Այսօր կառավարության դիմաց «Հայկական ավիաուղիների» հաշմանդամ օդաչուները նորից բողոքի ակցիա էին անում. նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից իր տված տղամարդավարի խոստումը կատարել:
Aravot.am-ի հետ զրույցում հաշմանդամ օդաչուներից մեկը պատմեց, որ տարիներ առաջ դատարանի որոշմամբ կառավարությունը պիտի նրանց փոխհատուցում վճարի` նպաստ տա, որոշ ժամանակ նպաստները ստանալուց հետո, այն դադարեցվել է: Այս նպաստները սահմանվել է որպես փոխհատուցում աշխատանքի ընթացքում ձեռք բերված առողջական խնդիրների դիմաց: Ակցիայի մասնակիցներից մեկի պատմելով` «Մինչեւ հիմա ոչինչ չենք ստանում, տարբեր տեսակի անհեթեթ պատճառաբանություններ են բերում: Ասում են սնանկ է հայտարարվել «Հայկական ավիաուղիները, եթե սնանկ է, ուրեմն պետք է պետությունը վճարի: Վարչապետը մի քանի ամիս առաջ խոսք տվել մեզ, որ մինչեւ մարտ ամիսը կլուծի այս խնդիրը, բայց ոչինչ էլ չի արել: Ասում են Սեւանում հողատարածք կա, որը վաճառելուն պես մեր վճարումները կանեն, չնայած, դա էլ մի կտոր բան է, վաճառեն էլ մի մասի գումարը կտան, բայց դա էլ միտումնավոր չեն վաճառում: Մեկ տարվա մեջ մի փոքր հողակտոր չեն կարում վաճառեն»:
Բողոքի ակցիայի մասնակիցներն ասացին, որ հաշմանդամ 80 օդաչու է եղել, բայց տարեցտարի նրանց թիվը պակասում է, մահանում են. հիմա մոտ 60 օդաչու է մնացել:
«Հայկական ավիաուղիների» նախկին օդաչուները, որոնք հաշմանդամ են դարձել մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ, դատարանի որոշմամբ պետք է նպաստ ստանան, սակայն, ինչպես նրանք են պատմում, 2006 թվականից այս կողմ նրանց հասանելիք գումարները չեն տրվում:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ