Տեղեկացրել ենք, որ երեկ՝ ապրիլի 15-ին, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ հայ ժողովրդի վերածննդի գաղափարի ներքո արդեն 7-րդ անգամ անցկացվող «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացումը:
Տեղեկացնենք նաև, որ մրցույթ-փառատոնին մասնակցության հայտեր են ներկայացրել շուրջ 2800 երաժիշտ-կատարողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի 36 երկրներից (ԱՄՆ, Անգլիա, Գերմանիա, Եգիպտոս, Իրան, Իտալիա, Ղազախստան, Մոլդովա, Ռուսաստան, Սիրիա, Սերբիա, Վրաստան, Ուկրաինա, Ֆրանսիա և այլն):
«Վերածնունդ» մրցույթ-փառատոնի շրջանակներում անցկացվող երաժշտական մրցույթները կշարունակվեն մինչև մայիսի 20-ը: Դրանք անցկացվում են Գյումրու մշակութային և ուսումնական հաստատություններում՝ 14 անվանակարգերով (դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ժողովրդական գործիքներ, կամերային անսամբլ, կոնցերտմայստերական վարպետություն, ակադեմիական երգեցողություն, երգչախումբ, երաժշտական թատրոն, էստրադային երգեցողություն, հեղինակային երգ, էստրադային-ջազային անսամբլ, կոմպոզիցիա, ազգային երգեցողություն):
Մասնակիցները հանդես են գալիս հինգ տարիքային խմբերում:
«Վերածնունդ» մրցույթ-փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված են արվեստի 85 ճանաչված գործիչներ աշխարհի 20 երկրներից: Նրանց թվում են ջութակահար Եկատերինա Շոտտը (Գերմանիա), ՀՀ ժողովրդական արտիստուհի Մեդեա Աբրահամյանը, Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջի պրոֆեսոր Յուրի Ժիսլինը, վիրտուոզ կիթառահար Մարկո Մինան (Իտալիա), Աբայի անվան օպերայի և բալետի մեներգիչ Շահիմարդան Աբիլովը, անվանի կլարնետահար Ջուլիան Միլկիսը (ԱՄՆ), դաշնակահար Եվգենի Բրախմանը (ՌԴ) և ուրիշներ:
Մրցութային առաջին օրվանից ժյուրին, կարծես թե, գոհ էր:
«Ակադեմիական երգեցողություն» անվանակարգի ժյուրիի անդամ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գայանե Գեղամյանի գնահատմամբ՝ երեխաները լավ պատրաստված են. «Սա փոքրերի խումբն է (8-10 տարեկան երեխաներ), որում ընդգրկված են 74 հոգի: Հուսով եմ, որ ընթացքը գնալով ավելի կլավանա՝ նկատի առնելով, որ երեխաների տարիքային աճն իր հետ կբերի նաև նրանց պատրաստվածության, պրոֆեսիոնալիզմի աճ, և մենք մեծ բավականություն կստանանք, ինչպես ամեն տարի ստանում ենք այս երեխաների ելույթներից»,- ասաց Գ. Գեղամյանը՝ ընդգծելով, որ իր համար առանձնապես հաճելի է, որ բոլոր ազգերի ներկայացուցիչները պարտադիր պետք է Կոմիտաս կատարեն:
Իսկ ահա նույն անվանակարգի ժյուրիի մեկ այլ անդամ, Ղազախստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Շահիմարդան Աբիլովը ոչ միայն երեխաների երգեցողությամբ է հիացած, այլև ընդհանրապես մեր երկրով. «Ես երկրորդ անգամ եմ այստեղ (ինչպես և ժյուրիի կազմում), ու ինձ համար շատ հաճելի է տեսնելը, որ Գյումրին գնալով դառնում է այսպես ասած՝ երաժշտության միջազգային կենտրոն:
Առհասարակ, Հայաստանն ինձ համար հետաքրքիր ու սիրելի երկիր է, որը տաղանդավոր զավակներ շատ ունի՝ Կոմիտաս, Խաչատրյան, Գոհար Գասպարյան… բոլորին չես թվի: Այստեղ տաղանդավոր երեխաներն էլ են շատ: Ճիշտ է՝ նրանք դեռ փոքր են, բայց համոզված եմ, որ նրանցից շատերը հետագայում լավ երգիչներ կդառնան ու դեռ կհիշեն, որ այս փառատոնից են իրենք սկսել: Գիտե՞ք՝ երբ հոգևոր ճաշակ կա, և´ երջանկություն կա, և´ խաղաղություն, և´ մեծահոգություն, և´ կյանքն է հիասքանչ: Ես հիշում եմ, որ նախորդ տարի բերանս բաց էի լսում այդ երեխաներին ու մտածում էի՝ Աստվա´ծ իմ, ողջ աշխարհի ձայները Հայաստանում են գտնվում»,- ասաց Շահիմարդան Աբիլովը:
Նշենք, որ 41 ենթաանվանակարգերում, հինգ տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դափնեկրի կոչմանը կարժանանան շուրջ 690 մասնակիցներ, իսկ 14 անվանակարգերում բացարձակ հաղթողները կարժանանան «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի բարձրագույն պարգևին՝ Մեծ մրցանակին: Մյուսները կստանան տարբեր խրախուսական դիպլոմներ, այդ թվում՝ «Հայ կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարող», «Մասնագիտական հանձնաժողովի խրախուսական», «Բեմական հմայք», «Ազգային երգի լավագույն կատարող» և այլն:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ