի տակ ա, դատ էլ չի եղել: Հիմա էդ հիմնարկով զբաղվում է լուծարման հանձնաժողովի նախագահը»:
Բողոքի ակցիայի մասնակիցների ներկայացմամբ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմում են գրել, պատասխան են ստացել, ու դրանով ներկայացել լուծարման հանձնաժողովին, բայց էլի խնդիրը չի լուծվում:
Մանրամասն` տեսանյութում
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Կենտրոն վարչական շրջանում աղբահանություն իրականացնող «Սանիտեկ» ընկերությունը, երբ մտավ շուկա եւ ստանձնեց այդ աշխատանքները, 100-ից ավելի հավաքարարների եւ վարորդների կրճատեց:
Հիշեցնենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանին պատկանող «Կենտրոն մաքրություն» փակ բաժնետիրական ընկերությունում կեղծ հավաքարարների անվան տակ գումար է հափշտակվել, այն կազմում է 300 միլիոն դրամ։ Այս ընկերությունը մոտ 5 տարի` 2008-2015 թվականները աշխատավարձեր է դուրս գրել ու հափշտակել շուրջ 115 հավաքարարի անվան տակ։ 5 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնց թվում է նաեւ ՓԲԸ-ի տնօրենը եւ գտնվում է կալանքի տակ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ