Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գյումրու դեմքը փոխվում է այս օրերին». Հասմիկ Պողոսյան

Ապրիլ 16,2015 14:41

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ ապրիլի 15-ին, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Վերածնունդ» միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացումը:

Բացման արարողությանը ներկա էին նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Վերածնունդ» փառատոնի Հոգաբարձուների խորհրդի համանախագահ, Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և ուրիշներ:

«Փառատոնից իմ գոհ լինելն այնքան կարևոր չէ, որքան ժողովրդի, գյումրեցիների գոհ լինելը: Կարծում եմ, որ գյումրեցիները գոհ են»,- նախքան փառատոնի բացումը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լևոն Սարգսյանը:

Veracnund_4

Հարցին՝ արդյոք ավելի ճիշտ չէ՞ր լինի փառատոնի անցկացման համար հատկացվող գումարները ծառայեցնել Գյումրու՝ բավականին վատ վիճակում գտնվող մշակութային օջախները ոտքի կանգնեցնելուն, Լ. Սարգսյանը պատասխանեց. «Ո´չ, չեմ կարծում, որ ավելի լավ կլիներ, պետք է հարցը ճիշտ տեղ ուղղել. մշակութային օբյեկտների վատ վիճակների մասին պետք է տեղական իշխանություններին հարցնել: Մենք մեր հնարավորությունների սահմաններում ենք անում, չնայած քաղաքապետը խոստացել է, որ եկող տարի նոր կենտրոն կլինի, որտեղ և կանցկացվի փառատոնը: Սա ոչ միայն գյումրեցիների համար է, այլև ողջ Հայաստանի»:

«Քաղաքն այս փառատոնի շնորհիվ բավականին ճանաչելի է դառնում,- հավելեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը.- յոթ տարի առաջ, երբ այս փառատոնը նոր էր, ընդամենը չորս հարյուր մասնակից կար, իսկ այժմ նրանց թիվը հասնում է արդեն երեք հազարի: Սա շատ մեծ առաջընթաց է մեր քաղաքի համար: Հուսով եմ, որ տարեցտարի ավելի է աճելու: Քաղաքապետարանն իր հնարավորության սահմաններում փորձում է օգնել: Հաջորդ տարի կունենանք իմ խոստացած փառատոնային կենտրոնը: Այն կբացենք Ալեքսանդրապոլի ամրոցի մոտ և եկող տարի փառատոնն արդեն այնտեղ կանցկացնենք: Այդ դահլիճում ավելի շատ հանդիսատես կտեղավորենք»:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի բնորոշմամբ՝ այս փառատոնը դարձել է Գյումրու մշակութային հասցեն: «Մարդիկ այստեղ միայն մրցելու համար չեն գալիս. նրանք գալիս են նաև իրենց բարեկամ երկիր, որտեղ կարող են շփվել և նոր բարեկամներ ձեռք բերել: Գյումրու դեմքը փոխվում է այս օրերին: Կարծում եմ, որ այս փառատոնը մեր անկախության տարիների լավագույն ձեռքբերումներից է: «Վերածնունդ» անվանումն ինքնին մեծ ձեռքբերում է, քանի որ հատկապես 100-րդ տարելիցի համատեքստում այս բառն իսկապես այլ իմաստ է ձեռք բերում. 100 տարի անց վերածնված ժողովուրդ, և այդ վերածնված ժողովրդին առավել շոշափում ենք գյումրեցի երեխաների տաղանդի մեջ»,- ասաց Հ. Պողոսյանը և հավելեց, որ փառատոնի անցկացման համար լուրջ ծախսեր են հարկավոր, ու եթե չլինի այն անհատների միավորումը, որոնք միշտ ներկա են այս փառատոնին, այն տեղի չի ունենա. «Մենք չունենք որևէ ծրագիր, որը «դրսից» այսքան մասնակից է բերում Հայաստան, և այստեղ նստածներն իրենց հնարավորությունների չափով, տարբեր ձևաչափերով աջակցում են փառատոնի անցկացմանը: Այստեղ ամենաքիչը պետության դերակատարությունն է»,- ընդգծեց Հ. Պողոսյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930