Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխոստիկանապետը զանգվածային անկարգությո՞ւն է նախապատրաստում. «Հակագազ չունեմ, յոդ կա»

Ապրիլ 16,2015 15:14

«2015-ի առաջին եռամսյակի դրությամբ՝ գրանցված հանցագործությունները անցյալ տարվա համեմատ նվազել են 13.8 տոկոսով: Նախորդ տարվա հետ համեմատած՝ 95-ով նվազել է ծանր հանցագործությունների թիվը, աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Ըստ նրա՝ նվազել են բնակարանային գողությունների թվերը, աճ է արձանագրվել սպանության դեպքերով:

Հարցին՝ ինչո՞ւ էր Երևանի քաղաքապետարանն արտոնել Հիմնադիր խորհրդարանի՝ ապրիլի 24-ի միջոցառումը, այն դեպքում, երբ նրանց նկատմամբ քրեական գործ էր հարուցվել և արդյոք, եթե իրենց տունն էլ հետախուզեին, սոդա, յոդ, հակագազ չէի՞ն գտնի, ինչի հիման վրա ՀԽ անդամների նկատմամբ քրեական գործ էին հարուցել, ուստի դա նշանակում է, որ փոխոստիկանապետը զանգվածային անկարգությա՞ն է նախապատրաստվում, պարոն Պողոսյանն արձագանքեց. «Հակագազ չունեմ, յոդ կա, սոդան տնային տնտեսուհուն պետք է հարցնել: Եթե ես դառնամ որևէ քրեական գործի սուբյեկտ, խնդրեմ, թող խուզարկեն: Հարցը պետք է ուղղել քննչական կոմիտեին: Հիմնադիր խորհրդարանի հետ կապված ոստիկանությունը ընդամենը այդ օրը կատարել է օրենսդրությամբ իրենց վերապահված գործողությունները: Քրեական գործի հարուցումը ոստիկանությունը չի կատարել»:

Մարդու իրավունքների պաշտպանի՝ ոստիկանության հասցեին քննադատական զեկույցին ի պատասխան՝ պարոն Հունանյանն ասաց. «Կարևորում ենք իրենց աշխատանքը և ցանկացած՝ իրենց կողմից հնչեցրած քննադատություն մենք արձագանքում ենք: Փաստաթղթին ծանոթ ենք և այն մեզ համար կարևոր նշանակություն ունի: Այն գնահատում ենք որպես հասարակության մտահոգություններն արտահայտող աշխատանքային փաստաթուղթ»:

Քաղաքացիական ակտիվիստներ Վիլեն Գաբրիելյանի և Գևորգ Սաֆարյանի գործերի հետ կապված որևէ նորություն չկարողացավ տալ Հունան Պողոսյանը. «Ցանկացած միջադեպ իսկույն քաղաքականացվում է: Այդ մեղադրանքներին մենք արձագանքել ենք, այսօր հարկ չեմ համարում»:

Դառնալով Գյումրիում «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Արամ Հակոբյանի տան խուզարկությանը, որ մեծ թվով ոստիկանների մասնակցությամբ է տեղի ունեցել ու շատ հնարավոր է, որ նռնակը հենց նրանց կողմից է տեղադրվել Արամ Հակոբյանի տանը, պարոն Պողոսյանը նշեց. «Դա երևակայության արդյունք է, երևի քառասունականներն է հիշում: Նույն հարցով կարող եք դիմել քննչական կոմիտե: Ոստիկանությունն իր գործառույթներից ավելի ոչինչ չի արել, մեծ թվով ոստիկաններ չեն եղել: Ցանկացած բողոք թող ներկայացնեն նախաքննական մարմնին, մնացածը երևակայության արդյունք է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930